Skip to main content

Արևելյան մուտքով դամբարան- մասունքարանը

2013 թվականի պեղումների ժամանակ վաղքրիստոնեական հրապարակի նորաբաց փոքր եկեղեցու արտաքուստ շեշտված աբսիդի արևելյան ծայրում բացվել է 4 խոշոր քարե բլոկներով պարփակված մի ուղղանկյուն տարածք, ուր մշակութային շերտը խորանում էր բնահողի մեջ: Ուղղանկյանը հավասար դրված հորատի (1,95×1,50 մետր) պեղումների արդյունքում, բակի մակարդակից 1,40 մետր խորության վրա, բացվեց սալահատակ՝ կազմված երեք սրբատաշ քարերից: 2014 թվականի պեղումները դեպի արևմուտք բացեցին կառույցի հարավային և հյուսիսային պատերի հատվածները՝ շարված կրաքարե սրբատաշ բլոկներով, գլանաձև թաղի առանձին մասերը՝ նույնպես սրբատաշ քարերով: Հյուսիսային և հարավային պատերում բացվեցին նույնպես սրբատաշ բլոկներով իրականացված մեկական խորշեր: Ակնհայտ էր, որ գործ ունենք եկեղեցու աբսիդին ներկառուցված դամբարանի հետ (նկ. 1):

Նկ․ 1 Տիգրանակերտի դամբարանմասունքարանի ընդհանուր տեսքը վերևից, օդանկար:

Ողջ կառույցն իրականացված է խոշոր սրբատաշ քարերով, ունի արևմուտք-արևելք հստակ կողմնորոշում, գլանաձև թաղ, միակ արևելյան մուտք: Հարավային և հյուսիսային պատերի մեջ ներկառուցված են ուղղանկյուն-զուգահեռանիստ ծավալով, արևելյան մասերում թեթևակի կլորացող խոռոչ-պատրհաններ, որոնք ամենայն հավանականությամբ նախատեսված են եղել սրբերի մասունքների համար: Դամբարանն արտաքինից ունեցել է երկթեք սվաղապատ ծածկ-տանիք, որի վերին վերականգնվող ծայրակետը փոքր-ինչ բարձրացել է եկեղեցու հատակի մակերեսից և դրսից ներառվել է բեմատակի ծավալի մեջ (նկ. 2): Երկրորդ կարևոր մանրամասն աբսիդի հարավային պատի՝ թաղին համապատասխանող մասի իրականացումն էր երկրորդական օգտագործման կոպտատաշ և սրբատաշ խոշոր բլոկներով՝ այսինքն թաղը ներառվել է յուրօրինակ պաշտպանիչ պատյանի մեջ (նկ.  3): Սա կարևոր կռվան է՝ պնդելու, որ եկեղեցին կառուցվել է դամբարանի հետ միաժամանակ և դամբարանի վրա:

Նկ․ 2 Տիգրանակերտի դամբարան-մասունքարանի ընդհանուր տեսքն արևելքից:
Նկ․ 3 Տիգրանակերտի դամբարան-մասունքարանի ընդհանուր տեսքը հյուսիսից:

Չնայած կրած ավերածություններին, դամբարանի քարերի մեծամասնությունը հայտնաբերվել է, և նրա վերականգնումը որևէ խնդիր չի հարուցում (նկ. 4, 5): Կարելի է փաստել, որ այն Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է: Եվ նրա ամենահիմնական առանձնահատկությունը միակ արևելյան մուտքն է:  

Նկ․ 4 Տիգրանակերտի դամբարան-մասունքարանի հատակագիծը:
Նկ․ 5 Տիգրանակերտի դամբարան-մասունքարանի հատակագիծն ու կտրվածքները:

Դամբարանն ավերվել է 9-րդ դարի վերջերին՝ վաղքրիստոնեական հրապարակի կործանման ժամանակ, սակայն ավերակ վիճակում էլ շինությունը դարեր շարունակ եղել է հետաքրքրասերների և գանձախույզների փորփրումների առարկան, որի հետևանքով նախնական հատակը չի պահպանվել: Այսու՝ դիաթաղման հարցը մնում է առկախ:

Տիգրանակերտի դամբարանում միակ մուտքի արևելյան տեղադրությունը խիստ արտառոց է վաղքրիստոնեական դամբարանային և ավելի լայն՝ ընդհանրապես պաշտամունքային կառույցների համար: Քրիստոնեության փրկագործական հեռանկարի անմիջական կապն արևելքի հետ, որտեղից սպասվում է Քրիստոսի երկրորդ գալուստը, պայմանավորում էր ինչպես հավատացյալի ծիսական շարժումն արևմուտքից դեպի արևելք, այնպես էլ սրբազան տարածքի, այդ թվում և սրբազան կառույցների կողմնորոշումը արևմուտքից դեպի արևելք (արևմուտք-արևելք ուղղվածություն և ձգվածություն, գլխավոր մուտքի տեղադրում արևմուտքում, արևելյան մուտքի բացառում, աբսիդ-բեմի տեղադրում արևելքում և այլն): Նույնիսկ մեր դամբարանում, որն ունի միակ արևելյան մուտք, դեպի արևելք «շարժումը» փաստվում է նիշաների կառուցվածքով, որոնց արևելյան մասերին տրվել է կլորացող լուծում: Տիգրանակերտի դամբարանի այս յուրահատկության պարզաբանման խնդիրը հիմք հանդիսացավ պեղումներ նախաձեռնել Արցախի ամենահայտնի վաղքրիստոնեական դամբարանային կառույցում՝ Ամարասի սուրբ Գրիգորիսի դամբարան-մատուռում, որոնք երևան բերեցին մատուռ-դամբարանի արևելյան շքամուտքը, շքամուտքի առջևի բացօթյա սալահատակը և դեպի դամբարանը իջնող վեց աստիճաններից բաղկացած մուտքը (նկ. 6):

Տիգրանակերտի և Ամարասի դամբարան-մատուռների շարքին կարելի է դասել և Արցախի մեկ այլ՝ Սուրբ Ստեփանոսի երկհարկ մատուռ-դամբարանը (պատմական Վաճառ բնակավայրում), որը նույնպես ունի միակ արևելյան մուտք (նկ. 7): Վաճառի դեպքում մենք արդեն գործ ունենք երկհարկ կառույցի հետ. ընդ-որում երկրորդ հարկը առկա տվյալներով եղել է ռոտոնդայի տիպի՝ այսինքն որոշակիորեն բաց: Նման բազմազանությունը հիմք է տալիս ենթադրել, որ ճարտարապետներն ու շինարարները ըստ էության փորձում էին գտնել թաղման կառույցի և ծիսական տարածքի փոխհարաբերության ավելի հարմար ձևեր, ինչը նաև կարող է նման կառույցների ժամանակագրության մասին խոսել՝ Տիգրանակերտ, Ամարաս, ապա Վաճառ: Գրիգորիսի մատուռի թվագրությունը 5-րդ դարի վերջերով, թվում է, որևէ կասկած չի հարուցում: Որոշակիրեն հստակեցված պատմական կոնտեքստից զատ այդ մասին կարող են վկայել նաև քանդակները: Տիգրանակերտի դամբարանը նախորդել է փոքր եկեղեցուն, որն էլ նախորդել է մեծ եկեղեցուն: Մենք ստացել ենք նաև փոքր եկեղեցուն արևմուտքից կից տապանաբակի երկու թաղումների ոսկորների կարբոնային անալիզի տվյալները. սարկոֆագ՝ 420-565 թվականներ, սալարկղ՝ 566-655 թվականներ, ընդ-որում պիտի նկատի ունենալ, որ թաղումները կատարվել են, երբ եկեղեցին արդեն կառուցված էր՝ քանի որ դրանք անմիջապես հպվել են նրա արևմտյան պատին: Հատկապես կարևոր է առաջին անալիզի տվյալները, ըստ որոնց առաջին սարկոֆագում թաղումը կատարվել է 420 թվականից հետո, բայց ոչ ուշ քան 565 թվականը: Այնպես որ Տիգրանակերտի դամբարանի կառուցումը 5-րդ դարի երկրորդ կեսում և ամենաուշը 6-րդ դարի սկզբներին՝ նկատի ունենալով նաև երկու եկեղեցիների ծավալա-տարածական, շինարարական ու մեծ բազիլիկի քանդակային հորինվածքները, կասկած չի հարուցում: Սրան կարելի է հավելել և մեծ բազիլիկում գտնված կավե սկավառակի արձանագրությունը (տե՛ս «Հայերեն արձանագրություններով սկավառակը» բաժինը):

Առայժմ կարելի է խոսել երեք դամբարանների մասին, որոնց ծավալային լուծման առանձնահատուկ կողմը դրանց արևելյան մուտքն է: Վաղքրիստոնեական Արևելքում արևելյան մուտքով դամբարաններ հայտնի չեն: Նման ծավալա-տարածական լուծում չեն երևան բերում նաև Հայաստանի այլ վայրերից հայտնի դամբարանները (Աղցք, Հռիփսիմե, Գայանե, Թալին, Օշական, Նախճավան ևն): Միակ դամբարանը, որն ունի արևելյան մուտք՝ Տիրոջ գերեզմանն է Երուսաղեմում: Մեր նախնական վարկածն այս առումով այն է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք կոնկրետ կրոնական մի բարեփոխման (ռեֆորմի) հետ, որը փորձել է վարչա-քաղաքական նպատակներով առանձնահատուկ՝ Հայ եկեղեցուց առանձնացող ծագում վերագրել Աղվանից եկեղեցուն, որի կազմի մեջ էին մտնում նաև հայաբնակ Արցախն ու Ուտիքը: Այս առումով արտակարգ հետաքրքրություն է ներկայացնում Աղվանից արքա Վաչագան Բարեպաշտի կողմից հինգերորդ դարի վերջին քառորդում կամ վեցերորդ դարի սկզբում իրականացված եկեղեցական բարեփոխումը, որը փորձում էր Աղվանից եկեղեցու ծագումը բխեցնել Երուսաղեմից: Ավելի քան հավանական է, որ Արցախի դամբարան-մասունքարանները փորձել են նմանակել Տիրոջ գերեզմանի կողմնորոշումն ու արևելյան մուտքը:

Նկ․ 6 Ամարասի սուրբ Գրիգորիսի մասունքարանի արևելյան մուտքը։
Նկ․ 7 Սբ. Ստեփանոսի մասունքարանը: