Skip to main content

Ադրբեջանական մեդիան Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակը ներկայացնում է որպես Փանահի կողմից կառուցված

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի Տիգրանակերտ հնավայրն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: 2022 թվականի հունվարին ադրբեջանական կողմը հատուկ զբոսաշրջային փաթեթ է մշակել, որի ուղղություններից մեկն էլ 18-րդ դարի կեսերին Արցախի Տիգրանակերտի տեղում Փանահի կողմից կառուցված Շահբուլաղի  ամրոցն է: Այցելություններն ուղեկցվում էին նկարահանումներով, Փանահի «քաղաքական հեռատեսության» պրոպագանդայով: Շահբուլաղի ամրոցը Շուշիից զատ ներկայացվում է որպես Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ինքնության, ներկայության, պետական պատմության կարևոր խորհրդանիշ, որտեղ առանցքային միտքն այն է, որ Ղարաբաղի խանության հիմնադիր Փանահ խանը որպես իր առաջին նստոց դարձրել էր հենց այս ամրոցը: Այս տիրույթում Ղարաբաղի խանությունը ներկայացվում է որպես ադրբեջանական պետականության դրսևորումներից մեկը: Նմանատիպ տեսանյութերում, հաղորդաշարերում մշտապես շեշտվում էր այն միտքը, որ հայերը անօրինական պեղումներ են կատարել այդ տարածքում՝ փորձելով հայկականացնել տարածքների պատմությունը և մշակութային ժառանգությունը:

Վերջերս մեր ուշադրությունը գրավեց նման մի տեսանյութ, որը նկարահանվել էր AZTV Media հեռուստաալիքի կողմից https://www.youtube.com/watch?v=fHgECjLldRA: Այն մնացյալ բոլոր նմանատիպ տեսանյութերից տարբերվում է նրանով, որ առաջին անգամ մանրամասն նկարահանումներ էին կատարվել Տիգրանակերտ քաղաքի մ. թ. 5-6-րդ դարերով թվագրվող Վաղքրիստոնեական հրապարակում, որը երկարատև պեղումների ընթացքում բացվել և հետազոտվել է Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից (մանրամասն տե՛ս (3) Politics, Ideology and Landscape: Early Christian Tigranakert in Artsakh | Hamlet L. Petrosyan – Academia.edu): Մեզ հետաքրքրող հատվածը սկսվում է 11-րդ րոպեից: Նկատենք, որ նախկինում ադրբեջանական կողմը մեդիադաշտում գրեթե լռում էր հնավայրի մասին և շատ սահմանափակ տեղեկություններ տալիս: Իսկ այստեղ ավելի քան տասը րոպե ցուցադրվում է հնավայրը: Իհարկե, տեսանյութում խոսող ադրբեջանցիները գրեթե ոչ մի բացատրություն չեն տալիս Տիգրանակերտի արշավախմբի կողմից բացված կառույցների իրական կերպարի ու ժամանակի մասին, այլ այդ ավերակները ներկայացնում են որպես Փանահի կառուցած շինություններ, որոնք հայերն հմտորեն օգտագործել են զբոսաշրջության նպատակով: Ընդ որում, վաղքրիստոնեական եկեղեցու բեմի տակի մասունքարան-դամբարանը ներկայացվում է որպես զնդան, բանտ: Մեկնաբանությունների մեջ և ոչ մի նորություն, սակայն առավել կարևորն այն է, որ մենք մանրամասն տեսանկարահանված ենք տեսնում հնավայրի հատվածներից մեկը:

Դատելով տեսանյութից՝ կարող ենք փաստել, որ Տիգրանակերտի արշավախմբի կողմից պեղված կառույցները կանգուն են, չեն քանդվել կամ վերափոխվել: Տիգրանակերտի Վաղքրիստոնեական հրապարակը 2020 թվականից այս կողմ անտերության մատնվելով՝ ծածկվել է առատ բուսականությամբ, մոլախոտերով. դրանք առատ աճում են պեղված շինությունների պատերին, հատակներին՝ ամենուրեք և դրանով վտանգում դրանք: Ցավոք, մենք առ այսօր ի մոտո չունենք տեսանյութեր, որտեղ երևա նաև անտիկ թաղամասի պատկերը: Կանգուն են և անվնաս միջնաբերդի պեղումների ժամանակ բացված պարիսպները, որոնց տարբեր հատվածներ ևս ծածկված են բուսականությամբ: