ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը ստեղծվել է 2004 թվականին: Նրա հիմնական նպատակն էր Արցախի Հանրապետության կառավարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում հնագիտական հետազոտություններ իրականացնել Արցախի Հանրապետության տարածքում: 2004 թվականից սկսած արշավախումբը պեղումներ է իրականացրել Շուշիում և նրա շրջակայքում, Հանդաբերդի վանքում, Դադիվանքում, Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքում, Ամարասում, Բերդաշենում, Մարտակերտում և այլ հնավայրերում: Պեղումների արդյունքները հրապարակվել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան գիտական պարբերականներում (տե՛ս «Հրատարակություններ» բաժինը):
Արշավախումբը 2005 թվականին վավերացրել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55թթ. մ. թ. ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի հնագիտական հետքերը և 2006 թվականից մինչև 2020 թվականը ընդարձակ պեղումներ է իրականացրել նրա տարածքում:
Տիգրանակերտի հետազոտությունները նախաձեռնել և ֆինանսավորել է հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը: 2008 թվականից սկսած պեղումների ֆինանսավորումն իրականացրել է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Արշավախմբի աշխատանքները ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Լ. Պետրոսյանը:
Արշավախմբի մշտական կազմի մեջ են եղել ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը (Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան) պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Սաֆարյանը (Արցախի պետական համալսարան), պատմական գիտությունների թեկնածուներ Տատյանա Վարդանեսովան (Երևանի պետական համալսարան), Ինեսա Կարապետյանը, Արմինե Գաբրիելյանը, Նժդեհ Երանյանը, Ռուբեն Հովսեփյանը, ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ): Արշավախմբի աշխատանքներին մասնակցել են նաև պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, պատմական գիտությունների թեկնածուներր Ժորես Խաչատրյանը, Աղավնի ժամկոչյանը, Նորա Ենգիբարյանը, Ռոման Հովսեփյանը, Հասմիկ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) Ռուբեն Վարդանյանը (Հայաստանի պատմության թանգարան), Հայկ Հակոբյանը (Երևանի պետական համալսարան), Երևանի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի մի շարք ուսանողներ: Արշավախմբի աշխատանքներին կարճատև մասնակցություն են ունեցել Սորբոնի համալսարանի, Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան, Ֆլորենցիայի համալսարանի հնագետներ Սառա Չամպին և Ֆրանչեսկա Քելին, մարդաբան Պոլ Բեյլին: