Skip to main content

Ընդհանուր

Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն Արցախում երբևէ նախաձեռնած ամենաընդարձակ հնագիտական Նախագիծն էր: Այն հնարավորություն ընձեռեց Արցախ-Ուտիքը ներկայացնել ոչ թե որպես Հայաստանի մի ծայրագավառ, այլ շատ ավելի ընդարձակ քաղաքակրթական համատեքստի մի մաս, որի ռազմական, տնտեսական և մշակութային կենտրոններից մեկն էլ Տիգրանակերտն էր:

Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի հնագիտական հետքերը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը վավերացրել է 2005 թվականին: Արշավախումբը 2006-2020 թվականներին ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացրել քաղաքի տարածքում և շրջակայքում:

Հնագիտական հետազոտության արդյունքները ցուցում են քաղաքի, որպես ընդարձակ տափաստանային և գետահովտային-անտառային ռեգիոնի կազմակերպիչ: Ռազմականից բացի, անկհայտ է քաղաքի ընդգծված արհեստագործական և շրջակայքի  ոռոգովի երկրագործական-այգեգործական բնույթը: Տիգրանակերտի կիլոմետրեր ձգվող ջրանցքը տարածաշրջանի ամենաբարդ հիդրոտեխնիկական կառույցն է:

Տիգրանակերտի «ուղղանկյուն աշտարակ-զիգզագ պարիսպ-կլոր աշտարակ» ամրաշինական համակարգը հելլենիստական ամրաշինության կատարյալ, էտալոնային դրսևորում է:  Հելլենիստական սկզբի ակնհայտ գերակայությունը պայմանավորել է Տիգրանակերտի ընդարձակ քաղաքակրթական կերպարը:

Քրիստոնեական Տիգրանակերտն աչքի է ընկնում լանդշաֆտի ուշագրավ դրսևորումներով.  սրբազան դոմինանտների ստեղծում տիգրանակերտյան գոգավորությունը պսակող երկու սարերի գագաթներին, Խաչենագետի մերձափնյա ժայռում տեղադրված անտիկ թաղման կառույցի վերածում մենաստանի, քաղաքի Կենտրոնական թաղամասում վաղքրիստոնեական հրապարակի ստեղծում: