Skip to main content

Թանգարանը

Տիգրանակերտի հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունների շարքում կարևոր քայլերից էր և Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ստեղծումը հենց հուշարձանի տարածքում: ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության ֆինանսավորմամբ մեկ տարվա ընթացքում վերանորոգվել է հուշարձանի տարածքում գտնվող 18-րդ դարի ամրոցը (նկ. 1, 2), որի ներքնաբակի պարագծով ձգվող սենյակների մի մասն էլ վերանորոգվել և վեր է ածվել թանգարանային ցուցասրահների: Տիգրանակերտի թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 30-ին, բացմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, թանգարանն օծեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Արցախի և Հայաստանի տարբեր վայրերից Տիգրանակերտ էին ժամանել հազարավոր մարդիկ, այն իսկական ժողովրդական տոն էր` բեմադրություններով ու համերգներով, ժողովրդական արհեստների և արհեստագործական իրերի ցուցադրություն-վաճառքով, արցախյան համեղ խորտիկների և խմիչքների համտեսումով:

Նկ․ 1 Տիգրանակերտի հնագիտական թանգարանը:
Նկ․ 2 Թանգարանի մուտքը:

Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ցուցադրության հայեցակարգը մշակել, մանրամասն պլանը կազմել և ցուցադրությունը տեխնիկապես իրականացրել է արշավախումբը` ի դեմս նրա ղեկավար Համլետ Պետրոսյանի և ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանի: Թանգարանը կազմված է նախասրահից ու երկու ցուցասրահներից: Նախասրահում պայմաններ էին ստեղծված Տիգրանակերտին վերաբերող ֆիլմերի ցուցադրության համար, իսկ պատերի մեջ բացված խոր խորշերն օգտագործվել են Տիգրանակերտի շրջակայքից պատահաբար հայտնաբերված խեցանոթների ցուցադրության համար: 

Տիգրանակերտին նվիրված բուն ցուցադրությունը ծավալվում էր երկու հաղորդակցվող սրահներում, որոնցից առաջինը հատակագծում համարյա քառակուսի էր, իսկ երկրորդը` ավելի նեղ ու ձգված: Ցուցադրական միջոցները ներկայացված են ապակեպատ խորշերով, պահարաններով, սեղաններով, բաց պատվանդաններով, ստենդերի համար նախատեսված ոտնակավոր ուղղահայաց վահանակներով և մոտ երկու մետր բարձրությամբ անցկացված հորիզոնական ձողաշարով:

Առաջին սրահն ավելի ներածական բնույթ ունի: Այստեղ հորիզոնական ձողաշարից կախված ստենդերի միջոցով ներկայացված են քաղաքի հայտնագործման պատմությունը և Ամրացված թաղամասի պեղումները: Պատերի մեջ արված խոր խորշերում ցուցադրվում են ամենաուշագրավ ամբողջական մի քանի անտիկ և միջնադարյան անոթներ (նկ. 3), ապակեծածկ սեղանի վրա` քաղաքի անմիջական շրջապատում գտնված հնագիտական նյութեը, պահարաններում` պեղումների վերաբերյալ հրատարակությունները: 2012 թվականին այս սրահում բացվել է 2010 թվականին պեղված կարասային թաղմանը նվիրված անկյուն (նկ. 4):

Նկ․ 3 Գունազարդ տափաշիշ Անտիկ արևելյան դամբարանադաշտի պեղումներից, մ.թ.ա. 1-ին – մ.թ. 1-ին դարեր:
Նկ․ 4 Անտիկ արևելյան դամբարանադաշտի 2010 թ. պեղումների կարասային թաղումը:

Երկրորդ սրահում ցուցադրությունը իրականացվում է երեք ցուցադրական շարքերի օգնությամբ. ուղղաձիգ վահանակների վրա ամրացված ստենդերը տեքստային, գծագրական և լուսանկարչական նյութերի օգնությամբ ներկայացնում էին Տիգրանակերտի պեղումների ընթացքը (նկ. 5): Ապակյա կափարիչներով փակված ուղղանկյուն և քառակուսի սեղանների վրա ներկայացվում էր համապատասխան պեղածո նյութը` գերազանցապես խեցեղեն, ապակի, քարե և ոսկրե մանր իրեր: Նյութը խիստ հարուստ էր և բազմազան` անտիկ գունազարդ և միջնադարյան ջնարակապատ խեցեղեն, վաղքրիստոնեական քարե խաչերի և խաչային հորինվածքների, ապակյա անոթների և ապարանջանների բեկորներ, հայերեն արձանագրությամբ կավե սկավառակը (նկ. 6): Երրորդ շարքում՝  բաց սեղանների վրա, դրված էին բազիլիկ եկեղեցու խոշոր ճարտարապետական դետալները` խարիսխ, սյուն, քանդակազարդ խոյակներ, քիվի բեկորներ:

Նկ․ 5 Ցուցադրության երկրորդ սրահը:
Նկ․ 6 Վաղքրիստոնեական խաչերի և արձանագրակիր սկավառակի ցուցադրությունը:

Թանգարանը տարեկան ունենում էր մինչև երեսուն հազար այցելու: Չնայած Լեռնային Ղաաբաը միջազգայնորեն ճանաչած պետություն չէր, և շատ երկրների կառավարություններ խորհուրդ չէին տալիս իրենց քաղաքացիներին այցելել, թանգարանի այցելուների քսան տոկոսը արատասհմանցիներ և սփյուռքահայեր էին՝ որոնց մեջ շատ էին հատկապես Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի Կանադայի և Ֆրասիայի քաղաքացիները:

44-օրյա պատերազմը և Տիգրանակերտի հնագիտական թանգարանի հավաքածուների տարհանումը

44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչ մասին մի անգամ չէ, որ ահազանգել ենք: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունները և հնագիտական արշավախումբը չէին կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը: Թանգարանային հավաքածուները տարհանվել են և գտնվում են ապահով վայրում։ Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են: Արցախի քաղաքականապես չճանաչված լինելը չէր կարող  զրկել նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական ռազմավարությունը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006 թվականների Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն ավելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիաի ժամանակ և շարունակվում է ամեն օր: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով: Մենք հետայսու էլ շարունակելու ենք Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունը, հանրահռչակումն ու ադրբեջանական վանդալիզմի բացահայտումները: Ագրեսիան, ռազմական գերակայությունը, միջազգային ատյաններին ուղղված հոխորտանքներն իրավասու չեն և չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգությամբ իր ինքնությունը պահպանելու իրավունքից։