Skip to main content

Ջրանցքը

Արցախի Տիգրանակերտի ջրանցքը պատմական Հայաստանի ամենախոշոր և տեխնիկապես բարդ հիդրոտեխնիկական կառույցներից է (նկ. 1): Այն սկիզբ է առնում Խաչենագետից (նկ. 2)՝ բուն քաղաքից մոտ 3,3 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Նկ․ 1 Ջրանցքի մոտավոր հետագիծը:
Նկ․ 2 Ջրառի սկիզբը:

Անցնում է Վանքասարի հյուսիսային լանջի ստորին հատվածով՝ գետին զուգահեռ (նկ. 3), ապա քարայրային-պաշտամունքային համալիրի անմիջապես ստորոտով (նկ. 4)՝ ու դուրս է գալիս տափաստան և թեքվում դեպի Տիգրանակերտ, հարավից եզերում Վանքասարը, անցնում Ամրացված թաղամասի անմիջապես ստորոտով, որտեղ որոշ հատվածներ նորից ժայռափոր են (նկ. 5): Ապա անցնում է երկրորդ անտիկ թաղամասի  մոտով, շրջանցում կենտրոնական թաղամասը և հոսում դեպի տափաստան: Քարայրային-պաշտամունքային համալիրի ստորոտում մոտ 500 մետր երկարությամբ ջրանցքն անցում ժայռափոր հատվածով, որն ունի նաև երկու թունելային մասեր (նկ. 6, 7)։

Նկ․ 3 Ջրանցքի և ժայռափոր-պաշտամունքային համալիրի հատակագիծը:
Նկ․ 4 Ջրանցքը և ժայռափոր-պաշտամունքային համալիրը:
Նկ․ 5 Ջրանցքի ժայռափոր հետքերը Ամրացված թաղամասի ստորոտում:
Նկ․ 6 Երկրորդ թունելի մուտքը:
Նկ․ 7 Երկրորդ թունելը մինչև պեղումները:

Ջրանցքի հնագիտական հետազոտությունն իրականացվել է 2006 և 2020 թվականներին։ Արդյունքում ուրվագծվել է ջրանցքի ողջ հետագիծը, որոշվել է Խաչենագետից ելքի մոտավոր տեղը, պեղվել է ժայառփոր մասի մոտ 300 մետրանոց մի հատվածը, պարզվել է բուն ջրատարի տեխնիկական կառուցվածքը, իրականացվել է ժայռափոր հատվածների հետքաբանական հետազոտություն, վավերացվել, լուսանկարվել և չափագրվել են պատերին փորագրված նշանները։ Ջրանցքի բաց հատվածների պատերն իրականացվելե են քարի և կավաշաղախի օգնությամբ: Դրանցից պահպանվելե են 0,3-0,5 մետր բարձությամբ հատվածներ (նկ. 8): Բուն ջրատարի լայնությունը տարբեր տեղերում տատանվում է 1-ից (բաց տեղանքում) մինչև 1,5-2,0 մետր (թունելային հատվածներում): Բաց տարածքում՝ հիմնահողի վրա ջրի կորուստենրը նվազեցնելու նպատակով հատակը ամրացվել է կրաքարե տափակ ցլեպների տոփանված շերտով (նկ. 9): Ընդ որում հաճախ համադրվել են ժայռափոր հատվածներն ու հիմնահողային հատվածները:

Նկ․ 8 Ջրանցքի ժայռափոր հատվածը եզրապատերի հետքերով:
Նկ․ 9 Ջրանցքի տոփանված հատակի կտրվածքը:

Ինչպես պարզել է ժայռեղեն պատերի հետքաբանական հետազոտությունը, որ իրականացրել են Ֆլորենցիայի համալսարանի մասնագետները, ժայռերը մշակելու համար օգտագործել են քարհանքային երկու տեսակի գործիքներ՝ սրածայր ծանր մուրճեր և լայնաշեղբ քլունգներ: Այս առումով ջրանցքի հետքաբանությունը տարբերվում է ամրացված թաղամասի և վաղքրիստոնեական կառույցների հետքերից, որոնք ցուցում են հղկող-հարթեցնող գործիքների օգտագործումը: Ջրանցքի պատերին պահպանվել են խաչերի մի քանի պարզունակ պատկերներ, որոնք կարող են թվագրվել 6-7-րդ դարերով (նկ. 10):

Նկ․ 10 Ջրանցքի պատերի խաչանշանները:

2020 թվականի պեղումներով հետազոտվել է թունելային երկրորդ հատվածը: Այն ներառում է մեկ մեծ և նրա շարունակությունը կազմող ժայռի մեջ փորված երկու փոքր թունելները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 10,5 մետր (նկ. 11, 12):  Պեղումների արդյունքում վավերացվել է ջրանցքի արտաքին՝ դարձյալ ժայռա­փոր պատը: Այստեղ ամենանեղ հատվածում ջրանցքն ունի 1,5 մետր, իսկ ամենա­լայն հատվածում 2 մետր լայնություն: Ժայռափոր թունելի բարձրությունը կազմում էր 0,8 մետր: Ջրանցքի ժայռափոր հատակը ծածկված էր 20-30 սմ հաստությամբ ավազի նստվածքային շերտով:

Այս համալիրի հետազոտության արդյունքները և դրանց համադրումը Տիգրանակերտի ամրացված թաղամասի և քարայրային-պաշտամունքային ժայռափոր համալիրի տեխնիկական տվյալների հետ, հավանական են դարձնում, որ

ա. ջրանցքը կառուցվել է քաղաքի հիմնադրման հետ միաժամանակ,

բ. քանի որ քաղաքը ներառել է Արքայական աղբյուրները, որպես խմելու ջրի հիմնական ակունք, ջրանցքն ավելի օգտագործվել է քաղաքի ընդարձակ երկրագործական արվարձանները ոռոգելու, ինչպես նաև կենցաղային նպատակներով:

գ. ջրանցքը գործել է քաղաքի գոյատևման ողջ ընթացքում՝ մինչև 13-րդ դարի կեսերը,

դ. ջրանցքն վերագործարկվել է 19-րդ դարի կեսերին և որոշ ընդհատումներով գործածվել է նաև խոհրդային տարիներին, ինչի պատճառով ջրանցքի պեղումներից հնագիտական եզակի գտածոներ են հայտնաբերվել՝ մի քանի խեցանոթների բեկորներ և երկաթե անորոշ գործիքի 3 բեկոր:

Նկ․ 11 Երկրորդ թունելի տեսքը 2020 թ. պեղումներից հետո:
Նկ․ 12 Երկրորդ թունելի տեսքը 2020 թ. պեղումներից հետո: