Կուրգանները
Խաչենագետի ձախ ափին, Ասկերան–Մարտակերտ նախկին ճանապարհի երկու կողմերում են գտնվում մեկ տասնյակից ավել կուրգանները (դամբանաբլուրներ, նկ. 1, 2): Վերջիններս տեղորոշված են Հայկաջուր և Նոր Մարաղա գյուղերի միջնատարածքում. սկսվում են Նոր Հայկաջրի արևելյան արվարձանից և ձգվելով դեպի հարավ մոտ 3-4 կմ` ավարտվում են Նոր Մարաղայից հյուսիս-արևելք: Այս դամբարաններն առաջին անգամ վավերացվել են նախորդ դարի 20-ական թվականներին։
Ս. Տեր-Ավետիսյանը, ով 1924 թվականի ամռանը Անդրկովկասի կենտրոնական կոմիտեին կից գտնվող «Գիտական ասոցիացիայի» կազմում լինելով Արցախում, շրջել է Խաչենում և Ջրաբերդում, այս տարածքում հաշվել է խոշոր հողաթմբերով 15 դամբարանաբլուր: Ըստ նրա` տարբեր չափսերի դամբարաններից մի քանիսն իրենց արտաքին կառուցվածքով տիպիկ են հարավ ռուսական տափաստանների կուրգաններին և պատկանում են սկյութական մշակույթին:
Սակայն դամբարանների ծագման և նրանց էթնոմշակութային պատկանելության վերաբերյալ այս տեղեկությունները խիստ նախնական են և այս հարցը կարիք ունի հանգամանալից ուսումնասիրության: Դամբարանները և դրանց շրջակայքը առաջին անգամ հետազոտվել են 2005 թվականին ՀՀ ԳԱԱ Արցախի հնագիտական արշավախմբի կողմից: Վավերացվել է տարբեր չափսերի` մոտ 6-12 մետր բարձրությամբ և 40-70 մետր տրամագծով, իրարից գրեթե նույն հեռավորության վրա տեղավորված, կոնաձև շուրջ երկու տասնյակ դամբարանաբլուր:
Հայտնաբերված տարբեր հնագիտական գտածոները հիմնականում վերաբերում են վաղ երկաթի շրջափուլին, նույնական են «լճաշեն-մեծամորյան» մշակույթի նյութերին և տեղավորվում են մ.թ.ա. 11-9-րդ դարերի ժամանակային սահմաններում: Այս դամբանաբլուրներից մեկը 2015 թվականին պեղվել է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից (նկ. 3): Պեղումների արդյունքում վավերացվել է հիմնահողային թաղում, ուղեկցող շուրջ երկու տասնյակ խեցանոթներով, ոսկրե իրերով, բրոնզե նետասլաքներով, ուլունքներով և այլն։
Ըստ հետազոտողների` դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 9-8-րդ դարերով (նկ. 4): Հիշյալ հետազոտություններից բացի դամբանաբլուրների շրջակայքից տարբեր գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են տարբեր պատահական գտածոներ՝ տարբեր ձևի, չափսի և գույնի մի քանի ամբողջական խեցանոթներ, ցանցկեն բռնակով մեկ դաշույն և այլն (նկ. 5): Վերջիններս թեև պատահական գտածոներ են և զուրկ են հնագիտական համատեքստից, սակայն որոշակիացնում են դամբանաբլուրների միջավայրը և գալիս են լրացնելու վերը նշված տեղեկությունները և թվագրությունը։