Մարդակերպ կոթողները
Քարե մարդակերպ կոթողները տարածված են եղել Արցախի լեռնաշխարհը և տափաստանը միմյանց ձուլող երկայնական տարածքում` ձգվելով մոտավորապես 30-40 կմ: Դրանք սփռված են հատկապես Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում` Մարտակերտի շրջանում և շրջակայքում, Տիգրանակերտի, ինչպես նաև վերջինից ոչ հեռու գտնվող Գյավուրկալա բնակատեղի շրջակայքում և Նոր Կարմիրավան գյուղի տարածքում: Այս միջավայրից մի քանի կոթող դեռևս խորհրդային տարիներին տեղափոխվել են Արցախի պետական և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարաններ, իսկ մի մասը շարունակում է գտնվել բաց դաշտում (նկ. 1):
Այդ կոթողներն ուղղանկյունատեսք, տափակ երկայնական սալեր են, որոնց քանդակային մշակումներով մարդատեսքություն է տրված: Այս քանդակների հիմնական առանցքը մարդու մարմինն է, և մնացած բաղադրիչները պատկերագրորեն և իմաստաբանորեն արժևորվում են նրա հանդեպ ունեցած կապի արդյունքում (նկ. 2):
Նմանատիպ առաջին կոթողները հայտնի են դարձել դեռ 1960-ական թվականներից, սակայն դրանց նվիրված հետազոտությունները շատ չէին։
Հայտնի է, որ այս տարածքները խորհրդային տարիներին հայտնի պատճառներով բավարար չափով չեն ուսումնասիրվել: Եղած հետազոտություններն էլ ակնհայտորեն քաղաքականացված են: Սա վերաբերում է նաև մարդակերպ կոթողներին, որոնք ադրբեջանական որոշ հետազոտողներ ներկայացրել են որպես աղվանական` փորձելով դրանց տարածվածությունը հատկապես Արցախում դիտել որպես աղվանական էթնոմշակութային սուբստրատի առկայություն: Եվ միայն Արցախի ազատագրական պատերազմի արդյունքում նոր հնարավորություն էր ստեղծվել նաև տարածաշրջանի հնագույն պատմության և մշակույթի հետազոտության համար:
Մինչ այժմ վավերացվել է ավելի քան 30 մարդակերպ կոթող: Չի բացառվում, որ ավելի մեծ՝ ֆիզիկապես մեզ ոչ հասանելի տարածական արեալում` Արցախի տափաստանի արևելյան մասում և նրանից արևելք ընկած Միլի տափաստանում, դրանք այսքանով չեն սահմանափակվել:
ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարդակերպ կոթողներ երկայնական սալերը երկու հորիզոնական լայն ակոս-գոտիների միջոցով բաժանվում են երեք մասի՝ «առանձնացնելով» մարմնի երեք մասերը՝ գլուխը, որը զբաղեցնում է ամբողջ կոթողի մեկ երրորդից մի փոքր քիչ ծավալ, իրանը և գոտկատեղից ներքև հատվածը: Իրանից ներքև հատվածը, որը նախատեսված է եղել հողի կամ հատուկ հիմքի մեջ դնելու համար, սովորաբար թեթև հղկվում էր: Կոթողներն ունեն մոտավորապես 30-60 սմ լայնություն, 120-140 սմ, երբեմն մինչև 2,5 մետր բարձրություն և 20-30 սմ հաստություն (նկ. 3)։ Հայտնի բոլոր կոթողները պատրաստված են կրաքարից, որի ընդարձակ նստվածքները և հին մշակումների հետքերով հանքերը, լայնորեն տարածված են Արցախի արևելյան նախալեռներում:
Կոթողների նկարագրական քննությունը թույլ է տալիս վավերացնել, որ պատկերագրությունը մեզ ներկայանում է առնվազն երկու համալիրներով՝ ա. մարմնակազմություն, բ. հանդերձանք (ներառյալ սպառազինությունն ու հարդարանքը):
Մարմնակազմական առումով կարելի է առանձնացնել ձեռքերը, քիթը, որպես կանոն, աչքերը: Կոթողների վրա պատկերված հանդերձանքի կամ այլ հարդարանքի շարքում դիտարկելի է գլխանոցը, դաշույնը, ապարանջանը և օղը: Մազերի, ականջների, բերանի, երբմեն էլ աչքերի բացակայությունը, մեջքին՝ գոտկամասում թեքությամբ պատկերված դաշույնն ավելի քան հավանական են դարձնում հագուստի և հանդերձանքի այլ համալիրների առկայությունը, որոնք ուղղակի կարևոր չեն դիտվել և չեն պատկերվել (նկ. 4): Սա մի կարևոր կռվան է, ենթադրելու, որ մենք գործ ունենք նշանային պատկերագրության հետ. պատկերվել է ոչ թե ռեալ արտաքինը, այլ նրա նշանակիչ-իմաստակիր բաղկացուցիչները: Կարող ենք եզրակացնել, որ կոթողներին պատկերվել են տղամարդիկ, հիմնականում պաշտպանական հանդերձանքով:
Տեղագրությունը
Կոթողների տեղագրությունը շատ բազմազան չէ: Հայտնաբերման օջախները կարող ենք դասակարգել ըստ հետևյալ բնակավայրերի`
ա. Մարտակերտ (Բախշուն թափա),
բ. Սեյսուլան,
գ. Կարմիրավան,
դ. Ճանկաթաղ,
ե. Գյավուրկալա և շրջակայք,
զ. Սալահլու,
է. Նոր Կարմիրավան,
ը. Տիգրանակերտ։
Թերևս սրանք այն հիմնական օջախներն են, որտեղ պատրաստվել և կանգնեցվել են այս կոթողները: Մի քանիսի կանգնեցման վայրը հնարավոր չէր բացահայտել: Չնայած կոթողների մեծ մասը իրենց նախնական կանգնեցման վայրում (in situ) չեն հայտնաբերվել, սակայն ակնհայտ է, որ կոթողներն իրենց երկրորդական օգտագործման վայր են տեղափոխվել ոչ շատ հեռվից:
Կոթողների շրջակայքում առատ են խոշոր, անտաշ, ձգված համամասնությամբ քարերը: Սրանց մի մասը գուցե ժամանակին այստեղ է տեղափոխվել կոթողներ պատրաստելու նպատակով:
Քննության առնելով և համադրելով Արցախի քարե մարդակերպ կոթողների հայտնաբերման տեղեկությունները, կարող ենք փաստել, որ կոթողները հայտնաբերվել են ծովի մակերևույթից մինչև 500 մետր բարձրությունան վրա: Այն տարածքը, որտեղից հայտնաբերվել են կոթողները, ամբողջությամբ համապատասխանում է Արցախի մարգագետնա-տափաստանային գոտուն: Ուսումնասիրվող տարածքը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան հատվածը` ընդգրկելով Կուր-Արաքսյան դաշտավայրի արևմտյան մասը` Արցախի տափաստանի արևելյան հատվածը և նրանից արևելք ընկած Միլի տափաստանի ծայր արևմուտքը:
Բոլոր թվարկված օջախները գտնվում են Խաչենագետի ներքնահովտում (այնտեղ, ուր գետը դուրս է գալիս տափաստան) կամ նրա շրջակայքում: Այս տարածքները շատ բարեբեր են ինչպես անասնապահության, այնպես էլ երկրագործության համար:
Ժամանակագրությունը և գործառույթը
Արցախի քարե մարդակերպ կոթողներն իրենց գործառույթով և իմաստաբանությամբ ներկայացնում են մի համակարգ, որն արտացոլում է պատկերացումները մահվան, նախնիների պաշտամունքի և առհասարակ աշխարհի կառուցվածքի մասին: Կոթողների գործառույթը և գաղափարաբանությունը հասկանալու համար շատ կարևոր է նախ սահմանել դրանց ժամանակագրությունը:
Ինչպես նշվել է՝ կոթողների մեծ մասը հայտնաբերվել է ոչ իր կանգնացման նախնական վայրում։ Այս շարքի մեջ միայն Նոր Կարմիրավանից հայտնաբերված կոթողների խումբն է, որ կարելի է վերագրել իրենց նախնական միջավայրին։ Այստեղ Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով վավերացվել են կրոմլեխով շրջագծված դամբարանը և դրա տարբեր հատվածներում ընկած կոթողները (նկ. 5)։ Դամբարանից հայտնաբերված հնագիտական նյութը, որ մեզ ներկայանում է մոտավորապես 40 տարբեր չափսի և ձևի անոթներով, բրոնզի և երկաթի նմուշներով, ոսկրից պատրաստված իրերով, թույլ է տալիս թաղումը և դրանց հետ կապված մարդակերպ կոթողները թվագրել մ. թ. ա. 8-6-րդ դարերով։ Արցախյան կոթողները վերաբերում են բավական ընդարձակ տարածություն ընդգրկող քարե մարդակերպ կոթողների վաղ խմբին: Կոթողների նման թվագրության օգտին է խոսում նաև նման հուշարձանների համեմատական քննությունը։ Հավանական է, որ Արցախում այս կոթողների հայտնվելը կապված է եղել կիմմերների և սկյութների Առաջավոր Ասիա առաջին ներթափանցման հետ, ինչը տեղի է ունեցել մ. թ. ա. 8-րդ դարում:
Ինչ վերաբերում է այս կոթողների գործառույթին, կարելի է նշել, որ Արցախից հայտնաբերված կոթողները, ինչպես և նրանց հայտնի զուգահեռները, ամենայն հավանականությամբ, հանդիսանում էին գերեզմանաքարեր, և/կամ պաշտամունքային սիմվոլներ, որոնք պատվանդանի մեջ կամ առանց պատվանդանի տեղակայված էին դամբանաբլրի գագաթին կամ սրբարանի կենտրոնում, չի բացառվում` նաև հիմնահողային թաղումների վրա: Այս կոթողները կանգնեցվել են կոլեկտիվի որևէ անդամի մահվան դեպքում: Հավանաբար խոսքը գնում է սոցիալական բարձր խավի է պատկանող անհատի մասին։ Զորապետ-ռազմական առաջնորդի և/կամ հերոս-ռազմիկի պատկերումն ամենահավանականն է Արցախի կոթողների համար: Արցախի տարածքից հայտնաբերված որոշ կոթողներ հետագայում վերաօգտագործվել են` հիմնականում ծառայելով որպես շինանյութ: