Նոր Մարաղայի ամրոցը
Ամրոցը գտնվում է Նոր Մարաղա գյուղի հարևանությամբ՝ Խաչենագետի ձախ ափին (նկ. 1): Հետախուզական պեղումներն իրականացվել են 2007 թվականին: Տեղազննումը, պեղումների արդյունքներն ու չափագրությունները հնարավորություն են տվել կազմել ամրոցի գլխավոր հատակագիծը (նկ․ 2): Այն տարածվում է լեռան՝ ծովի մակերևույթից 630,0 մետր բարձրության վրա գտնվող, մոտ 1,0 հա տարածք զբաղեցնող սարահարթի վրա: Ամբողջ տարածքը պարսպապատ է: Ողջ պարագծով երևում են պարիսպների մնացորդները, որոնք կրկնում են բնական ռելիեֆի ուրվագիծը: Ըստ այդմ ստացվել է հյուսիս-հարավ երկայնակի առանցքով ձգված օվալաձև հատակաձև: Բարձրադիր են ամրոցի կենտրոնական և հարավային հատվածները: Կենտրոնական մասում դիտելի են 2,0×4,0 մետր հատակագծային չափերով և 0,6 հաստությամբ պատերով ամրոցի ներքին սենյակներից մեկի մնացորդները, որը վկայում է ներքին կառուցապատման մասին: Հյուսիսային կողմն ավելի ցածրադիր է՝ բարձրությունների տարբերությունը հասնում է 10,0 մետրի:
Պեղումների շնորհիվ ամրոցի հարավարևմտյան հատվածում բացվել են մոտ 40,0 մետրանոց հարավային պարսպապատի կեսը և ամրոցի մուտքը (նկ. 3): Մուտքին ու ժայռածերպին կից բացվել են կիսակլոր աշտարակի մնացորդները։ Ամրոցի մուտքն ունի ճակատային ասիմետրիկ տեղադրություն և յուրօրինակ կառուցվածք․ առանցքը պարսպապատին ուղղահայաց է և դեպի ներս լայնանում է (դրսի կողմից 3,4, ներսից՝ 3,8): Այն առանձնանում է նաև իր բավական լայն բացվածքով, որը պաշտպանական տեսակետից այնքան էլ տրամաբանական չէ: Մուտքը և հատկապես աշտարակը շարված են խոշոր բլոկներով (մինչև 1,0×0,5×0,45 մետր չափերով)՝ եռաշերտ երկճակատանի սկզբունքով: Պարսպապատն իրականացված է կոպտատաշ ճակատներ ունեցող, կանոնավոր շարված խոշոր քարերով և ունի 3,5 մետր լայնություն: Պահպանված բարձրությունը մինչև 1,0 մ է: Քարերը շարված են պատի երկու կողմերում, կանոնավոր շարքերով: Պատի կառուցվածքում իբրև որմնաքարերն իրար կապակցող է ծառայել խիբարախառն հողից կազմված միջուկը (նկ․ 4): Այստեղ միջուկի ծավալը զգալի գերազանցում է ճակատային քարերի ծավալը: Աշտարակը նույնպես հոծ է՝ արտաքինից կիսաշրջանաձև շարված խոշոր բլոկներ, ներսում՝ քարահողային լիցք: Խոշոր բլոկները դրված են ժայռային հիմքի վրա: Պարսպի իրականացման այս եղանակը, որը է վավերացվել է նաև Տիգրանակերտի ամրացված թաղամասի պարիսպներ վերին հատվածներում, հնարավոր է դարձնում ամրոցը թվագրել ուշ անտիկ (մ.թ. 2-3-րդ դարեր) կամ վաղմիջնադարյան (4-8-րդ դարեր) շրջանով: Պեղումների ժամանակ, այնպես էլ ամրոցի տարածքից հայտնաբերված վերգետնյա խեցեղենի բազմաթիվ բեկորները վերաբերում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ բարձունքը բնակեցված է եղել դեռևս այս ժամանակներում:
Բարձունքը, որի վրա կառուցված է ամրոցը, հանդիպակաց է Վանքասարին և անմիջապես հաջորդում է նրան: Խաչենագետի ձախ ափի լեռան վրա տեղադրված այս հզոր ամրոցը (նկ. 5), հատկապես երբ նկատի ենք ունենում նաև Տիգրանակերտի առկայությունը, ցուցում է ստրատեգիական այն կարևորությունը, որ հնագույն ժամանակներից ի վեր տրվում էր Արցախի երկրորդ հզոր գետահովտի ներքնահատվածին` որպես Լեռնաշխարհի դարպաս ու պաշտպանական համակարգ: