Վանքասարի եկեղեցին
Վանքասարը կրաքարե հսկայական եռանկյունատեսք մի լեռ է, որի գագաթին գտնվում է 7-րդ դարում կառուցված կենտրոնագմբեթ եկեղեցին, ստորոտներից մեկում` Տիգրանակերտը, իսկ հակառակ եզրին` վաղքրիստոնեական ժայռափոր համալիրն ու ժայռափոր ջրանցքը: Եկեղեցին գտնվում է Վանքասարի ամենաբարձր կետի վրա` դաշտավայրի նկատմամբ 290 մետր բարձրության վրա (նկ. 1, 2): Տիգրանակերտի անմիջական շրջակայքի հուշարձանների շարքում այն միակ կանգուն հուշարձանն է (վերակառուցված վիճակում):
Վանքասարի եկեղեցին պատկանում է Հայաստանում 7-րդ դարում լայնորեն տարածված խաչաձև կենտրոնագմբեթ փոքրիկ եկեղեցիների եռախորան տիպին (նկ. 3): Այն իր ծավալատարածական հորինվածքով շատ նման է Թալինի, Քարաշամբի և Այլաբերի փոքր եկեղեցիներին (նկ. 4)։ Հորինվածքի հիմքը կազմող գմբեթատակ քառակուսին ամփոփված է արևմուտքից ուղղանկյուն, իսկ մյուս կողմերից կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք արտաքինից ուղղանկյուն են: Հատակագծային այս հորինվածքի արևելք-արևմուտք առանցքն ունի 10,5 մետր երկարություն, իսկ հյուսիս-հարավը` 9,15 մետր, որի հետևանքով արևմտյան խաչաթևը 1,0 մետրով երկարել է (9,7×8,7 մետր):
Մուտքերը բացված են երեք կողմերի (արևելյանից բացի) խաչաթևերում (նկ. 5), ուր զետեղված են նաև պատուհաններ: Բոլոր մուտքերի բացվածքներն իրար հավասար են: Երեք խաչաթևերում մուտքերի առկայությունը Վանքասարի եկեղեցու առանձնահատկությունն է իր տիպի հուշարձանների մեջ:
Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ (նկ. 6), որոնց զգալի մասը հայերեն տառեր են` նույնական Սիսիանի 7-րդ դարի տաճարի նշաններին:
Վանքասարի եկեղեցին անցյալ դարի 80-ականներին «ադրբեջանական» ձևով վերականգնման ժամանակ լուրջ կորուստներ է կրել: Առաջին հերթին խաթարվել է հուշարձանի բնական միջավայրը և լանդշաֆտը՝ շուրջը հոգևոր-մշակութային միջավայրին անհարիր կառուցապատում է իրականացվել: Տարածքը կառուցապատվել է ժամանցի և զվարճանքի գործառույթ իրականացնող շենքերով: Եկեղեցին «վերականգնել» են` անտեսելով շինության կառուցվածքային և համաչափական հատկանիշները, արդյունքում ստեղծվել է նախնականին չհամատասխանող վրանատեսք ծավալ (նկ. 7): Ճակատներում չեն շարվել քիվերը, ոչնչացվել է արևմտյան մուտքի բարավորի խաչաքանդակը: Ձևափոխված են նաև պատուհանների բացվածքները: Այլափոխվել են կոնստրուկտիվ հանգույցների (տրոմպներ, գմբեթարդներ, թաղ, գմբեթ) իրականացման եղանակները: Արևմտյան ճակատում, հավանաբար, շքամուտք է եղել, որը վերականգնված չէ: Վերջինիս առկայության մասին են խոսում պատի վրա պահպանված շքամուտքի կցման հետքերը:
Վանքասարի եկեղեցու հորինվածքը ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական ճարտարապետության մեջ ուշագրավ երևույթ է, բայց այն ավելի բազմազան դրսևորումներ և տարածում է ունեցել Հայաստանում:
1986 թվականին, երբ ընթանում էին ադրբեջանական «վերականգնման» աշխատանքները, Վանքասարի եկեղեցում ուսումնասիրություններ իրականացնող Ս. Կարապետյանն ու Ա. Ղազարյանը վավերացրել են կիսաեղծ վիճակում գտնվող երկու հայերեն արձանագրություն: Բացակայում էր նաև դեռևս 18-րդ դարի սկզբին նկարագրված՝ 1263 թվականի խաչքարը: Ժամանակին եկեղեցու շուրջը կանգնեցված են եղել նաև այլ խաչքարեր: Դրանցից մեկը, որ վերաբերում է 12-13-րդ դարերին, ադրբեջանցիները տեղափոխել են Աղդամի քարի թանգարան: Ընդ որում, խաչքարի կենտրոնական խաչի առանձին մասերը նախօրոք քերվել են, որպեսզի չհասկացվի, որ այն խաչքար է: Խաչքարն անկախության տարիներին կանգեցված էր Ասկերանի եկեղեցու բակում (նկ. 8): Անտեսելով այս բոլոր փաստերը՝ ադրբեջանցիները եկեղեցին հայտարարել են աղվանական:
Վանքասարի եկեղեցին տուժել էր նաև արցախյան առաջին պատերազմից: Արևմտյան ճակատում` բարավորից վերև արկը բավական մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունությանը: 2011 թվականի աշնանը ԼՂՀ Զբոսաշրջության վարչությունը մաքրման, ամրակայման և բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ: Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի հունվարին և եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչը (նկ. 9): Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ նույնպես Վանքասարի եկեղեցին ադրբեջանական թիրախում էր. բարեբախտաբար զգալի վնասներ չի կրել: Պատերազմի անմիջապես ավարտից և Ադրբեջանի ենթակայության տակ անցնելուց հետո՝ եկեղեցու գմբեթից հեռացվել է խաչը և տեղադրվել Ադրբեջանի դրոշը։