Skip to main content

Տաճարային-քարայրային համալիրը

Վաղքրիստոնեական ժայռափոր համալիրը գտնվում է Վանքասար լեռան հյուսիսային եզրին` Տիգրանակերտից մոտ 3,3 կմ հեռավորության վրա: Համալիրը բաղկացած է Խաչենագետի աջ ուղղաձիգ քարափի մեջ փորված եկեղեցուց, նախասրահից և տապանաբակից, դեպի ուր առաջնորդում է ժայռափոր ճանապարհը, որի պատերը պատված են բազմաթիվ խաչային հորինվածքներով, հունարեն և հայերեն մի քանի արձանագրություններով (նկ. 1, 2):

Նկ․ 1 Խաչենագետի քարափը և տաճարային-քարայրային համալիրը:
Նկ․ 2 Համալիրի ընդհանուր հատակագիծը:

2006 թվականին Արցախի հնագիտական արշավախումբն ամբողջովին մաքրել և պեղել է համալիրը, հայտնաբերվել (նկ. 3) և մասամբ պեղվել է նաև ժայռի ստորոտով՝ գետին զուգահեռ ընթացող ժայռափոր ջրանցքը (տե՛ս «Ջրանցքը» բաժինը):

Դեպի եկեղեցական կառույցները տանող ժայռափոր ճանապարհը, որը ձգվում է մոտ 120 մետր, բաղկացած է վեց բացօթյա սրահներից (չափերը՝ մոտ 9X6 մետր), ժայռի եզրով ձգվող երեք նեղ կածաններից, սրահներն ու կածաններն իրար կապող աստիճաններից և դիտակետ-մուտքից:

Նկ․ 3 Համալիրի պեղումները, 2006 թ.:

Բացօթյա սրահներն ունեն մեկ կամ երկու ժայռեղեն պատեր (նկ. 4): Դրանց հատակների և պատերի մեջ արված կլոր փոսերը հուշում են, որ սրահներն ունեցել են գերանների վրա հենվող փայտե ծածկ: Որպես կանոն սրահների արևելյան հատվածում տեղադրված են խաչային հորինվածքներ: Կարելի է ենթադրել, որ այս սրահներն ուխտավորների համար՝ մինչև բուն եկեղեցական կառույցներին հասնելը, յուրօրինակ աղոթարան-կացարանների կամ սպասասրահի դեր են խաղացել: Որոշ փոսերի ընդարձակությունը հիմք է տալիս ենթադրել, որ դրանք կարող էին ևաև տնտեսական գործառույթ ունենալ:

Նկ․ 4 Բացօթյա սրահներից մեկը:

Աստիճանները հնարավորինս հարմարեցված են տեղանքին (նկ. 5): Դրանց լայն հատվածներում կող-կողքի կարող են քայլել երկու-երեք հոգի, նեղ հատվածները հնարավոր է անցնել միայնակ: Երբեմն աստիճանների բարձրությունը հասնում է 0,6-0,8 մետրի և առաջանալ կարելի է միայն մագլցելով: Երեք դեպքում ճանապարհն անցնում է ուղղաձիգ ժայռի մեջ փորված նեղ կածանով: Անվտանգ անցումն ապահովելու համար ժայռի մեջ փորված են հատուկ հորիզոնական խորացումներ, որոնք բազրիքի դեր են կատարել (նկ. 6): Այս կածաններով կարող է անցնել միայն մեկ հոգի՝ ձեռքերով բռնելով բազրիքից: Ճանապարհի մոտավորապես միջնամասում՝ ժայռի մեջ փորված է խորանարդաձև մի մուտք-դիտակետ (նկ. 7)՝ փայտե դռան համար նախատեսված շրջանակով (հստակ դիտելի են մուտքի ուղղանկյուն շրջանակը, դռան սռնին քարի մեջ ագուցելու փոսորակը, սողնակները գցելու անցքերը): Դուռը փակ լինելու դեպքում ճանապարհը շարունակելը դառնում էր անհնար: Նեղ ու բարձր աստիճանները, ժայռի ուղղաձիգ հատվածներում ներփորված նեղ՝ մեկ անձի անցման համար նախատեսված կածանները, և պաշտպանված մուտք-դիտակետը կարող են փաստել, որ համալիրը հարկ եղած դեպքում հնարավոր էր պաշտպանել անցանկալի այցելուներից:

Նկ․ 5 Հատված աստիճաններից:
Նկ․ 6 Կածանն ու բազրիքը:
Նկ․ 7 Մուտք-դիտակետը:

Բուն համալիրը բաղկացած է ժայռափոր եկեղեցուց, նախասրահից և տապանաբակից:

Եկեղեցին գտնվում է ժայռի ստորոտից մոտ 50,0 մետր բարձրության վրա: Առանձնահատուկ է նրա հատակագծային և ծավալային հորինվածքը (նկ. 8, 9): Աղոթասրահն ունի հյուսիս-հարավ կողմնորոշում, անկանոն հատակաձև (երկարությունը՝ 5,8 մետր, լայնությունը՝ 2,4 մետր, առավելագույն բարձրությունը՝ 2,10 մետր) և հարավում ավարտվում է թեթևակիորեն կլորացող խորանով: Աղոթասրահի արևելյան պատի մեջ բացված է շատ ավելի կանոնավոր խորան: Սա հիմք է տալիս մտածելու, որ մենք գործ ունենք ավելի հին, հավանական է, ոչ քրիստոնեական կառույցի հետ, որը միայն հետագայում է վերածվել քրիստոնեականի: Շինարարներն օգտագործել են արդեն գոյություն ունեցող նախկին ծավալը, բայց պատարագի համար ժայռի մեջ նոր՝ արևելյան ուղղությամբ խորան են փորել: Արևելյան ուղղությունը շեշտվում է նաև հենց միայն արևելյան պատին փորագրված բազմաթիվ խաչերով և խաչային հորինվածքներով (նկ. 10):

Նկ․ 9 Եկեղեցու և նախասրահի հատակագիծը:
Նկ․ 8 Համալիրի եկեղեցին:
Նկ․ 10 Եկեղեցու խաչային հորինվածքները:

Եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյանը հպվում է նախասրահը, որն արևմուտք-արևելք ձգված մի հարթակ է (10,8 մետր երկարությամբ և միջինը 2,9 մետր լայնությամբ)՝ արևմտյան կողմում պարփակված 3,0 մետր բարձրություն ունեցող սրբատաշ ժայռազանգվածով (նկ. 11): Եկեղեցու մուտքի և նախասրահի միջև եղած բնական խոռոչը, դատելով տեղում առկա հետքերից, ժամանակին ծածկված է եղել փայտամածով, որի միջոցով էլ եկեղեցին և նախասրահը հաղորդակցվել են իրար: Նախասրահի հարավ-արևմտյան հատվածում առկա են տարբեր բարձրության երեք ժայռեղեն հարթակներ, պատերը հարդարված են խոշոր խաչային հորինվածքներով՝ շրջանների մեջ ներառված խաչեր՝ տեղադրված աստիճանների և բարձր սյուների վրա ու հարդարված բուսական հավելումներով ու ժապավեններով: Նախասրահի հատակին` ժայռի մեջ փորված են շրջանաձև և քառանկյուն հատակաձևով և մինչև 20 սմ խորություն ունեցող փոսեր, որոնցից հարթակի ողջ երկարությամբ ձգվում են առվակներ: Կարելի է ենթադրել, որ դրանք այստեղ ընթացած մինչքրիստոնեական ինչ-որ ծեսի (հեղում, զոհաբերություն և այլն) հետ կապված տեխնիկական հարմարանքներ են: Նախասրահի կիրճահայաց եզրի երկարությամբ, իրարից տարբեր հեռավորության վրա՝ 25-45 սմ, հատակի մեջ արված են 7 սմ խորությամբ և 11-24 սմ տրամագծով փոսիկներ: Սրանք վկայում են, որ ժամանակին այստեղ տեղադրված են եղել բազրիքը կրող փայտե սյուներ: Նախասրահի հատակին` ժայռի մակերևույթին, հարթակների դիմաց փորագրված է միմյանց մեջ ներգծված երեք քառանկյուններից, դրանց կողերի միջնակետերն ու գագաթներն իրար միացնող գծերով պատկեր: Նման պատկեր է փորագրված Տիգրանակերտի մեծ եկեղեցու և Գյավուրկալայի եկեղեցու հատակներին: Դրանք Արևելքում տարածված, մերօրյա «խաչեր և շրջաններ» կոչվող խաղի «տախտակներ» են, որը փորագրվել են հետագայում, երբ եկեղեցիները կործանված էին, և նրանց սալապատ հատակները ծառայում էին որպես քոչվորների հավաքատեղի: Հատակը բավական ողորկ է, որը խոսում է այստեղ հավաքված մարդկանց մեծաքանակության և տարածքի շարունակական ու երկարատև օգտագործման մասին: Նախասրահի արևելյան կողմում, հարավային պատի մեջ` 1,7 մետր բարձրության վրա խորշ է փորված (լայնությունը 0,8 մետր, խորությունը`0,5 մետր): Ինչպես եկեղեցու խորանում առկա, ինչպես նաև այս խորշը, հավանաբար ծառայել են զանազան իրեր պահելու համար:Նախասրահից դեպի արևմուտք տարածվում է տապանաբակը (նկ. 12): Այն 13,0 մետր երկարությամբ ժայռափոր բացօթյա սրահ է՝ ժայռի մեջ փորված հինգ սարկոֆագներով և դրանց դիմաց մինչև 5,0 մետր լայնությամբ բացվող բակով:  Պեղման ժամանակ սարկոֆագներն արդեն բաց էին, կափարիչներ չկային, որևէ նյութ կամ ոսկոր չէին պարունակում: Սարկոֆագներից չորսը 2,0×0,45 մետր չափերի են: Բոլոր սարկոֆագներն ունեն 10-15 սմ լայնությամբ կողեր, որոնց վրա ժամանակին դրվել են կափարիչները: Քարատապանների խորությունը 0,3-0,4 մետր է:

Նկ․ 11 Նախասրահը:
Նկ․ 12 Տապանաբակը:
Նկ․ 13 Տապանաբակի բեմը:

Դրանք հարավից եզերող ժայռի մեջ խորշեր են փորված, որտեղ, ինչպես նաև ժայռի մակերևույթին խաչային հորինվածքներ են փորագրված: Տապանաբակն ավարտվում է բեմով (նկ. 13), ուր արևելայն պատին պատկերված է 20 սմ բարձրությամբ երկաստիճան խարիսխ, որը կրում է սյան վրա բարձրացված լայնաթև խաչ՝ հավելված սխեմատիկ թռչնաքանդակներով: Խաչի վերին թևի երկու կողմերում հունարեն գրված է IC XC` Հիսուս Քրիստոս: Դեպի այս քանդակն են առաջնորդում 0,6 մետր երկարությամբ երեք ժայռակերտ աստիճաններ: Բեմին հարավից կից լայն հարթակը թերևս ծառայել է հանգուցյալի աճյունը դնելու համար: Կարելի է եզրակացնել, որ այստեղ ընթացել է հոգեհանգստի պատարագը: Ժայռափոր ճանապարհի ամբողջ երկարությամբ` ստորոտից մինչև ժայռափոր եկեղեցի, ճամփեզրի ժայռապատին փորագրված են խաչեր և խաչային հորինվածքներ (նկ. 14): Դրանք ավելի մեծաքանակ են նախասրահում, եկեղեցում և ժայռափոր տապանաբակում: Խաչերի մեջ թեև կան անհմուտ ձեռքով քանդակված պարզ օրինակներ, բայց մեծամասնություն են կազմում բարդ խաչային հորինվածքները՝ որոնք ենթադրում են նախօրոք արված հստակ չափումներ և էսքիզներ՝ ապահավելու սիմետրիան և առանձին դետալների հստակությունը:

Նկ․ 14 Վաղքրիստոնեական խաչային հորինվածքներից:

Բարդ խաչային հորինվածքները ոճապես իրար շատ մոտ են, դրանք հիմնականում շեշտում են համալիրի էական ծավալային, կոնստրուկտիվ ու գաղափարական դոմինանտները և արվել են համալիրի կառուցման ժամանակ: Դրանց մի զգալի մասը նաև ներկվել է կարմիր, կարմիր է ներկված եղել եկեղեցու նաև արևելյան խորանը: Բուն կառույցի հետ ստեղծված հորինվածքներում խաչերը հիմնականում հավասարաթև են (կան նաև մի քանի ձգված համամասնություններով խաչեր), ունեն դեպի ծայրերը խիստ լայնացող թևեր, ներառված են բազմապրոֆիլ պարանահյուս ու եռնակյունազարդ շրջանների մեջ և տեղադրված են բարձր սյուների կամ ձողերի վրա: Որպես կանոն այս հորինվածքների մասն են կազմում նաև բուսա-ծաղկային, ժապավենային և թռչնային հավելումները: Եթե շրջանի մեջ առնված հավասարաթև խաչը ներկայացնում է խաչի լուսային (և հաղթանակային) թեման, ապա բուսական ու թռչնային հավելումներն ու ժապավենները ակնարկում են խաչի կենացծառային թեման ու երկրպագությունը: Այս վաղ խաչային հորինվածքները շատ մոտ զուգահեռներ ունեն հայ վաղքրիստոնեական խաչային հորինվածքերի հետ և վերաբերում են 5-6-րդ դարերին: Հորինվածքային առումով դրանք հատկապես մոտ են Երերույքի, Փարպիի Ծիրանավորի և հատկապես Ծիծեռնավանքի խաչային հորինվածքներին: Ուշագավ է նաև շրջանի մեջ ներառված խաչերը երևան են բերում ավելի ընդարձակ զուգահեռներ՝ ընդհուպ մինչև իռլանդական բարձր խաչերը: Ժամանակագրորեն խաչերի հաջորդ խումբը վերաբերում է 9-10-րդ դարերին: Դրանք ձգված համամասնություններով գծային խաչեր են՝ թևածայրերի զույգ հավելումներով: Որոշ թիվ են կազմում նաև հենց ուխտավորների ձեռքով փորագրված անկանոն խաչերը, որոնք հնարավոր չէ թվագրել:

Եկեղեցում և տապանաբակում երեք խաչեր կրում են Քրիստոսի հունարեն գրության պատվագրեր: Եթե նկատի ունենանք, որ Տիգրանակերտը հիմնադրվել է որպես բազմէթնիկ քաղաք, այդ թվում Տիգրանի կողմից Փոքր Ասիայից բերված բնակչության մասնակցությամբ, հունարեն արձանագրությունների առկայությունը կարելի է բացատրել քաղաքում հունական համայնքի առկայությամբ:

Եկեղեցու արևելյան պատի մի խաչաքանդակին կից փորագրված են երեք հայերեն արձանագրություններ: Դրանք անձնանուններ են, հավելվել են հետո՝ ուխտավորների կողմից: Անունների մեջ կարելի է առանձնացնել «Դիդոյ» և «Համա[մ]» անձնանունները: Հավանական է, որ ի դեմս Համամի գործ ունենք 9-րդ դարի հայտնի իշխանի հետ, որի անունը հիշատակվում է նաև Գյավուրկալայի սարկոֆագի կափարիչի արձանագրության մեջ:

ժայառփոր համալիրն սկզբնապես իրենից ներկայացրել է բնական կարստային քարայրների շարք: Անտիկ ժամանակաշրջանում նրա վերին քարայրային հատվածը (ուր այժմ եկեղեցին և նախասրահն են) վեր են ածվել դամբարանային-պաշտամունքային համալիրի: 5-6-րդ դարերում անտիկ համալիրը ծավալային փոփոխություններ կրելով վեր է ածվել եկեղեցու և նախասրահի: Հավելվել է տապանաբակը, իրականացվել են սարկոֆագային թաղումներ, կառուցվել է ճանապարհն իր պաշտպանական բաղադրիչներով հանդերձ, ավելացվել են խաչային հորինվածքների հիմնական մասը, ներառյալ հունարեն արձանագրություններով հորինվածքները: 7-8-րդ դարերում այն ինչ-որ ժամանակ դարձել է արաբական կայազորի նստատեղի, այս ժամանակ էլ հավանական է հավելվել է նախասրահի խաղապատկերը: 9-10-րդ դարերում ուխտավորների կողմից հավելվել են նոր, բայց հիմնականում պարզունակ խաչեր և հայատառ արձանագրություններ: Դրանից հետո համալիրը լքվել է: 20-րդ դարի վերջերին հարևան ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները փորձել են քերել խաչաքանդակները, համալիրի պատերին երևան են եկել նրանց անուններով հարյուրավոր խզբզոցներ, որոնք էապես վնասել են հին քանդակներն ու արձանագրությունները: