Skip to main content

Ցիցսարը

Ցիցսարը գտնվում է Տիգրանակերտի արևելյան հատվածում՝ Վանքասարից հարավ, և ծովի մակերևույթից ունի 610 մետր բարձրություն։ Սարի գագաթի երկարավուն հատվածում, մինչև 2019 թվականի հնագիտական պեղումները, կատարվել են հետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում վավերացվել են պարսպապատերի հետքեր, կոթողների համար նախատեսված ժայռափոր փոսորակներ, սրբատաշ քարեր, ատամնավոր քիվի բեկորներ, կառույցների մնացորդներ և այլն: Արտաքուստ հնարավոր էր վավերացնել լեռան հյուսիս-հարավ ձգվող գագաթը երկայնակի եզերող, չոր շարվածքով իրականացված պաշտպանական կառույցի հիմքերը, առնվազն երեք ծիսական կառույցների հետքերը: Հետախուզական աշխատանքների արդյունքները հիմք ընդունելով 2019 և 2020 թվականներին պեղվել են այդ կառույցներից երկուսը՝ հյուսիսայինը և մասամբ հարավայինը։

Նկ․ 1 Ցիսարի գագաթի հուշարձանների ընդհանուր տեսքը, օդալուսանկար, 2020 թ․։

Մասունքարանը

Տիգրանակերտի Ցիցսար պեղավայրում հնագիտական աշխատանքների արդյունքում բացված առաջին կառույցը ստորգետնյա դամբարան-մասունքարանն է։ Այն 1,70 մետր խորությամբ, ներքուստ սրբատաշ, արտաքինից անկանոն քարերով և կրաշաղխով  իրականացված ստորգետնյա կառույց է: Կառույցն ունի արևելք-արևմուտք ուղղվածություն: Շինության ներքին չափերն են 265×210 սմ: Հատակը գտնվում է հիմնահողի ներկա մակարդակից 1,70 մետր խորության վրա: Այն սալապատվել է և լրացուցիչ ամրացվել է կրաշաղախով: Համեմատաբար լավ են պահպանվել հատակի արևելյան և հյուսիսային հատվածները:

Դամբարան-մասունքարանը արևմտյան կողմում ունի մուտք, որն իրենից ներկայացնում է սրբատաշ քարերով շարված քառանկյուն հոր, ժայռաբեկորից պատրաստված և կրաշաղախով հարթեցված երկու աստիճանով: Մուտքը վերևից փակված է 120 սմ երկարությամբ և 100 սմ լայնությամբ կրաքարի ամբողջական սրբատաշ սյունանման սալով: Կառույցի հյուսիսային և հարավային պատերի սրբատաշ հատվածների վերնամասերը (պահպանվել է կրաքարե կոպտատաշ բլոկներով և կրաշաղախով իրականացված միջուկը), թեքվում են դեպի ներս, ինչը վկայում է, որ կառույցը եղել է թաղածածկ:

Նկ․ 2 Վաղմիջնադարյան դամբարան-մասունքարանը, 2020 թ․։

Դամբարան-մասունքարանն ունի 5 պատրհան-խորշեր, որոնցից 2-ը գտնվում են արևմտյան պատի հարավային ու հյուսիսային հատվածներում: Երրորդը և չորրորդը գտնվում են համապատասխանաբար հարավային և հյուսիսային պատերի մեջ, իսկ հինգերորդը՝ արևելյան պատի հարավային հատվածում: Խորշերն ունեն 80-120 սմ խորություն: Դեպի ներս դրանց ծավալը լայնանում է: Խորշերի կողային պատերը սրբատաշ են, իսկ հատակները հարթեցված են շաղախով: Ծածկերը պատրաստված են տարբեր չափերի կրաքարով և կրաշաղախով։

Դամբարան-մասունքարանի հնագիտական աշխատանքների ժամանակ հայտնաբերված փոքրաքանակ և հիմնականում քայքայված խեցեղենի բեկորների մեջ ուշագրավ են հարավային պատի վնասված խորշից դուրս բերված վաղմիջնադարյան երեքնուկաձև լայնաբերան սափորի մասամբ ամբողջացող կտորները և կառույցի տարբեր հատվածներից ու խորություններից դուրս եկած անտիկ գունազարդ խեցեղենի ամբողջացող բեկորի երեք տարբեր հատվածները: Հայտնաբերվել է նաև կղմինդրի 3 ամբողջացող բեկորներ, կանաչ ապակու բեկոր և այլն: Հայտնաբերված սրբատաշ ու կոպտատաշ քարաբեկորների մեջ ուշագրավ է 10 սմ երկարությամբ վաղմիջնադարյան թևավոր խաչի խաչաթևի բեկորը:

Կառույցի հատակին՝ հյուսիսային պատի տակ՝ հատակի սալաքարի վրա, առկա էր արևելք-արևմուտք ուղղվածությամբ դիադրում. հանգուցյալին ոչ թե թաղել են, այլ ուղղակի աճյունը դրվել է հատակին: Իր նախնական դիրքում առկա էին միայն կողոսկրերի, ողերի մի մասը ու վերին ձախ վերջույթը, իսկ վերջույթների մի մասն ու գանգի մի կտորը գտնվում էր կառույցի հարավարևելյան հատվածում՝ հատակի սալաքարի տակ, խմբված վիճակում: Ընդհանուր տպավորությունն այն է, որ գործ ունենք ոչ թե թաղման, այլ հատակի վրա մահացածի հետ, որի ոսկորնեըը հետագայում ցրվել են հատակի տարբեր մասերով: Բացառված չէ, որ դրանք սրբի մասունքներ են, որ ցրվել են կամ գուցե թաքցվել են ինչ որ արտառոց պայմաններում: Նկատի ունենալով հատուկ խորշերի առկայությունը, բեմի բացակայությունը և նրա նմանությունը Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի մասունքարանի հետ, ավելի քան հավանական է, որ գործ ունենք ոչ թե դամբարանի, այլ սրբերի մասունքներն ամփոփող կառույցի հետ: Շինարարական տեխնիկան, սալերի մշակումն ու չափերը, գործառույթը հիմք են տալիս մասունքարանը թվագրել 5-6-րդ դարերով և համարել Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի դրևորումներից մեկը:

Նկ․ 3 Ցիցսարի մատուռը և շրջակայքը, 2020 թ․։

Մատուռը

Ցիցսարի պեղումների ենթարկված մյուս կառույցը գտնվում է սարի ամենաբարձրադիր հատվածում՝ դամբարան-մասունքարանից 22 մետր դեպի հարավ։

Հնագիտական աշխատանքների արդյունքում այստեղ հայտնաբերվել է ուղղանկյուն կառույց, արևմուտք-արևելք ուղղվածությամբ, կառուցված սրբատաշ կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ շարվածքից պահպանված է միայն հարավային պատի մի հատվածը, որը արտաքինից ունի 3,13 մետր երկարություն (6 քար), իսկ ներսի հատվածում 3,40 մետր երկարություն (7 քար, որոնցից 2-ն ընկած են)։ Պատն ունի 1,20 մետր լայնություն։ Սրբատաշ քարերը շարված են կոպտատաշ հիմնաքարերի կամ հարթեցված ժայռի վրա։ Կառույցի մյուս հատվածներում պահպանվել են միայն պատերի հիմնաքարերը։

Ընդհանուր առմամբ պահպանված հատվածները ցույց են տալիս 8,5 մետր երկարությամբ և 5,15 մետր լայնությամբ հստակ արևմուտք-արևելք ուղղվածություն ունեցող վաղմիջնադարյան մատուռ։

Մատուռն արևելյան կողմում  ունի խորան, որի հատվածից դուրս են եկել մեծ թվով գոգավոր տաշվածքով քարեր, ինչը խոսում է կիսաշրջան գմբեթարդի առկայության մասին։ Խորանի համար բեմառէջք է հանդիսացել տաշված ժայռը, որի կենտրոնական հատվածում նույն ժայռից պատրաստել են 1 աստիճան, խորան բարձրանալու համար։ Խորանի հատակից պահպանվել է միայն երկու սրբատաշ սալաքար, որոնք էլ ցույց են տալիս, որ խորանը աղթասրահից բարձր է եղել 0,80 մետրով։

Նկ․ 4 Մատուռից հայտնաբերված արձանագրության հատվածը, 2020 թ․։

Աղոթասրահն ունի 4,5 մետր երկարություն և 2,5 մետր լայնություն։ Նրա հատակի արևմտյան հատվածը պատրաստել են հիմնաժայռը հարթեցնելով, իսկ արևելյան հատվածը շարունակվում է տոփանված կավահողով։ Հստակ երևում է միայն մատուռի հարավային մուտքը, որի առկայությունը փաստվում է հարավային պատի պահպանված հատվածի վրա։

Հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ սրբատաշ քարեր, այդ թվում գոգավոր մակերեսով, ատամնավոր քիվի բեկորներ և այլն։ Պեղումների ընթացքում դուրս եկած խաչապատկերներից են 8-9-րդ դարերով թվագրվող բեկորները։ Օրինակներից մեկում խաչը պատկերված է սրբատաշ անկյունաքարի վրա ետնախորքը հեռացնելու միջոցով, ունի միաբողբոջ վերջավորություններ, վերին և ներքին ձգված թևեր։ Գտնված խաչապատկերներից են նաև երկարավուն, գոգավոր-սրբատաշ քարի ճակատային մասում կոպիտ ձևով փորված երկու մեծ և փոքր խաչերը, շրջանի մեջ ներառված  վաղմիջնադարյան հավասարաթև խաչով բեկորը։ Ուշագրավ են 12-14-րդ դարերով թվագրվող փոքր չափերի խաչքարի երկու հատվածները, մատուռի արևելյան և հարավային կողմերից գտնված միևնույն խաչքարի վարդյակի իրար միացող հատվածները և այլն։

Նկ․ 5 Ցիցսարի մատուռի պեղումներից հայտնաբերված ձիթաճրագներից, 2020 թ․։

Գտածոների մեջ հատկապես կարևոր է մատուռի հարավային սրբատաշ պատի վրայից ընկած սալը, որի վրա պահպանվել է 11-13-րդ դարերով թվագրվող (ըստ տառաձևերի) հնգատող հայերեն արձանագրության հատվածը։ Սալի երկու կողային հատվածներն էլ կոտրված են, արդյունքում պահպանվել է միայն արձանագրության կենտրոնական հատվածը։ Գտնվել է նաև վաղմիջնադարյան արձանագրության մի փոքրիկ բեկոր:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև անտիկ և միջնադարյան խեցեղեն։ Առկա է անտիկ գունազարդ խեցեղենի երկու բեկոր, որոնք իրենց ձևով նույնանում են 2019 թվականին Ցիցսարի դամբարան-մասունքարանից գտնված անտիկ գունազարդ անոթի բեկորների հետ։ Միջնադարյան խեցեղենը ներկայանում է 7-9-րդ, 9-11-րդ, 12-14-րդ դարերով թվագրվող բեկորներով, որոնց մեջ աչքի են ընկնում մեծ քանակությամբ տարբեր չափերի և ձևերի ձիթաճրագները։ Հայտնաբերվել են նաև խեցեղենի երեք ջնարակապատ բեկոր, ապակե անոթների բեկորներ, երկաթե գամ և այլն։

Կարելի է եզրակացնել, որ մատուռը կառուցվել է վաղ միջնադարում և գործել մինչև 14-րդ դարը: Ժամանակի ընթացքում նրա պատերին փորագրվել են խաչային հորինվածքներ, արձանագրություններ, շրջակայքում կանգնեցվել են խաչքարեր: