Արցախի Տիգրանակերտի տարածքը կազմում է 70 հեկտար, պեղված է այդ տարածքից 1,8-1,9 հեկտարը: Panorama.am-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ թեև տարածքի առումով քիչ է, բայց քաղաքի կերպարի որոշակի կարևոր կետեր բացահայտված են:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսի սկզբից կվերսկսվեն պեղումները, Արցախի իշխանությունները պեղումների համար հատկացրել են 10 միլիոն դրամ. «Այդ գումարը հնարավորություն է տալիս հոգալու արշավախմբային ծախսերը, իրականացել 25 օր պեղումները»:
Հ. Պետրոսյանն ասաց, որ երեք մեծ ծրագիր են ներկայացրել իրականացնելու համար:
«Այդ ծրագրերն ուղարկել ենք նաև որոշ գործարարներին՝ իրենց խնդրանքով, բայց առայժմ պատասխան չկա»,- ասաց արշավախմբի ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ շարունակելու են ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի պեղումները, փորձելու են անտիկ դամբարանադաշտի թաղումների տեղը պարզել հատուկ լուսանկարման միջոցով, պեղել նոր տարածքներ:
«Դամբարանադաշտի պեղումները շատ կարևոր են: Թաղումների մեջ հաճախ ենք դրամներ գտնում: Ընդամենը երկու դամբարան ենք պեղել, հայտնաբերել ենք 6 պարթևական դրամ, վերաբերում են մ.թ..ա 1-ի դարի կեսերին: Տիրգան Մեծի դրամների շրջանառությունը շատ փոքր է, եթե վերցնենք ժամանակի մեջ: Եթե մի 100 դրամ գտնենք, դրանց մեջ Տիգրան Մեծին վերաբերող դրամները քիչ տոկոս կկազմեն: Առնվազն 30-40 թաղում պետք է պեղենք այդքան դրամ գտնելու համար, ինչը մեծ ծավալի աշխատանքների հետ է կապված: Մենք չենք կարող տեխնիկա կիրառել, դամբարանների տեղը որոշելու համար ժամանակակից մեթոդներ կան, որը բավականին թանկ է»,- նշեց հնագետը:
Հ. Պետրոսյանը նաև հայտնեց, որ կարևոր ծրագիր ունեն կապված Տիգրանակերտի ջրանցքի հետ, որը շատ տեղերում ժայռափոր է: Նա գնահատմամբ, այն եզակի հուշարձան է: