
2007 թվականի դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի և նույն արշավախմբի անդամ Վարդգես Սաֆարյանի հետ քննարկել է Արցախի Տիգրանակարետի պեղումների հետ կապված մի շարք հարցեր:
Կարևորելով Տիգրանակերտի նշանակությունը գիտական և քաղաքական տեսակետից, նախագահն ընդգծել է իրականացվող աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Սահակյանի խոսքերով անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, ինչպես նաև այդ գործընթացում ակտիվորեն ներգրավել Սփյուռքի մեր հայրենակիցներին, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը: