2007 թվականի մարտի 1-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Տիգրանակերտի հայտնագործմանը նվիրված ցուցահանդես: Բացմանը հաջորդեց Տիգրանակերտին նվիրված գիտաժողով: Ցուցահանդեսի կազմակերպիչները Տիգրանակերտի պեղումներին մեծապես աջակցած` Շվեյցարահայ ու Փիլիպոսյան միություններն էին` ի դեմս նրանց նախագահ, հայտնի բարերար Վահե Գաբրաշի:
Ցուցահանդեսի բացմանը և գիտաժողովին ներկա էին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան պրն. Զոհրապ Մնացականյանը, շվեյցարահայ հայտնի գործիչներ, համայնքի բազմաթիվ անդամներ:
Գիտաժողովը իրենց ելույթներով բացեցին Վահե Գաբրաշն ու Երկիր միության նախագահ Սևակ Արծրունին: Տիգրանակերտի հայտնագործման և պեղումների մանրամասները ներկայացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Տիգրան Մեծի գործունեությանը նվիրված զեկուցումով հանդես եկավ Լեչեի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան: Վիրտուալ Տիգրանակերտի ստեղծման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների Ազգային կենտրոնի աշխատակից, դոկտոր Գուրգեն Դավթյանը: