Skip to main content

Տիգրանակերտի պեղումներն ընդլայնվում են

Երկու շաբաթ է, ինչ Տիգրանակերտում մաքրման աշխատանքներից հետո ընթանում են հնագիտական պեղումները՝ ներառելով երեք հիմնական համալիր:

Ա. Ամրացված թաղամասի արևելյան պարիսպ, ուր բացվում է պարսպահատվածի հերթական զիգզագը (նկ. 1, 2): Հարյուրավոր կլիոգրամների հասնող բլոկներն ունեն արտաքին բարձիկային մշակում, եզրերի թեք կտրվածքներ, իրար են միանում ծիծեռնակապոչ կապերով: Սա դասական հելլենիստական շինտեխնիկա է, որով իրականացված է Տիգրանակերտի ամրաշինական համակարգը:

Բ. Անտիկ երկրորդ թաղամասում պեղումները երևան են բերում Տիգրանի և նրան հաջորդող ժամանակների քաղաքային թաղամասի կառույցները՝ իրականացված ճեղքած կրաքարով, կավով, հում աղյուսով և, եզակի դեպքերում էլ ՝ կրաշաղախով (նկ. 3,4): Հնագիտական գտածոների մեջ առանձնակի են կարճ դաշույնը և ապակյա կաթնագոււյն թասի բեկորը:

Գ. Վաղքրիստոնեական թաղամասում պեղումներն ընդգրկում են քաղաքային եկեղեցու հարավային բակի մի հատվածը: 12-13-րդ դարի կառույցներն այստեղ ունեն անկանոն և խճողված հատակագծում, աչքի են ընկնում բակային մեծ թոնիրները (նկ. 5, 6):

Հուլիսի 29-ին մեկնարկեցին նաև չորրորդ տեղամասի պեղումները (նկ. 7, 8): Դա Ցիցսարի գագաթին գտնվող պաշտամունքային համալիրի երկրորդ կառույցն է, որն ամենայն հավանականությամբ եկեղեցի է (նկ. 9, 10, 11, 12): Անցած տարի այստեղ պեղվել է գետնափոր դամբարան՝ կառուցված սրբատաշ քարերով և կրաշաղախով (նկ. 13, 14): Ցիցսարի պաշտամունքային համալիրի պեղումները հնարավորություն են տալիս Տիգրանակերտում՝ Վաղքրիստոնեական հրապարակի, Վանքասարի եկեղեցու, Խաչենագետի ափի քարայրային-պաշատմունքային համալիրին հավելել չորրորդ վաղքրիստոնեական համալիրը, ինչն ամբողջացոնւմ է քաղաքի սրբազան լանդշաֆտը: