Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ եւ«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ հունիսի 25-ից օգոստոսի 22-ը վերսկսվել և ընթացել են Արցախի Տիգրանակերտի պեղումները: Պեղումների մոտավոր մակերեսը կազմել է 800 քառ. մետր, միջին խորությունը՝ 3,0 մետր:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը, ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի պեղումները, որոնք բացել են պարսպի շուրջ 35 մետր նոր հատվածը, ցույց են տալիս, որ պարիսպը շեշտակի թեքվում է դեպի հարավ և ձևավորում հերթական՝ հինգերորդ կլոր աշտարակը, որի տրամագիծը մոտ 9 մետր է: Այս թեքումը հնարավորություն է տալիս ենթադրել, որ պարսիպը աստիճանաբար մոտենում է հարավային պարսպին, և կարող է ավարտվել Արքայկան աղբյուրներին չհասած: Ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ սպասելի է Ամրացված թաղամասի գլխավոր մուտքի հայտնաբերումը:
Առաջին անտիկ թաղամասում շարունակվել են դեպի հյուսիս տարածվող բնակելի-տնտեսական համալիրների պեղումները: Ուղղանկյուն հատակագծումով համալիրները խմբավորվում են հիմնական պատի առանցքի երկու կողմերում: Պեղումները վկայում են այս համալրիների արհեստագործական և երկրագործական մթերքների մշակման հետ կապված զբաղմունքների մասին: Բնակիչների ակնհայտ քաղաքային կենցաղի վկայություններ են ոչ միայն համալիրների կանոնավոր՝ «հանրակացարանային» բնույթի կառուցապատումը, այլ նաև զուտ քաղաքային բարձրորակ խեցեղենը և կենցաղային իրերը: Թաղամասի այս հատվածը վաղ միջնադարում վեր է ածվել գերեզմանոցի:
Պեղումները վաղքրիստոնեական հրապարակում նշնանավորվել են մի շարք ուշագրավ գյուտերով: Դա նախ և առաջ վաղքրիստոնեական դամբարանի հայտնաբերումն էր երկրորդ եկեղեցու արևելյան խորանի տակ: Այն ունի արեմուտք-արևելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերևս Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ` վաղքրիստոնեական մշակույթում Խիստ ուշագրավ է նաև երկրորդ եկեղեցու արևմտյան և հյուսիսիային պատերի և սալահատակի պահպանված հատվածների բացումը, եկեղեցու արևմտյան բակում տապանաբակի հայտնաբերումը, որն այսօր ներկայանում է սալարկղային և սարկոֆագային մեծադիր գերեզմաններով:
2014թ. պեղումներից հետո հստակորեն կարելի է վերականգնել Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակի գոյացման ընթացքը. սրբերի մասունքներով դամբարանի կառուցում, որի վրա հիմնվում է այդ սրբերին նվիրված եկեղեցին, ապա հուշակոթողի կառուցում նրանից հարավ-արևելք, ապա քաղաքային մեծ եկեղեցու կառուցում սրբերին նվիրված եկեղեցու հարավային կողմում: Պեղումներն այս հատվածում երևան են բերել նաև 12-13 և 10-11-րդ դարերի բնակելի-տնտեսակաան համալիրներ՝ տարատիպ թոնիրներով, տնետեսական հորերով, ամանեղենի և կենցաղային իրերի ուշագրավ օրինակներով: