Skip to main content

Տիգրանակերտը և հասարակությունը

Տիգրանակերտը և Արցախի մշակութային ժառանգությունը

Տարիներ առաջ, 2005-2006 թվականներին, երբ նոր էր սկսվել Տիգրանակերտի հետազոտությունը, երբ այն համարյա անձնական նախաձեռնության կարգավիճակում էր՝ տարբեր պետական կամ մասնավոր հիմնարկներից պեղման համար ֆինանսներ հայթայթելու համար ծրագրեր էինք գրում, որի ներածականը մոտավորապես այսպիսի տեսք ուներ. «Հանրահայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ կարևոր դերակատարում ունեն և պատմա-մշակութային բնույթի փաստարկները: Արցախի՝ բնիկ պատմական հայկական տարածք լինելու և մինչև 18-րդ դար համարյա միատարր էթնիկ բնակչություն ունենալու հանգամանքները մի անգամ չէ, որ կարևորվել են ղարաբաղյան խնդրի զանազան մակարդակի քննարկումներում և այդ խնդրի լուծմանը միտված մոտեցումներում: Ցավոք, Արցախի շուրջ հայ-ադրբեջանական վեճն ընթացել, ընթանում է և տեսանելի ապագայում էլ ընթանալու է որպես պատմական վեճ: Այս առումով հայաստանյան արդի հայագիտության կարևոր խնդիրներից մեկն էլ Արցախի ընդգծված էթնամշակութային կերպար ունեցող հուշարձանների և պատմական իրողությունների հայտնաբերումը, ուսումնասիրությունը և ներկայացումն է պետական մարմիններին, հասարակությանն ու քաղաքական գործիչներին»: Գուցե հայտնի չափով քաղաքականությանն առնչվող ծրագրային այս խոսքերն այդ ժամանակ պիտի ասվեին պետական մարմնի, այլ ոչ թե կոնկրետ հետազոտողի կողմից, որի միակ նպատակը պիտի լիներ գիտական հետազոտությունը և նրան առնչվող տեսական ու մեթոդաբանական խնդիրները: Բայց այն ժամանակ այդպիսին էր ռեալությունը: Սպասել, որ պետությունն ինքը կնախաձեռնի Տիգրանակերտի հայտնագործման ընթացքը համարյա հավասար էր զրոյի: Եվ ահա տարիներ անց, 2011 թվականին ապրիլինն ինտերնետային կայքերից մեկում լույս տեսավ «Որպեսզի Ստեփանակերտը չդառնա Տիգրանակերտ» երկիմաստ վերնագրով հողվածը, որտեղ հեղինակը պնդում է, թե Ադրբեջանի դեմ մղվող քարոզչական պատերազմը Հայաստանում այլևս դարձել է ներքին սպառման ապրանք, մենք ինքներս սկսել ենք մեզ ապացուցել, որ Արցախը հայկական է»: Ի մասնավորի, ուշադրություն դարձնենք հետևյալ մտքի վրա. «պրոբլեմն այն է, որ ԼՂ հարցը ոչ թե պատմական կամ պատմագիտական խնդիր է, այլ քաղաքական, աշխարհաքաղաքական, և այն պետք է լուծվի գործող աշխարհակարգի կանոններով»: Այո դա աշխարհաքաղաքական վեճ է և այն ունի իր հստակ պատմա-մշակութային բաղադրիչը և քաղաքականություն վարողները պիտի դա նույնպես նկատի ունենան:

Ադրբեջանական անդրադարձները

Այս ընթացքի ետնախորքի վրա խիստ ուշագրավ է ադրբեջանական հակաքարոզչության քննությունը: Այն կարելի է բնութագրել որպես անլրջությունից դեպի զգաստացում, փաստերի անտեսումից մինչև դրանց ընդունման ու մեկնաբանության գործընթաց, որի քննությունն օգնում է հասկանալ նաև սեփական ձեռնարկումների հաջողության և անհաջողության պատճառները:

Առաջինը դա օպերատիվություն է: 2006 թվականի պեղումներից անմիջապես հետո Ադրբեջանական մամուլն ու կայքէջերը հայտնում էին մեր պեղումների մասին: Այդպես էր և հետագա տարիներին՝ սկսած ֆինանսավորումից, պեղումների տևողությունից, արշավախմբի եզրակացություններից, թեև ակնհայտորեն խուսափում են հուշարձանի ընդհանրական տեսքը ներառող լուսանկարների օգտագործումից: Օրինակ, ադրբեջանական և ոչ մի կայքում հնարավոր չէ հանդիպել Տիգրանակերտի պարիսպների լուսանկարների, որոնք լայնորեն տարածված են ինտերնետում: Սկզբում միայն կատակներ, քամահրանք, որ կարելի է անվանել առաջի փուլ: Երկրորդ փուլում արդեն փորձում էին մի քիչ լրջանալ և միայն քաղաքական պատասխաններ փնտրել մեր նախաձեռնությունների մեջ: Միանում է նաև Ադրբեջանի ակադեմիան, որը հատուկ որոշում է ընդունում Տիգրանակերտի պեղումների վերաբերյալ, ընդ որում այդ որոշումը տեղադրվում է նաև Ադրբեջանի Ազգային անվտանգության հաստատության կայքում: Իմիջիայլոց, նույն լրատվամիջոցներում շեշտվել է նաև հայաստանյան իշխանությունների և Գիտությունների Ազգային Ակադեմիայի զգուշավոր կեցվածքը և դա մեկնաբանվել որպես մեր ձեռնարկման անլրջության նշան: Ստեղծվել էր այնպիսի մի ռեալություն, երբ արշավախումբը և նրա ղեկավարն են  միայն պատասխանատու Ադրբեջանի հակաքարոզչության համար: Արշավախմբին մնում էր պատասխանել նոր պեղումներով ու փաստերով և դրանք արագ շրջանռության մեջ դնելով: Արդեն 2008 թվականից ինտերնետային կայքերում Տիգրանակերտի ամենավերջին պեղումների արդյունքները ներկայացվում էին մի քանի տասնյակի հասնող գրառումներով, նյութերի ու կառույցների լուսանկարներով: Եվ դժվար էր ադրբեջանցի հետազոտողի համար պնդել, թե այնտեղ քաղաք չկա, անհնար էր պնդել, թե դա անտիկ քաղաք չէ, ավելին, հոդվածներ էին գրում նույնիսկ այն մասին, որ եղել է Տիգրանակերտ քաղաքը, բայց այն աղվանական է եղել կամ այն չի եղել այն տեղում, որտեղ մենք ենք գտել: Այսինքն, ընդունում են, որ հայ հնագետները հայտնաբերել են Տիգրանի ժամանակների կառուցված մի քաղաք, որ սակայն Տիգրանակերըտը չէ: Մենք արդեն պեղել գիտենք, քաղաք գտնել կարող ենք, որ իրենք չեն էլ տեսել տասնյակ տարիներ այնտեղ աշխատելով, միակ կասկածն այն է, որ դա ոնց֊որ թե Տիգրանակերտը չէ, կասկած, որը որդեգրել էին նաև մի շարք հայ քաղաքական գործիչներ ու հայագետներ: Այս ամենին ավելանում էր և Ադրբեջանի պետական և ակադեմիական շրջանակների և լրատվամիջոցների քաղաքական վերաբերմունքը. դիմումներ միջազգային կառույցներին` արգելելու մեր պեղումները, արշավախմբին միջազգային մեկուսացման հասցնելու փորձեր, Արցախ այցելող օտարերկրացիներին «սև ցուցակների» կազմում և այլն: 

Հայկական անդրադարձները

Ակնհայտ հաջողությունների հետ մեկտեղ Տիգրանակերտի հանրահռչակման գործընթացը երևան բերեց նան հայաստանյան գիտական և մտավոր հանրույթի խայտաբղետության, գիտական հետազոտություններում սիրողականության և սնապարծության, մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության, գիտության և մշակույթի կառավարման հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Օրինակ, Տիգրանակերտի պեղումների ծավալմանը զուգահեռ հայ գիտական մտավորականության շրջանում աշխուժացել էին Արցախի Տիգրանակերտի շուրջ քննարկումները թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, ինչը խիստ ողջունելի էր, բայց տարօրինակ էր, որ դրանք նախ տեղի էին ունենում ոչ թե գիտական պարբերականներում, այլ լրագրերում կամ հեռուստատեսությամբ ու նույնիսկ Տիգրանակերտին նվիրված ֆիլմերում, և, ինչքան էլ որ զարմանալի լինի, դրանք ոչ թե միտված էին նորանոր փաստեր բերելու հօգուտ այդ հայտնագործման, այլ ընդհակառակը՝ հակված էին կասկածի տակ դնել հնագիտական փաստերը:

Բերենք ընդամենը երեք օրինակ:

Առաջինը դա ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահության խուսափողական վերաբերմունքն էր դեպի մեր աշխատանքները: 2009 թվականի մեր ասուլիսներից մեկին ի պատասխան տված հարցազրույցում ակադեմիայի այն ժամանակվա գիտքարտուղար ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը ակադեմիայի անտարբեր վերաբերմունքը պատճառաբանեց ակադեմիայի «լուրջ լինելու» հանգամանքով. ստացվում է, որ ակադեմիական ինստիտուտի արաշավախումբը արդեն չորս տարի անլուրջ գործով է զբաղվում, իսկ լուրջ ակադեմիան սպասողական դիրք է գրավել:

Երկրորդ օրինակը. Տիգրանակերտը հիմնել է ոչ թե Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95-55 թթ.), այլ Տիգրան Երվանդյանը, ով թագավորել է մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին: Այս տեսակետը առաջ էր տանում ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը, որն այս կարծիքը հայտնում էր նաև հենց մեր կողմից պեղվող Տիգրանակերտին նվիրված ֆիլմում: Նշենք, որ պեղումները երևան են բերել մ.թ.ա 1-ին դարում կառուցված քաղաք, և պնդել, թե այն հիմնադրվել է մի քանի հարյուր տարով ավելի վաղ, առանց լուրջ գիտական ապացույցների և այն էլ Արցախի Տիգրանակերտին նվիրված ֆիլմում, ուղղակի անհասկանալի էր: Սա նշանակում էր ուղղակի կասկածի տակ առնել Արցախի Տիգրանակերտը:

Երրորդ օրինակը՝ որն ուղղակի զավեշտ է հիշեցնում: Դա Արցախի զբոսաշրջության վարչության աշխատակից Սլավա Սարգսյանի ընդարձակ հոդվածն է` «Ազատ Արցախ» թերթում, որտեղ նա պնդում է, թե Տիգրանակերտի տեղական անունը՝ Տկռակերտը, որը Սարգիս Ջալալյանցից սկսած բոլոր հետազոտողները համարել են Տիգրանակերտի տեղական հնչողությունը, ավելի մոտ է պարսկերեն Թառանյուրտին, որն էլ ըստ հոդվածագրի որևէ կապ չունի Տիգրանակերտ անվան հետ: Այն մոնղոլների կողմից 13-րդ դարի կեսերին Դառանդաշտում կառուցված քաղաքի՝ ըստ իրեն «Դառանյուրտի» մնացորդներն են: Ստացվում է, որ իրականում ոչ մի Տիգրանակերտ էլ չկա, մոնղոլներն այստեղ մի քաղաք են կառուցել և այն կոչել Դառանյուրտ, պարսիկներն այն քմայնացրել են ու դարձրել են Թառնայուրտ, հայերն էլ այն անվանել են Տռկռակերտ: Եվ սա այն դեպում, երբ Տիգրանակերտը մոնղոլների արշավանքից հետո դադարել է գյություն ունենալ:

Մեր թիմի վերաբերմունքը

Մշակութային քաղաքականությունը վերջին տասնամյակներում աշխարհում փոխում է իր հիմնական հասկացությունն ու նպատակային ընկալումը: Մարդու մշակութային իրավունքը և մշակության դեմոկրատիայի ընկալումը, որպես մարդուն ուղղված քաղաքականություն, լայն տարածում են գտնում: Այս տեսակետից Տիգրանակերտի հայտնագործման ու հետազոտության ամենամեծ արդյունքն այն լայն ժողովրդականությունն էր, որ վայելում էր այս գյուտն ու հուշարձանը, այն հազարավոր մարդկանց հոսքն էր, ներառյալ միջազգային ու հայրենի քաղաքական գործիչները, որ գալիս էին այստեղ՝ ամենևին նկատի չունենալով, թե ինչ չափով է սա պետական միջոցառում կամ թե հայրենի գիտնականները ինչ լրջությամբ են այն ներկայացնում և ինչ կասկածներ են հայտնում: Մարդու մշակույթի իրավունքներով, մշակութային ժառանգության խնդիրներով զբաղվող միջազգային ամենհզոր կառույցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սակայն ոչ միայն անտարբեր էր այս ամենի հանդեպ, այլև ըստ էության պաշտպանում էր Ադրբեջանին: ՅՈՒՆԵՍԿՈՆ երկու անգամ հրաժարվել է ընդունել կոնֆլիկտի գոտում և ի մասնավորի Տիգրանակերտի շրջակայքի բոլոր հուշարձանները, ներառյալ և իսլամական հուշարձանները, չեզոք, զուտ մասնագիտական ինտերնետային պորտալ ստեղծելու մեր թիմի նախագծերը՝ միայն մեկ պատճառաբանությամբ՝ այդ տարածքներին վերաբերող մշակութային ծրագրերը քննարկման չեն ընդունվում: Այո, Արցախը  միջազգայնորեն չճանաչված քաղաքական կազմավորում էր։ Բայց դա չի նշանակում է, թե Արցախի ժովուրդը չունի մշակույթի իրավունք, մշակութային ժառանգության օգնությամբ սեփական ինքնությունը կայացնելու և ամրապնդելու իրավունք: Հենց Արցախում էր, որ փորձ ենք արել մշակույթը դարձնել մարդու անկապտելի իրավունքը, նրա ինքնության կերտողն ու պահպանողը:

Տիգրանակերտի հայտնագործումը մեր թիմի համար սկզբնապես մի նախաձեռնություն էր, որով ուզում էինք պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայերն Արցախում հայտնվել են տասնիններորդ դարում: Բայց հետագայում, տեսնելով հուշարձանի հանդեպ հազարավոր մարդկանց տածած գորովանքը, հպարտությունը, մենք եկանք այն եզրակացության այն Արցախի մշակութային առաջընթացի ազդակներից մեկն է և այն պիտի շարունակել:

Նկ․ 1 Ադրբեջանցի հնագետ Մ. Խալիլովի հոդվածը՝ վերնագրված «Աղվանքի Տիգրանակերտի տեղադրության շուրջ»:
Նկ․ 2 Տիգրանակերտի հետազոտության վերաբերյալ Արցախի կառավարությանը կից Հնագիտական հանձնաժողովի թույլատրությունները (2008, 2016, 2020 թվականներ):
Նկ․ 3 Տիգրանակերտի հետազոտության վերաբերյալ Արցախի կառավարությանը կից Հնագիտական հանձնաժողովի թույլատրությունները (2008, 2016, 2020 թվականներ):
Նկ․ 4 Տիգրանակերտի հետազոտության վերաբերյալ Արցախի կառավարությանը կից Հնագիտական հանձնաժողովի թույլատրությունները (2008, 2016, 2020 թվականներ):