Skip to main content

Տիգրանակերտը ադրբեջանական մերօրյա մեդիատիրույթում

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի Տիգրանակերտի հնավայրը նույնպես անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, քանի որ խորհրդային վարչատարածքային բաժանմամբ այն գտնվում էր նախկին ԱդրՍՍՀ Աղդամի շրջանում: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ «հայկական օկուպացիայից ազատագրվել է» Փանահ խանի կողմից կառուցված Շահբուլաղ պատմական ամրոցը՝ բնականաբար և ոչ մի խոսք չասելով Տիգրանակերտի մասին: Ամբողջ դեկտեմբեր-հունվար ամիսներին ադրբեջանական լրատվականներով ցուցադրվում էր, թե ինչպես է Արցախի Տիգրանակերտի տարածքում 18-րդ դարում կառուցված Փանահի ամրոցի վրա ամրացվում ադրբեջանական դրոշը:

Պաշտոնական տեսանյութերում կադրեր էին ցուցադրվում ամրոցից և նրանից ցած գտնվող Արքայական աղբյուրների պուրակից: Պաշտոնական կադրերից պարզ էր, որ Ադրբեջանը ոչ մի խոսք չի ասելու Արցախի Տիգրանակերտ հնավայրի, պեղավայրի տարածքի, դրա պատկանելության և բնույթի մասին: Բացառություն կազմեց միայն Ադրբեջանի հակահայ քարոզչության խոսափող Րիզվան Հուսեյնովը, ով մի շարք լրագրողների հետ դեկտեմբերի 4-6-ը գործուղվել էր Աղդամի շրջան: Նա մի համառոտ տեսանյութ հրապարակեց Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակից՝ ամբողջ տարածքը բնութագրելով որպես Փանահի օրոք կառուցված, փոքր եկեղեցու խորանին ներկառուցված մասունքարանը կոչելով բաղնիք, սարկոֆագները, որոնց մեջ դեռ մնում են կմախքները՝ ջրի ցիստեռներ: Դրանից հետո պաշտոնական լրահոսով Տիգրանակերտ հնավայրի և ոչ մի հատված չի ցուցադրվել կամ մեկնաբանվել:

2020 թվականի դեկտեմբեր-2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին համացանցում կարելի էր հանդիպել ադրբեջանցի զինվորականների կողմից արված լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ բոլորն անխտիր խոսում էին Փանահի ամրոցի մասին, տեսանյութերում գրեթե չկային կադրեր Տիգրանակերտ հնավայրից: Բացառություն են կազմել մի քանի տեսանյութեր, որտեղ օգտատերերը հեռվից նկարահանել են Տիգրանակերտի Ամրացված թաղամասի պարիսպները, բնականաբար և ոչ մի բացատրություն չտալով: Որոշ տեսանյութերից երևում է, որ ադրբեջանցի զինվորականները պատռում են Տիգրանակերտի թանգարանի տարածքում գտնվող ցուցապաստառները, տոմսերը՝ դրանք ուղեկցելով  հայերի հանդեպ վիրավորական և հայհոյախառը մեկնաբանություններով: Կարող ենք եզրակացնել, որ նշված ժամանակահատվածում այդ տարածքները իսպառ փակ էին այցելությունների համար:

Ավելի ուշ՝ 2021 թվականի ընթացքում ադրբեջանական կողմը կազմակերպում էր  տարաբնույթ տեղական և միջազգային լրագրողների, համացանցային բլոգերների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և հատկապես Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այցեր՝ «հայերի կողմից արված ավերածությունները» ցուցադրելու համար: Այս այցերի ժամանակ առանցքային կարևորություն ունեին Տիգրանակերտ այցերը, որտեղ այցելուներին ցուցադրում էին միայն Փանահի կառուցած ամրոցն ու մզկիթը:

Այս բոլոր այցելությունների ժամանակ առաջ էր տարվում քարոզչական այն թեզը, թե հայերը վնասել են Փանահի ամրոցը և մզկիթը՝ այն սխալ վերականգնելով և հայկականացնելով և տարածքում անօրինական պեղումներ իրականացնելով ու  գտնված ադրբեջանական մշակույթի հետքերը հայկական ներկայացնելով: Այսպիսի այցերից մեկի ժամանակ էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ վերջացել է Տիգրանակերտի մասին կեղծ առասպելական պատմությունը: Նշենք, որ այս բոլոր այցերի գլխավոր կազմակերպիչը, խորհրդատուն, իսկ դիվանագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերի ժամանակ ուղեկցողն ու բացատրություններ անձամբ տվողը հենց Հիքմեթ Հաջիևն էր:

2021 թվականի ամռանը Տիգրանակերտ այցելեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պաշտոնական տեսանյութերից և լուսանկարներից երևում է, որ նա այցելել է միայն Փանահի ամրոցը և մզկիթը, որտեղ իրեն ներկայացրել են դրանց պատմական տեսքի վերականգնման և տարածքում հնագիտական, պատմական արգելոցի ստեղծման նախագծերը:

2022 թվականի հունվարի 24-ից ադրբեջանական կողմը հատուկ զբոսաշրջային ուղևորությունների փաթեթ մշակեց ադրբեջանցիների համար, որի ուղղություններից մեկը դարձավ Աղդամը: Այդ ուղևորության շրջանակում ադրբեջանցիները հատուկ ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսներով, ուղեկցող զբոսավարով և կազմակերպչով այցելում են «ազատագրված» Աղդամ քաղաք և Շահբուլաղ ամրոց, որտեղ անցկացնում են նաև իրենց հանգիստը Արքայական պուրակների հատվածում: Արքայական աղբյուրների պուրակում ադրբեջանցիները տեղադրել են տաղավարներ, հարմարություններ խորոված և թեյ պատրաստելու համար՝ պատմական միջավայրը վերածելով պիկնիկի վայրի: Առավել զարմանալին, որ իրենք դա սկզբնապես տեղադրել էին մզկիթի առջև պեղված ավազանի տարածքում: Որոշ լուսանկարներից կարող ենք ենթադրել, որ մզկիթի ներսույթն էլ օգտագործվում է որպես պահեստ, քանի որ ներսը նկատելի են տարբեր առարկաներ, խողովակներ: Մզկիթի առջև տեղադրել են ջրի ծորակ, իսկ հուշարձանի վաղքրիստոնեական սարկոֆագն էլ դարձրել ջրի նավ: Եվ սա պատմական միջավայրի պահպանության ադրբեջանական օրինակներից մեկն է միայն: Նկատենք, որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտության տասնվեց տարիների ընթացքում արշավախումբը թույլ չի տվել քաղաքի պատմական միջավայրի որևէ արհեստական փոփոխություն:

2022 թվականի զբոսաշրջային հատուկ ուղևորությունների կազմակերպումից հետո դիտարկելով ադրբեջանական գրեթե ողջ մեդիա տիրույթը, սոցիալական տարաբնույթ ցանցերը՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական մեդիա տիրույթում խոսվում է միայն 18-րդ դարում Տիգրանակերտ քաղաքի ավերակների վրա Փանահ խանի ամրոցի և, առանձին դեպքերում, մզկիթի մասին: Միտումնավոր կերպով անտեսվում է անտիկ Տիգրանակերտը՝ ամրացված թաղամասը, հզոր պարիսպները, անտիկ թաղամասերը, բազիլիկ մեծ եկեղեցին.  չկան նաև հնավայրը ցուցադրող կադրեր կամ լուսանկարներ՝ անգամ հեռվից նկարահանված: Նույն պատկերը չնչին բացառություններով կարող ենք տեսնել նաև սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում, որտեղ կարող ենք գտնել հարյուրավոր լուսանկարներև և տեսանյութեր, որոնք արվել են Փանահի ամրոցում, Արքայական պուրակում կամ մզկիթին կից, սակայն գրեթե ոչ մի լուսանկար Տիգրանակերտ հնավայրից: 

Դատելով, թե ինչպես է ներկայացվում Փանահի ամրոցը ադրբեջանական մեդիատիրույթում, կարող ենք եզրակացնել, որ Շահբուլաղի ամրոցը Ղարաբաղի տարածքում Շուշիին զուգահեռ ներկայացվում է որպես ադրբեջանական ինքնության, ներկայության, պետական պատմության կարևոր խորհրդանիշ, որտեղ առանցքային միտքն այն է, որ Ղարաբաղի խանության հիմնադիր Փանահ խան իր առաջին նստոցը դարձրել էր հենց այս ամրոցը: Այս տիրույթում Ղարաբաղի խանությունը ներկայացվում է որպես ադրբեջանական պետականության դրսևորումներից մեկը (նկ. 1-4):

Նկ․ 1 Բաքվից Աղդամ և Տիգրանակերտ ուղևորվող ավտոբուսը։
Նկ․ 2 Վաղքրիստոնեական թաղամասից Շահբուլաղի մզկիթի մոտ բերված սարկոֆագ։
Նկ․ 3 Ադրբեջանական դրոշը Փանահի կառուցած ամրոցի աշտարակին։
Նկ․ 4 Տիգրանակերտի ամրացված թաղամասը

Անտիկ և վաղքրիստոնեական Տիգրանակերտի մասին լռում են նաև ադրբեջանցի հնագետներն ու պատմաբանները: Փոխարենը՝ բամբասանք, հոխորտանք, սպառնալիք՝ ինչքան ասեք:  Իսկ ամենահիմնական փաստարկը՝ Տիգրանակերտի մեր թվականությունից առաջ առաջին դարի դասական հելլենիստական ամրաշինական համակարգը (նկ. 5, 6), որ քաղաքի ինքնության ամենաէական փաստարկն է, այդպես էլ շրջանցվում է։ Ադրբեջանցի «հետազոտողները» համառորեն չեն տեսնում մոտ մեկ կիլոմետր երկարությամբ պեղումներով բացված պարիսպները, կլոր և ուղղանկյուն աշտարակները, մինչև մեկ ու կես տոննա քաշ ունեցող կվադրերը, կվադրերի ռուստիկ մշակումը, ծիծեռնակապոչ կապերը։ Չեն տեսնում, քանի որ այդ ամենն անհնար էր ստեղծել՝ առանց փոքրասիական և հայկական ճարտարապետական մտքի ու շինարարական տեխնիկայի հարյուրավոր մասնագետների ներգրավման, առանց կայսերական հզոր նախաձեռնության, որ կարող էր կենտրոնացնել այստեղ այդ ներուժը։ Դա արել է Տիգրան Մեծը՝ կառուցելով հզոր պաշտպանական համակարրգեր Արցախի և Ուտիքի գետահովիտների մուտքերի մոտ՝ պաշտպանելով լեռնաշխարհը և հսկողության տակ առնելով տափաստանները մինչև Կուր գետ։ Ադրբեջանական կողմը եթե ցանկանում է ապացուցել, որ հայերը սխալ հետազոտություններ են կատարել, կեղծել են և այլն, կարող են ակադեմիական բարեվարքության սահմաններում ներկայացնել իրենց փաստարկները, հիմնավորումները: Երկու տարի է Տիգրանակերտի մասին բացի էժանագին վերնագրերից այլ բան չկա: Չկա որևէ հակափաստարկ, հիմնավորում: Ադրբեջանական կողմը կարծես սովոր չի խոսել փաստերի և գիտության լեզվով:

Նկ․ 5 Տիգրանակերտի ամրացված թաղամասի հյուսիսային պարսպից հատված:
Նկ․ 6 Տիգրանակերտ այցելած ադրբեջանցիներ։

Տեքստում և տեսադարանում տեղադրված բոլոր լուսանկարները վերցված են հետևյալ ադրբեջանական կայքերից՝ www. sputnik. az, www. media. az, www. report. Az, www. azrforum. az կայքերից: