Skip to main content

Քաղաքը

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների (Շահբուլաղ) հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն (նկ. 1): Քաղաքը մ.թ.ա. 90-ական թվականների վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.): Քաղաքի հետքերը 2005 թվականին հայտնաբերել և նրա տարածքում մինչև 2020 թվականը ներառյալ հնագիտական պեղումներ է իրականացրել Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը: Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվել է հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թվականին ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը: Տիգրանակերտը գիտական շրջանակներին և հանրությանն առավել քաջածանոթ հնագիտական հուշարձանն է Արցախում:

2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Տիգրանակերտն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: