Skip to main content

Ժայռափոր հնձանը

Տիգրանակերտի ժայռափոր հնձանը հայտնաբերվել և պեղվել է 2012 թվականին: Այն գտնվում է Վանքասարի հարավ-արևմտյան ստորոտում, Ամրացված թաղամասի հարավային պարսպից ներքև, դեպի Արքայական աղբյուրներ իջնող ձորակի թեքադիր ժայռեղեն լանջին (նկ. 1, 2): Պեղումների արդյունքում՝ մակերեսից մոտ 1 մետր խորության մեջ բացվել է բազմանկյուն հատակագծով առագաստը, որից ճզմված խաղողահյութը լցվել է մակերեսից 1,45 մետր խորության մեջ գտնվող 0,40 x 0,45 մետր  չափերով տաքարի մեջ: Հնձանը բաղկացած է խաղողը ճզմելու ժայռափոր բազմանկյուն հարթակ-առագաստից (չափերը. երկ.՝ 2,20 մետր, լայն.՝ 1,76 մետր, խոր.՝0,4-0,2 մետր), ուր կարելի էր միանգամից ճզմել մոտ մեկ տոննա խաղող, և քաղցուն հավաքելու՝ նորից ժայռափոր հորից, որի տարողությունը մոտ 40 լիտր է, և հորից քաղցուն հանելու և տարողությունների մեջ լցնելու համար նախատեսված հատուկ հարթակից (նկ. 3): Հնձանի վերնամասում պահպանվել են երեք ս տառի տեսքով ակոսավոր փորվածք: Հավանական է, որ այն օգտագործվել է հնձանի վրա փայտե սյուներով ժամանակավոր ծածկ դնելու համար, ինչը խաղողի ճզման ժամանակ պահպանել է աշխատողներին արևից կամ անձրևից: Հնձանի կառուցման հավանական ժամանակը, նման քաղաքի մյուս ժայռափոր համալիրներին, կարելի համարել մ. թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարեըը: Իհարկե, ժայառափոր լինելու շնորհիվ այն կարող էր օգտագործվել դարեր շարունակ: Վանքասարի՝ Արքայական աղբյուրներին կից թեքադիր լանջերը չեն պեղվել: Բացառված չէ, որ աղբյուրներին կից թեքությունների վրա հայտնաբերվեին և այլ հնձաններ:

Նկ․ 1 Հնձանի օդանկարը:
Նկ․ 2 Հնձանի հատակագիծն ու երկայնական կտրվածքը:
Նկ․ 3 Հնձանի ընդհանուր տեսքը:

Տիգրանակերտի ժայռափոր հնձանն իր մոտ զուգահեռներն ունի Արագածոտնի Ագարակ հնավայրի ժայռափոր հնձանների հետ, որոնք վերաբերում են ուշ անտիկ և վաղմիջնադարի ժամանակներին: Հայաստանի, այդ թվում Արցախի միջնադարյան վանքերն ունեցել են զարգացած այգեգործական տնտեսություն, որոնց մասն են կազմել նաև հնձաններն ու մառանները: Ընդարձակ քարուկիր հնձանահարկ է պահպանվել Դադիվանքում: Այն բաղկցած է բարձրադիր և խորը առագաստից, և կարասներով ընդելուզված մառանից: Փաստորեն Տիգրանակերտի հնձանն առայժմ իր ձևի մեջ եզակի է ողջ Արցախում:

Տիգրանակերտի՝ պեղումներով փաստված ընդգծված երկրագործական տնտեսությունը ներկայանում է մթեքները վերամշակող ու պահպանող մի շարք կառույցներով ու հարմարանքներով, և հնձանն էլ նման տնտեսության կարևոր վկայություններից մեկն է: