Վաղքրիստոնեական հրապարակը
Տիգրանակերտի հնագիտական հետազոտության առաջին իսկ քայլերից սկսած՝ Ամրացված թաղամասի պեղումներին զուգահեռ, արշավախումբը հատուկ ուշադրություն էր դարձնում քաղաքի միջնադարյան հետքերին: 2005 թվականին տեղանքի հետազոտությամբ արդեն հստակ էր, որ միջանադարյան մշակույթի նյութական հետքերն առատորեն դիտելի են ուշմիջնադարյան ամրոցից դեպի հարավ-արևելք ձգվող մոտ յոթ հա զբաղեցնող, շրջապատից 4-6 մետր բարձրությամբ առանձնացող տափարակում: Ակնհայտ էր, որ գործ ունենք դարերի մշակութային գործունեության հետևանքով առաջացած արհեստական բարձունքի հետ: Պայմանականորեն Կենտրոնական անվանված (քանի որ այն Ամրացված թաղամասի, վաղքրիստոնեական գերեզմանոցի, անտիկ թաղամասերի և ուշմիջնադարյան ամրոցի համեմատ միջակա դիրք է գրավում՝ ասեք շրջապատված է նրանցով) այս թաղամասի ողջ տարածքում նկատելի էին քարաշեն կառույցների, ճարտարապետական զանազան բեկորների, թոնիրների, հորերի, հարյուրների հասնող հասարակ և ջնարակապատ խեցեղենի կտորտանքներ: Թաղամասի կենտրոնական հատվածում մինչև պեղումները նկատելի էին քարուկիր պատերի մեծ զանգվածներ՝ ընկած արևմուտքից արևելք ձգվող ընդարձակ փոսորակի արևելյան և արևմտյան կողմերում (նկ. 1, 2): Նկատի ունենալով, որ Տիգրանակերտի տարածքը 19-րդ դարի վերջին նկարագրած Մակար Բարխուդարյանցը խոսում է հենց Տիգրանակերտի տարածքում ընդարձակ եկեղեցու ավերակների մասին («Գաւառիս վերնամասումն է Տիգրանակերտ աւանն, որ աւերակ է այժմ։ Բայց հարկ է յայտնել որ ընդարձակ գիւղաքաղաք եղած է այս և երբեմն առաջնորդանիստ և գաւառագլուխ. տակաւին մնում է ընդարձակ եկեղեցու աւերակն, շուկայի և տների և բաղանիսների կիսաւեր քարուկիր շինութիւններն ևն»), մենք ենթադրեցինք, որ արևմուտքից արևելք ձգվող փոսորակը կարող է հենց նրա հիշատակած եկեղեցու մնացորդը լինել:
2006 թվականին փոսորակի այն հատվածում, որը մոտավորապես կարող էր համապատասխանել կառույցի աբսիդի և աղոթասրահի ներքին անկյանը (այդ անկյունը եկեղեցական կառույցի ամենամուր հանգույցներից է և որպես կանոն ավելի լավ պահպանվում)՝ 5 մետրը 5 մետրի վրա մի քառակուսի առանձնացրեցինք ու սկսեցինք պեղումները: Ընդամենը մի քանի ժամ անց մոտ 0,5 մետր խորության վրա բացվեցին եկեղեցու աբսիդի և կից հարավային պատի առաջին սրբատաշ քարերը: 2006-2009 թվականների պեղումների արդյունքում մակերեսից մոտ 3,5 մետր խորության վրա բացվեցին վաղքրիստոնեական մի ընդարձակ տաճարի ավերակները (նկ. 3):
Եկեղեցին իր ծավալատարածական հորինվածքով պատկանում է 4-6-րդ դարերում Հայաստանում և Կովկասում տարածված միանավ սրահների տիպին և այդ տիպի ամենաընդարձակ կառույցներից մեկն է (արտաքին չափերը՝ 28,85×11,25 մետր): Տաճարի պեղածո մնացորդները և պեղումների ընթացքում վավերացված փաստերը հնարավորություն են տալիս համարյա ամբողջովին վերականգնել կառույցի ծավալա-տարածական նախնական լուծումն ու կրած փոփոխությունները, պարզաբանել շինարարական տեխնիկան, հարդարանքի հիմնական նկարագիրը: Սկզբնապես այն եղել է արտաքուստ հնգանիստ աբսիդով միանավ սրահ: Հետագայում հնգանիստ ծավալը ներառվել է ուղղանկյուն ծավալի մեջ, հավելվել է հարավային ավանդատունը, որը մուտք է ունեցել դրսից: Պեղումները ավանդատանը հարավից կից բակում երևան են բերել փողրակներով ու կղմինդրներով պատրաստված ջրագիծ: Սա բավարար հիմք է ենթադրելու, որ հարավային ավանդատունը կառուցվել է որպես մկրտարան, և ջրագիծն էլ ապահովել է մկրտարանի ջրահեռացումը: Ըստ երևույթին ավանդատան կառուցումից հետո հավելվել է և հարավային բացօթյա սյունասրահը: Կարծում ենք նիստավոր աբսիդն ուղղանկյուն ծավալի մեջ ներառելու պահանջը պայմանավորված էր հենց հարավից ավանդատան հավելումով:
Այս փոփոխություների և հավելումների արդունքում եկեղեցու ներքնատեսքը մնացել է նույնը: Խիստ ձգված ուղղանկյուն կանոնավոր սալապատ սրահն արևելքում կիսաշրջան բեմից բացի ունի նաև 2,5 մետր լայնությամբ դասի մաս, որն աղոթասրահի մակարդակից բարձր է 0,5 մետր։ Այն ամբողջությամբ սալապատված է. նրանից դեպի աղոթասրահ իջնում են երկու աստիճաններ։ Եկեղեցու այս հատվածի պեղումներից գտնվել են նաև դասն աղոթասրահից բաժանող քարե ճաղաշարի սյուների մասեր (նկ. 4): Վաղ եկեղեցիներում ավագ խորանի առջևում գտնվող տարածքը, այսպես կոչված դասը, որպես կանոն մի աստիճան բարձր է լինում հատակից և բաժանվում էր վանդակորմով: Այստեղ ժամերգությունների և պատարագների ժամանակ դաս-դաս կանգնում էին հոգևորականները և ձայնակցում միմյանց: Հավատացյալներն իրավունք չունեին այստեղ մուտք գործել և մտնում էին միայն սուրբ հաղորդություն ստանալու: Հարկ է նկատել, որ թեև դասի առկայությունը վաղ եկեղեցիներում միանգամայն ենթադրելի է, իրական ճարտարապետական կառույցում այն վավերացվում է առաջին անգամ:
Սրբատաշ խոշոր բլոկներով ու կրաշաղախով իրականացված, եռաստիճան գետնախարսխի վրա դրված եկեղեցին ունեցել է արևմտյան մեկ, հարավային ու հյուսիսային զույգ շքամուտքեր, ատամնազարդ քիվ, փայտածածկ ու կղմինդրապատ տանիք: Շքամուտքերն ունեցել են պատկից զույգ սյուներ, որոնք ավարտվել են մանրամասն հարդարված խոյակներով: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ատամնազարդ քիվերի, պատկից սյուների բազմաթիվ օրինակներ, կղմինդրների հարյուրավոր բեկորներ և երկու խոյակներ: Խոյակներից մեկը ներկայացնում է խաչը լուսատուների, երկրորդը՝ խաչն այգային միջավայրում՝ վաղքրիստոնեության մեջ քաջ հայտնի թեմաները (նկ. 5, 6): Հատկապես ուշագրավ են երկրորդ խոյակի վրայի խաղողի որթերի (ճյուղերը, տերևները, բեխիկները, ողկույզները) բարձրառելյեֆ ու ռեալիստական իրականացումը, ինչը բնորոշ է այս հորինվածքների ամենավաղ օրինակներին:
Նախնական տվյալներով եկեղեցին 9-րդ դարի վերջերին ավերվել և հրդեհվել է, և նրա ավերակների վրա բնակելի համալիրներ են կառուցվել: Միայն մոտ մեկ դար անց հարավային ավանդատանը կից հատվածը նորից պաշտամունքային գործառույթ է ձեռք բերում, այստեղ խաչքար է կանգնեցվում, դեպի հյուսիս և արևմուտք թաղումներ են կատարվում:
Վաղքրիստոնեական հրապարակի մնացած մասը 10-րդ դարից սկսած վերածվում է խիտ կառուցապատումով բնակելի թաղամասի, որի պեղումները երևան են բերել են մշակութային երեք շերտեր՝
ա. 9-10-րդ դարեր, քրիստոնեական կառույցներիր ավերակները վրա դրվում են ժամանակավոր կացարաններ՝ փոքր մակերեսներով, կոնաձև փոքր թոնիրներով, սրբատաշ պատերին կից ծուռումուռ հավելումներով: Հասարակ խեցեղենը բնորոշվում է ոչ մեծ կարասներով, ուղղաձիգ կանթերով կճուճներով, ջնարկապատ խեցեղենի վաղ օրինակները կազմում են երկու մեծ դասեր՝ ենթաջնարակային բազմագույն (հազվադեպ՝ միագույն) նկարազադում խամրած ջնարակի տակ և նկարազարդում անգոբով՝ միագույն վառ ջնարակի տակ, մանրամասն տե՛ս «Միջնադարյան խեցեղենը և ապակին» բաժինը):
բ. 11-րդ դար – 12-րդ դարի կեսեր, համեմատաբար կանոնավոր հատակագծումով բնակելի-տնտեսական համալիրներ, կավածեփ հատակներ, սենյակների ներսում զանազան բարձունքներ, խոշոր՝ մինչև երեք մետր խորություն ունեցող հորեր, մեծ՝ մինչև 1,5 մետր տրամագիծ ունեցող թոնիրներ (նկ. 7), ելտկուզյան դրամներ:
գ. 12-րդ դարի վերջ – 13-րդ դարի առաջին կես՝ ընդարձակ կիսագետնափոր, ծուռումուռ երկշար պատերով, նեղ միջանցքներով համալիրներ, եղեգնով իրականացված թեթև տանիքներով, որոնք հենվում են փայտե սյուների վրա: Թոնիրները փոքր են, շատ են ոչ խոր փոսերի տեսքով օջախները:
Վերջին երկու շերտերին բնորոշ են կենդանակերպ (հատկապես խոյագլուխ) ջրամանները, փորագրանախշ ոչ մեծ կարասներն ու կճուճները, բազմագոււյն ջնարակների տակ ֆոնում անգոբի հեռացումով կամ անգոբի վրա փորագրումով շքեղ խեցեղեն, որի պատկերագրական թեմաներում առանձնանում են բուսական ետնախորքի վրա պատկերվող կենդանիներն ու թռչունները:
Վաղքրիստոնեական նման մեծ բազիլիկայի առկայությունը կարևոր փաստարկ է հօգուտ այն իրողության, որ վաղմիջնադարում Տիգրանակերտը պահպանում էր նշանավոր բնակավայրի իր կարգավիճակը, և որ վաղմիջնադարյան հայ աղբյուրների (Սեբեոս, Կաղանկատվացի, Եղիա Արճիշեցի, տե՛ս «Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում» բաժինը) վկայություններն Արցախի Տիգրանակերտի մասին լիովին համապատասխանում են պատմական իրականությանը։
Եկեղեցու վերը նշած ճարտարապետական առանձնահատկություններին կարելի է հավելել և հյուսիսային երկու մուտքերի առկայությունը: Եթե արևմտյան մուտքի առկայությունը միանգամայն օրինաչափ էր, և բնական էր թվում նաև հարավային զույգ մուտքերի առկայությունը, նկատի ունենալով եկեղեցու չափերը և հարավից կից կառույցների առկայությունը, ապա արտառոց էր հյուսիսային զույգ մուտքերի առկայությունը: Վաղքրիստոնեական տաճարները որպես կանոն հյուսիսային մուտք չեն ունենում, միայն եզակի դեպքերում, երբ տեղանքի թելադրանքով անհնար էր արևմտյան կամ հարավային մուտքի բացումը՝ կարելի է հանդիպել հյուսիսային մուտքի: Այս հանգամանքը հիմք էր տալիս ենթադրել, որ եկեղեցուն հյուսիսից հարող բակում ինչ-որ կարևոր կառույց (կամ կառույցներ) է եղել, որն էլ պայմանավորել է դեպի հյուսիս զույգ մուտքերի բացումը: Ուստի եկեղեցու և նրան անմիջապես հարող հարավային բակի բացումից հետո որոշեցինք պեղումները շարունակել դեպի հյուսիս: Ակնկալիքները լիովին արդարացվեցին, քանի որ պեղումները երևան բերեցին ընդարձակ սալահատակ մի բակ՝ վաղքրիստոնեական խաչակիր կոթողի (հիմնախարիսխը, պատվանդանը, սյան ու թևավոր խաչի բեկորները), արտաքուստ ընդգծված աբսիդով սրահի (փոքր եկեղեցի), նրան արևմուտքից կից տապանաբակի, և արևելյան աբսիդի տակ գտնվող դամբարանի մնացորդներով հանդերձ (նկ. 8):
Թեև եկեղեցուց պահպանվել են միայն որմնախարսխի սրբատաշ քարերը (այն էլ ոչ ամբողջովին) և անմշակ քարերով ու կրաբետոնով իրականացված հիմքերը, լրիվ ընթեռնելի են նրա հատակագիծը, ծավալային լուծումը և շինարվեստը: Այն երկաստիճան որմնախարսխի վրա դրված ուղղանկյուն հատակագծով, արտաքուստ շեշտված աբսիդով, արևմտյան և հարավային մուտքերով միանավ սրահ է (արտաքին չափերը՝ 16,3 x 8,3 մետր): Հատակը եղել է սրբատաշ սալերով պատված: Եկեղեցու հարավային բակը մոտ 5 մետր լայնությամբ պատված է կոպտատաշ անկանոն սալաքարերով՝ հավասար բացօթյա կոթողի գետնախարսխի լայնությանը: Դեպի հարավային մուտքն ուղղորդող սալահատակը շարված է ավելի մեծ քարերով, ընդ-որում, դրանցից մեկը մ.թ.ա. առաջին հազարամայակի սկզբի մարդակերպ կոթող է: Եկեղեցուց արևմուտք բացվեց տապանաբակը՝ սարկոֆագային և սալարկղային երկուական թաղումներով, իսկ բեմի տակ՝ մասունքարանը (մանրամասն տե՛ս «Արևելյան մուտքով դամբարան- մասունքարանը» բաժինը):
Այս հետազոտություները հնարավորություն տվեցին նաև վերականգնել Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակի ընդհանուր կառուցվածքը (նկ. 9) և ձևավորման հաջորդականությունը (նկ. 10).
ա. սրբերի մասունքներով դամբարանի կառուցում,
բ. դամբարանը ներառող փոքր եկեղեցու կառուցում,
գ. հարավային սալահատակ բակի և հուշակոթողի կառուցում,
դ. տապանաբակի առաջացում առաջին եկեղեցու արևմտյան բակում,
ե. քաղաքային մեծ եկեղեցու կառուցում՝ փոքր եկեղեցուց հարավ: