Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում
Դինաստիական անուններով քաղաքների կոչումը ընդհանուր երևույթ էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների արդյունքում առաջացած հելլենիստական աշխարհում: Հելլենիստական միապետների անուններով կոչվել են բազմաթիվ Ալեքսանդրիաներ, Սելևկիաներ, Անտիոքներ: Հայաստանում էլ մինչև Տիգրան Մեծը արքաների անուններով ստեղծվել են Երվանդաշատ, Երվանդակերտ, Արշամաշատ, Արտաշատ քաղաքները, մի քանի Զարեհավաններ ու Զարիշատներ: Նորակառույց այս քաղաքներն ունեին նաև բնակեցման յուրօրինակ սկզբունք, որը հայտնի է սինոյկիսմոս (համաբնակեցում) անունով. արքաները տարբեր քաղաքներից և երկրներից բռնի տեղահանում էին առևտրա-արհեստավորական խավեր և բնակեցնում նոր հիմնած քաղաքում` դրանով իսկ ապահովելով նրա բնականոն գործունեությունը: Այդ իսկ պատճառով այդ քաղաքները որպես կանոն նաև բազմազգ էին:
Այս ավանդույթը շատ ավելի մեծ թափ ստացավ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.), քանի որ նրա հսկայածավալ նվաճումները հարստության, աշխատուժի և սինոյկիսմոսի ավելի մեծ հնարավորություններ էին ստեղծում: Բացի Աղձնիքում հիմնած Տիգրանակերտ հանրահայտ մայրաքաղաքից, որի մասին հիացմունքով են խոսում հունա-հռոմեական մի շարք պատմիչներ (Ստրաբոն, Ապպիանոս, Պլուտարքոս), պատմական Հայաստանում և նրա սահմաններից դուրս Տիգրանի անունով մի շարք այլ բնակավայրեր էլ են հայտնի: Օրինակ, Գողթնում հիմնվել է Տիգրանակերտ ավանը, Մարաստանում` Տիգրանա բնակավայրը, Ամանոսում` Տիգրանուկոմեն: Հարկ է նկատել նաև, որ այդ բնակավայրերից և ոչ մեկի, ներառյալ և մայրաքաղաք Տիգրանակերտի ճշգրիտ տեղադրությունը հայտնի չէ:
Այս բնակավայրերի շարքը կարելի է դասել և Տիգրանակերտ անունով երկու բնակավայրերը, որոնց մասին` Բյուզանդիայի կայսր Հերակլի 622-624 թթ. պարսկական արշավանքները նկարագրելիս, հիշատակում է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը: Նա պատմում է, որ այդ պատերազմի դրվագներից մեկում բյուզանդական կայսրն իրեն հետապնդող պարսիկներից խույս տալու նպատակով փորձում է Սյունիքից անցնել Վրաստան, սակայն պարսկական մի զորաբանակ Գարդմանի կողմից դեպի հարթավայր իջնելով` կտրում է նրա ճանապարհը մյուս Տիգրանակերտի մոտ: Կայսրը փորձում է ետ դառնալ եկած ճանապարհով, բայց այս անգամ էլ նրան հանդիման դուրս է գալիս մի ուրիշ զորախումբ` արդեն Տիգրանակերտ ավանի մոտ: Այսպիսով, Սեբեոսը հիշատակում է երկու Տիգրանակերտեր, որոնցից մյուս Տիգրանակերտը գտնվում էր հյուսիսում, իսկ Տիգրանակերտ ավանը` հարավում: Ավելի քան հավանական է, որ հեղինակը Տիգրանակերտերից մեկը մյուս է կոչում` այն Տիգրանակերտ ավանից տարբերելու համար: Ինչ վերաբերում է ավան տերմինին, Սեբեոսի մոտ այն որպես կանոն օգտագործվում է նշանակելու ամրացված բնակավայրը` որը մի դեպքում կարող է լինել շուրջանակի պարսպապատված, իսկ մի այլ դեպքում` ամրոցին կից կամ նրա շուրջ փռված: Այս տեղեկությունները բացարձակապես արժանահավատ են, քանի որ հեղինակն այս բնակավայրերը հիշատակում է Տիգրան Մեծի և նրա ժամանակի հետ որևէ կապ չունեցող դեպքերի նկարագրության ժամանակ, որպես Հերակլի զորաշարժի կետեր: Սեբեոսի վկայությունից արվող ամենաանմիջական եզրակացությունն այն է, որ 7-րդ դարի սկզբներին Արցախում և Ուտիքում կային Տիգրանակերտ անունով երկու բնակավայրեր: Եթե նկատի ունենանք, որ կայսեր բանակը շտապ Վիրք հասնելու համար պիտի գնար բանուկ ճանապարհով, ապա ավելի քան հավանական է, որ Տիգրանակերտերը գտնվել են Արցախյան լեռների ու Ուտիքի հարթավայրի ձուլման եզրով դեպի հյուսիս գնացող ճանապարհից ոչ այնքան հեռու կամ նույնիսկ նրա անմիջական մերձակայքում:
Հույն հայտնի պատմիչ Ստրաբոնը մայրաքաղաք Տիգրանակերտի մասին իր հաղորդումներից մեկում հայտնում է, որ «Տիգրանը քաղաք հիմնադրեց Իբերիայի մոտ` այս տեղի և Եփրատի ափին Զևգմայի միջև: Հավաքելով այստեղ իր կողմից ավերած 12 հունական քաղաքների բնակչությունը, նա քաղաքը կոչեց Տիգրանակերտ»: Կարելի է հավանական համարել, որ Ստրաբոնի մոտ մայրաքաղաք Տիգրանակերտի տեղադրության մասին տեղեկություններին խառնվել են տեղեկություններ և այլ Տիգրանակերտերի մասին և Իբերիայի (այսինքն՝ Վիրքի) մոտ գտնվող Տիգրանակերտը, ինչպես նկատել է հայտնի պատմաբան Ջուստո Տրաինան, կարելի է նույնացնել Արցախի Տիգրանակերտի հետ:
Ըստ Մովսես Կաղանկատվացու Հերակլի բանակը դեպի Տփղիս իր ճանապարհին սկզբում դադար էր առել Տրտու (այժմ` Թարթառ) գետից հարավ ձգվող հեղեղատի ափին` Կաղանկատույք գյուղի մոտ, ապա հենց Տրտուի հեղեղատին կից` Դյուտական գյուղի մոտ: Կաղանկատվացու այս և մի քանի այլ տեղեկությունների քննությամբ կարելի է պարզել, որ Սեբեոսի հիշատակած Տիգրանակերտերից հարավայինը` Տիգրանակերտ ավանը, գտնվում էր Թարթառից հարավ, Պարտավից ոչ այնքան հեռու, այնտեղ, ուր Արցախյան լեռներն ավարտվում են և սկսվում է Ուտիքի տափաստանային հատվածը: Թեև Մովսես Կաղանկատվացին իր պատմության այս մասում որևէ Տիգրանակերտ չի հիշատակում, սակայն 8-րդ դարի սկզբներին Հայոց Եղիա կաթողիկոսի Պարտավում հրավիրած ժողովի մասին թղթում, որը ներառված է և Կաղանկատվացու անունով հայտնի Պատմության մեջ, տեղեկություն կա այն մասին, որ այդ ժողովին ի շարս այլոց մասնակցում էին նաև Կաղանկատույքի վանական Դավիթը և Տկռակերտի վանական (տվյալ դեպքում ուղղակի` քահանա) Պետրոսը: Նախ, կարելի է ենթադրել, որ Տկռակերտը Տիգրանակերտի տեղական արտասանությունն է, երկրորդ, հավանական է, որ այն այնքան էլ հեռու չէր Կաղանկատույքից (քանի որ հիշատակվում է նրանից անմիջապես հետո)` այսինքն խոսքը նորից գնում է Տիգրանակերտ ավանի կամ Արցախի Տիգրանակերտի մասին: Այս ժամանակ Տիգրանակերտի կարևոր բնակավայր լինելու հանգամանքը հավաստվում է նաև այն փաստով, որ հենց բնակավայրից մի քանի հարյուր մետր հեռու, լեռան գագաթին 7-րդ դարի վերջերին կառուցվել է խաչաձև կենտրոնագմբեթ տաճար: Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի պեղումները երևան են բերել 5-6-րդ դարերում կառուցված բազիլիկ եկեղեցու մնացորդները: Կարծում ենք, որ Պետրոսը հենց այս եկեղեցու քահանան էր:
Խաչենի իշխանության զորեղացման շրջանում` 12-13-րդ դարերում, երբ Հասան Ջալալի տիրապետության սահմանները հասնում էին մինչև Կուր գետ, Խաչենագետի ներքնահովտի նախալեռնային և հարթավայրային հատվածը` Տիգրանակերտ ավանի անունով կոչվում էր Տիգրանակերտ: Խաչենագետի վերին հոսանքի վտակներից մեկի մոտ գտնվող Կոշիկ անապատի 13-րդ դարի մի արձանագրության մեջ հիշատակվում է Տիգրանակերտի երկիրը, որտեղից եկած մի ոմն Հակոբ նվիրատվություն էր արել վանքին: Որ այս ժամանակ Տիգրանակերտը խոշոր բնակավայր էր, վկայում են Կենտրոնական թաղամասի պեղումները, որոնք երևան են բերել 12-13-րդ դարերին պատկանող հարուստ քաղաքային մշակույթ:
Ժամանակագրորեն ավելի ուշ տեղեկությունները վերաբերում են Տիգրանակերտի ավերակներին կամ քաղաքատեղիին, և հենց այդ տեղեկություններն են հիմք ծառայել քաղաքի հետքերի մերօրյա փնտրտուքների համար: Այսպես, Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, ով նստում էր Գանձասարի վանքում (Գանձասարի վանքը գտնվում է նույն Խաչենագետի ափին, ուր և Տիգրանակերտն է, միայն թե գետի վերնահովտում և նրա ձախ ափին), 18-րդ դարի սկզբին որպես ականատես նկարագրելով լեզգիների Արցախ կատարած ավերիչ արշավանքը, գրում է, որ ասպատակիչները ավարառելով մարդկանց ու անասունները՝ «Տկռակերտից գնալով բանակ են դնում Դրդու գետի ափին, որ այժմ Թարթառ ենք կոչում»: Ավելի քան հավանական է, որ ասպատակիչները Խաչենի հովտի թալանը կենտրոնացնում էին Տկռակերտ-Տիգրանակերտում՝ այստեղի ջրառատ աղբյուրների պատճառով: Շատ ավելի էական է կաթողիկոսի վիմագրական օրագրի հետևյալ վկայությունը (նկ. 1, 2). «Տիգրանակերտի և Բեշիքլու եկեղեցու (այսինքն Վանքասարի եկեղեցու) արձանագրությունն է, որ այժմ Շահբուլաղ է կոչվում. Ես Շահաշահ որդի Աշոտոյ կ[ա]նգնեցի զխաչս հոգւոյ /իմոյ, որ կարդայք` յաղօթս յիշեցէք, :ՉԺԲ: (1263 թ.) թուին»: Փաստորեն կաթողիկոսը հավաստում է, որ Վանքասարի եկեղեցին գտնվում է Տիգրանակերտում և որ այդ տարածքը նույնական է Շահբուլաղի կամ Արքայական աղբյուրների հետ:
18-րդ դարի կեսերին այստեղ բխող Արքայական աղբյուրների (հետսագույն՝ Շահբուլաղ) կողքին ամրոց է կառուցում Արցախի մելիքությունների կատաղի թշնամի Փանահը: 19-րդ դարի կեսերին ավերակներն այցելած Սարգիս Ջալալյանցը, հաղորդելով, որ Շահբուլաղ աղբյուրների շրջակայքը հայերը կոչում են Թնգրնակերտ և պարսիկները` Թառնագյուրտ, ենթադրել է, որ հենց այստեղ է տեղադրված եղել Տիգրանակերտը: Համարյա նույն տեղեկություններն ու նույն տեսակետն է հայտնել և Արցախի հնությունների հետազոտող Մակար Բարխուդարյանցը, որը նաև հավելում է, որ Խաչենագետի ներքնահովիտը կոչվել է Տիգրանակերտ գավառ:
1952 թ. Ս. Երեմյանը «Հայ ժողովրդի պատմություն» գրքի ատլասում Արցախի Տիգրանակերտը տեղադրել է Աղդամի մոտակայքում: 1950-ական թվականներին Շահբուլաղից մոտ ութ կիլոմետր հեռու գտնվող Գյավուրկալա կոչվող հնավայրում (նախկին ԱդրՍՍՀ Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղի մոտ) գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գտնվել էր մի սարկոֆագի (քարե դագաղի) կափարիչ` վրան ընդարձակ հայերեն արձանագրությամբ: Ադրբեջանի ակադեմիան այստեղ շտապ պեղումներ է ձեռնարկել, իսկ արձանագրության տեքստը հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը, որն այդ ժամանակ զբաղված էր Արցախի արձանագրությունների ակադեմիական հատորը կազմելով: Պեղումների հետևանքով բացվել է մի ընդարձակ ամրացված բնակավայր, վաղքրիստոնեական եկեղեցի, մեծ դամբարանադաշտ և այլն: Սեդրակ Բարխուդարյանը, նկատի ունենալով նման մեծ բնակավայրի առկայությունը Շահբուլաղից ոչ հեռու, հավանական է համարել, որ Տիգրանակերտը պիտի փնտրել ոչ թե աղբյուրների անմիջական մերձակայքում, այլ Գյավուրկալայի տարածքում: Ի լուր ադրեջանցի ընդդիմախոսների, որոնք գտնում են, թե ժամանակին ադրբեջանցի հնագետները մանրամասնորեն հետազոտել են այս տարածքները և պատասխանատու կերպով հայտարարում են, թե որևէ Տիգրանակերտ էլ այստեղ գոյություն չի ունեցել, ասենք, որ Տիգրանակերտը Շահբուլաղի մոտ է տեղադրել նաև Գյավուրկալան պեղող, հայտնի հնագետ Ռ. Վահիդովը: Գյավուրկալայի պեղումներին նվիրված իր ադրբեջաներեն հոդվածում, որ լույս է տեսել 1965 թ., նա վիճարկում է Սեդրակ Բարխուդարյանի կարծիքը և բառացիորեն գրում հետևյալը. «Երեմյանի ցուցումը, թե Տիգրանակերտը գտնվել է Աղդամի մոտ, կասկած չի հարուցում»:
Բագրատ Ուլուբաբյանը, դատելով նրա` 1981 թ. Երևանում լույս տեսած Դրվագներ Հայոց արևելից կողմանց պատմության գրքին կցված քարտեզից, Արցախի Տիգրանակերտը տեղադրել է Կարկառ գետի ներքնահովտում:
Արցախի հուշարձանների հայտնի հետազոտող Սամվել Կարապետյանն այս կապակցությամբ գրել է, որ Արցախի Տիգրանակերտը «հետազոտողները տեղորոշում են Շահբուլաղ ամրոցից հյուսիս-արևելք` հռչակավոր աղբյուրի և ներկայիս Թարնոյուտ (Թառնագյուտ) գյուղի (Վանքասարի ստորոտում) և կամ Գյավուրղալա քաղաքատեղիի տարածքում»:
Տիգրանակերտի տեղադրության հարցում շփոթ կա նաև Հ. Սիմոնյանի ու Հ. Սանամյանի վերջերս լույս տեսած «Վանքասարի հուշարձանները» հոդվածում: Հեղինակները թեև նկարագրել են Շահբուլաղի շրջակայքը, բայց բնակատեղին երկիցս հիշատակում են Գյավուրղալա-Տիգրանակերտ անունով:
Արշավախումբը` ձեռնարկելով Խաչենագետի ներքնահովտի համալիր հետազոտությունը` նպատակ ուներ հնագիտորեն ապացուցելի դարձնել անտիկ քաղաքի առկայությունը կամ բացակայությունը: Այդ հետազոտության արդյունքում էլ հայտնաբերվել են Տիգրան Մեծի կողմից կառուցված քաղաքի վերգետնյա հետքերը, որոնց հետագա պեղումներով էլ վերջնականապես և տեսանելի կերպով հավաստվել է ընդարձակ և հարուստ անտիկ քաղաքի գոյության փաստը: