Քաղաքի տեղադրության բացահայտումը
Արցախի Տիգրանակերտի մասին առկա աղբյուրագիտական, տեղագրական ու պատմագիտական նյութերի քննությունը հիմք էր տալիս հավանական համարել, որ բնակավայրի ավերակները պետք է փնտրել Խաչենագետի ներքնահովտում, այնտեղ, ուր Արցախյան լեռնաշղթան շեշտակի անկումներով ձուլվում է տափաստանի հետ, և որտեղով հնում հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք ձգվող մոտավոր գծով իրարից բաժանվում էին Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները: Հենց այս գծի վրա էին ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի գտնվում մյուս Տիգրանակերտը, որը պատկանում էր Ուտիքին, և Տիգրանակերտ ավանը, որը պատկանում էր Արցախին: Հստակորեն տեղայնացնելու համար Արցախի Տիգրանակերտը, հետազոտական խումբը 2005 թվականին որպես պայմանական կենտրոն ընդունեց Խաչենագետը հարթավայր դուրս գալու կետը, և ուսումնասիրեց մոտ 10 կմ շառավղով ընդարձակ մի տարածքի հուշարձանները: Այստեղ վավերացված հուշարձանների շարքում ամենաուշագրավն, անշուշտ, երկու մեծ բնակատեղիներն էին` տեղադրված Խաչենագետի աջ և ձախ ափերից համարյա հավասար հեռավորության վրա` մեկը Գյավուրկալան՝ Սոֆուլու գյուղի մոտ, իսկ մյուսը` Արքայական աղբյուրների (Շահբուլաղ) աղբյուրների մերձակայքում (նկ. 1):
Հայագիտական գրականության մեջ հենց այս երկու կետերն էին համարվում Տիգրանակերտի հնարավոր տեղադրության վայրեր: Հետազոտության արդյունքները բերեցին այն եզրակացության, որ Տիգրանակերտի ավերակները պետք է փնտրել Արքայական աղբյուրների շրջակայքում, որը 19-րդ դարի տեղագիրների մոտ հայտնի է նաև Թնգրնակերտ, Թառնակերտ, Թառանյուրտ կամ Թառնագյուրտ անուններով` հնչողությամբ շատ մոտ Մովսես Կաղանկատվացու օգտագործած Տկռակերտին և ի վերջո Տիգրանակերտին: Այս հետազոտության արդյունքները կարելի է ուղղակի սենսացիոն համարել, քանի որ Արքայական աղբյուրներից մոտ հարյուր երեսուն մետր դեպի հյուսիս-արևմուտք, Վանքասարի հարավ-արևելյան ստորին լեռանալանջի ժայռեղեն երիզի վրա վավերացվեցին բնակավայրի ընդարձակ ամրակառույցների մոտ 400 մետր ձգվող հետքերը (նկ. 2)` պարսպապատերի կվադրերի համար նախատեսված ժայռափոր ժապավենաձև հիմքերը (նկ. 3), կիսաշրջան, լիաշրջան և ուղղանկյուն աշտարակների հիմքեր, որոնցից դեպի հյուսիս-արևելք ձգվող ընդարձակ զառիթափ լանջում հնարավոր եղավ հենց գետնի վրա հավաքել մ. թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարերով թվագրվող գունազարդ խեցեղինի մի քանի տասնյակ բեկորներ (նկ. 4):
Նույն աղբյուրներից մոտ երկու հարյուր մետր դեպի հարավ գտնվող ընդարձակ հարթավայրային հատվածում վավերացվեց քաղաքի Կենտրոնական թաղամասը (նկ. 5)` եկեղեցական շինության հաստահեղույս քարուկիր պատերի հետքերով, վաղ և զարգացած միջնադարյան խեցեղենի հարյուրավոր բեկորներով: Կենտրոնական թաղամասից դեպի հարավ-արևմուտք` սիլոսի համար խորհրդային տարիներին փորված խրամատների կտրվածքներում վավերացվեցին վաղքրիստոնեական ընդարձակ գերեզմանոցի հետքերը (նկ. 6):
Այսպիսով` հավաքած քաղաքաշինական և հնագիտական հետքերը հիմք տվեցին քաղաքը տեղայնացնել Վանքասարի ստորին լեռնալանջին և նրան կից հարթավայրում` Արքայական աղբյուրների անմիջական շրջակայքում: