Skip to main content

Տիգրանակերտի ուշմիջնադարյան ամրոցը

Տիգրանակերտի ուշմիջնադարյան ամրոցը գտնվում է Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում։ Այն պատմական աղբյուրներում անվանվում է նաև «Շահբուլաղի բերդ» և կառուցվել է 18-րդ դարի կեսերին՝ Արցախի Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի տարածքում՝ արհեստականորեն բարձրացված բլրակի վրա, Արքայական աղբյուրների հարևանությամբ (նկ․1)։  Ամրոցի հիմնադրումը վերագրվում է Փանահ խանին, ով 1752 թվականին այստեղ էր տեղափոխվել  իր նախկին նստավայր Բայաթ՝ արդեն անապահով ամրոցից։ Ամրոցի շրջակայքում եղել են նաև քաղաքացիական (բաղնիք, շուկա) և պաշտամունքային (մզկիթ) շինություններ ևս։ Նրանցից այսօր պահպանվել է միայն մզկիթը: Կենտրոնական թաղամասից փորվել և տեղափոխվել է մեծ քանակությամբ հող՝ արհեստական բլուր ստեղծելու համար, որի վրա էլ կառուցվել է ամրոցը։ Ամրոցի պատերի առաջին շարքերում այսօր էլ դիտելի են Տիգրանակերտի եկեղեցուն պատկանող մեծաչափ քարեր (նկ. 2), որոնք ակնհայտ տարբերվում են վերին՝ փոքրաչափ քարերով իրականացված շարքերից։ Ամրոցը կառուցվել է Վանքասարի հանքի կրաքարով և կրաշաղախով: Պարսպապատերն ունեն 2,2-2,3 մետր հաստություն։

Նկ․ 1 Շահբուլաղի ամրոցը, 2005 թ.:
Նկ․ 2 Վաղքրիստոնեական հրապարակի մեծ եկեղեցու կվադրերը ամրոցի պարիսպների առաջին շարքում, 2005 թ.:

Ուշ միջնադարյան ամրոցը խորհրդային ժամանակ  վերակառուցվել է՝  կորցնելով իր նախնական տեսքը։ Ամրոցի ներսում ավելացվել է խոհանոցային հատված և այն շահագործվում էր որպես սննդի սպասարկման օբյեկտ (նկ․ 3)։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ,  ռմբակոծության արդյունքւոմ ամրոցի արևմտյան պարսպապատն ու վերջինիս կիսակլոր  աշտարակը մասամբ փլվել էին։ 2010 թվականին Արցախի իշխանությունների կողմից ամրոցը վերանորոգվել է և նույն թվականից մինչև  2020 թվականի ողբերգական իրադարձությունները, այնտեղ գործում էր Տիգրանակերտի հնագիտական թանգարանը  (նկ․ 4, 5)։  

Նկ․ 3 Ամրոցի բակը՝ վերածված ադրբեջանական ռեստորանի, 2005 թ.:
Նկ․ 4  Ամրոցի մուտքն ու երկհարկանի աշտարակը թանգարանի ստեղծումից հետո, 2011 թ.:
Նկ․ 5 Ամրոցի ներքին բակը թանգարանի ստեղծումից հետո, 2011 թ.:

Ամրոցի առաջին նկարագրությունները և ռուս զինվորական Գորշկովի կողմից կատարած գծագրերն ու հանույթը ներկայացված են գեներալ մայոր Վասիլի Պոտտոյի աշխատանքներում  (նկ. 6):

Նկ․ 6 Ամրոցի չափագրությունը և տարածքի սխեմատիկ հանույթը, 1901 թ․։

Ամրոցը հատակագծում  քառակուսի է (արտաքին չափերն են՝ 32,5 x 32,5 մետր)։  Պարսպապատերի չորս անկյուններն ամրացված են բոլորակ աշտարակներով։ Բացի արևելյան պատից, կիսակլոր հիմքով  աշտարակներ կան նաև մնացած  երեք   պարսպապատերի կենտրոնական հատվածներում։ Սրանք կիսակլոր հիմքով են և պարսպապատի միայն արտաքին կողմից են դուրս գալիս։

Ամրոցի ծավալատարածական հորինվածքում դոմինանտող ծավալը մուտքի՝ ուղղանկյուն հիմքով, երկհարկանի պրիզմայաձև աշտարակն է։ Այն կցված է  հիմնական կառույցին հարավից: Առաջին՝ մոտավորապես քառակուսի հատակագծով (չափերը՝ 4,7 x 4,8 մետր) հարկը թաղակապ սենյակ է, որի միջով անցում է  կատարվում   դեպի ամրոցի բակ։ Մուտքի այսպիսի (Г-աձև) լուծումը ժամանակի ամրաշինական ճարտարապետությանը բնորոշ և պաշտպանական տեսակետից առավել նպաստավոր է, քանի որ դեպի ամրոց ներթափանցումը բարդացված է։  Մուտքը բացվում է դեպի 230 քառ․ մետր տարածք զբաղեցնող ներքին բակ, որի կենտրոնում այսօր շրջանաձև հատակագծով ջրավազան կա (կառուցված խորհրդային շրջանում, նկ․ 5)։ Բակ տանող մուտքի ձախ՝ (հարավարևելյան եզրային)  կողմում   ուղղանկյունաձև  հատակագծով սենյակ  է տեղադրված (չափերը՝ 2,3 x 7,7 մետր), որի կամարակապ մուտքն արևմտյան՝ բակի կողմից է։ Հարավից սրան կցված է նմանատիպ հատակագծով, ավելի ընդարձակ մեկ այլ սենյակ։ Բակ տանող մուտքի աջակողմյան անկյունում ևս սենյակներ են տեղավորված։ Ամրոցի արևմտյան պարսպապատի ամբողջ երկարությամբ նույնպես սենյակներ են կցված։

Մուտքի աշտարակի երկրորդ հարկում նույնպես թաղակապ սենյակ կա  (չափերը՝ 5,2 x 5,9 մետր), որը լուսավորվում է արևմտյան (բակի կողմի) և հարավային (ամրոցի մուտքի վերևում) զույգ պատուհաններով։ Դեպի երկրորդ հարկ են տանում բակի կողմից մուտքի աշտարակին կցված աստիճանները։ Ենթադրվում է, որ ժամանակին այս հարկը  զբաղեցրել է  Փանահ խանը։  Այսօր բակի կողմից դեպի պարսպի պաշտպանական հարթակ բարձրանալու հնարավորություն կա նաև  հյուսիսային կողմից պարսպապատին կցված աստիճաններով։

Ամրոցի պատերն ու աշտարակները դեպի վերև նեղանում են և ունեն ատամնաշար վերջավորություն։ Պատերի բարձրությունը 7,0 մետր է, իսկ աշտարակներինը՝ 8,0 մետր, ամրոցի պարագծով  կառուցված են նեղ հրակնատներ: Բոլոր աշտարակներն (մուտքի աշտարակից բացի) ունեն մոտավորապես նույն չափերը և հոծ շարված շինություններ են։ Արևմտյան պարսպապատի, ինչպես նաև դրա անկյունային՝ հարավային և հյուսիսային աշտարակների մեջ անցքեր են բացված, որոնք ենթադրվում է, որ նախատեսված են ռազմամթերք մատակարարելու համար։

Խորհրդային շրջանում 20-րդ դարի վերջերին,  ադրբեջանցիները վերականգնել են այս ամրոցը, զգալիորեն խեղաթյուրելով նրա նախնական տեսքը։ Համադրությունը ռուս զինվորական Գորշկովի կողմից արված գծանկարի ու չափագրությունների հետ ցուցում է, որ նախկինում սրբատաշ, խոշոր քարերով շարվածքը փոխարինվել է մանր կրաքարերով, պարիսպներին կից  ներքին սենյակների թիվն էլ  ավելացվել է։ Ձևափոխություններ են կրել երկրորդ հարկ տանող աստիճանները։ Դեպի բակ տանող առաջին հարկի մուտքը պաշտպանական նկատառումներով  ավելի նեղ է կառուցված եղել։  Նախնական տարբերակում բակը  ջրավազան չի ունեցել։

Շահբուլաղի ամրոցն իր քառակուսի հատակագծով, անկյունային կլոր աշտարակներով, ներքին բակի շուրջը պարագծով դասավորված սենյակներով  ծագում է Արցախի 18-րդ դարի հայ մելիքների ամրոց-ապարանքներից (Հոռեկավան, Գյուլաթաղ, Շուշի) և դրանց ավելի ծավալուն տարբերակն է: Ինչպես հաղորդում են սկզբնաղբյուրները, Փանահն այս ամրոցի շինարարության համար հիմնականում հավաքագրել է հայ վարպետների: Շահբուլաղի ամրոցը, սակայն, տարբերվում է իր տեղադիրքով․ այն կառուցվել է հարթավայրում (արհեստականորեն ձևավորված բլրի վրա),  ինչը բնորոշ չէ նմանատիպ համալիրներին։ Եվ դրա հիմնական պատճառը եղել են Արքայական աղբյուրները, իզուր չէ, որ այն ավելի հայտնի էր Շահբուլաղի ամրոց անունով: Ամրոցի հատակագծային և ճարտարապետական կառուցվածքը թույլ են տալիս   հորինվածքային լուծման զուգահեռները տեսնել նաև քարավանատների (հատկապես բակավոր) ճարտարապետության մեջ։ Կարևոր ռազմավարական ճանապարհային հանգույցներում կառուցված այս համալիրները ևս, պաշտպանական նկատառումներից ելնելով, կառուցվել են հաստ ու բարձր, շրջանաձև և կիսաշրջանաձև  աշտարակներով ամրացված պարիսպներով։

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Տիգրանակերտ հնավայրն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: 2022 թվականի հունվարին ադրբեջանական կողմը հատուկ զբոսաշրջային փաթեթ է մշակել, որի ուղղություններից մեկն էլ 18-րդ դարի կեսերին Արցախի Տիգրանակերտի տեղում Փանահի կողմից կառուցված Շահբուլաղի  ամրոցն է: Այս  այցելությունների և  նկարահանումների ժամանակ Շահբուլաղի ամրոցը ներկայացվում է որպես Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ինքնության, ներկայության, պետական պատմության կարևոր խորհրդանիշ և  Փանահ խանի առաջին նստավայր։ Այս տիրույթում,  խեղաթյուրելով պատմությունը,  Ղարաբաղի խանությունը ներկայացվում է որպես «ադրբեջանական պետականության» դրսևորումներից մեկը: