Skip to main content

Տիգրանակերտի տարածքը 18-19-րդ դարերում

14-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսերը Տիգրանակերտ քաղաքի տարածքում, ինչպես ցույց է տալիս հնագիտական հետազոտությունը, ստացիոնար  բնակավայր չկար: Արքայական աղբյուրներն իրենց առատ քաղցրահամ ջրերով դառնում էին քոչվոր ցեղերի և նրանց անասունների ժամանակավոր կեցատեղի:  Հյուսիսային Կովկասի ավարառու ցեղերը 17-18-րդ դարերում Արցախ կատարած  արշավանքների ընթացքում, ինչպես վկայում են գրավոր տեղեկությունները, աղբյուրների շրջակայքը դարձնում էին ավարի,  հատկապես անասունների, կուտակման կայանատեղի, մինչև վերադարձը:

18-րդ դարի կեսերին Արքայական կոչվող աղբյուրներին կից ամրոց է կառուցում Արցախի մելիքությունների կատաղի թշնամի Փանահը (մանրամասն տե՛ս «Տիգրանակերտի ուշմիջնադարյան ամրոցը»): Նրա հրոսակները զենքի ոժով զավթում են Խաչենի մելիքությանը պատկանող այս տարածքը և այստեղ կառուցում ամրոց, մզկիթ, շուկա:

Անդրկովկասը, այդ թվում և Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու 19-րդ դարի սկզբի (1804-1813 թթ.) ռուս-պարսկական պատերազմի մի շարք դրվագներում Շահբուլաղի ամրոցը հանդես է գալիս որպես կարևոր մի ամրություն, որը ձեռքից ձեռք էր անցնում և որտեղ պարբերաբար կայանում էին ռուսական զորքերն ու նրանց աջակցող հայ կամավորները:

Մեզ է հասել 20-րդ դարի սկզբին ռուս ինժեներների կողմից տարածքի իրականացված մի սխեմատիկ չափագրություն (նկ. 1), ուր ներկայացված են ամրոցը և աղբյուրներին կից կառուցված մզկիթն ու նրա առջևի ջրավազանը (չափագրության մեջ մզկիթն անվանված է պալատ): 2005 թվականին արշավախմբի կատարած դիտարկումներով նախկին քաղաքի տարածքում պահպանվել էին 5-6-րդ դարերի մեծ եկեղեցու պատերի մի քանի ցրված քարուկիր զանգվածներ, 18-րդ դարի ամրոցը և մզկիթը: Մնացած տարածքն արդեն ամբողջովին հողածածկ էր, միայն տարբեր տեղերում դիտելի էին առանձին քարեր կամ դրանց կուտակումներ:

Նկ․ 1 Տիգրանակերտի ուշմիջնադարյան ամրոցն ու շրջակայքը, սխեմա և չափագրություն, 1901 թ.:

Արշավախմբի պեղումների արդյունքում բացվել են մզկիթի առջևի ջրավազանը  (նկ. 2), հենապատը և երկու իսլամական տապանաքար, Վաղքրիստոնեական հրապարակի հարավ-արևելյան հատվածի վերին շերտում կառուցված ուղղանկյուն կանոնավոր հատկագծումով քարուկիր կառույցի հիմքերը (նկ. 3) և ամրոցի հյուսիս-արևելյան ստորոտում կառուցված՝ ռուսական փոստային կառույցի շենքի հիմքերը (նկ. 4):

Նկ․ 2 Մզկիթի առջևի ջրավազանը:
Նկ․ 3 18-րդ դարի ուղղանկյուն կառույցի մնացորդները:
Նկ․ 4 Փոստային կայանի շենքի հիմքերը:

Այս ժամանակին վերաբերող հնագիտական գտածոները Գյանջայում և Փանահաբադ-Շուշիում հատված 18-րդ դարի և Ռուսական կայսրության 19-րդ դարի ու 20-րդ դարի սկզբի դրամներն են (մանրամասն տե՛ս «Դրամները» բաժնում): Ուշագրավ է հասարակ խեցեղենի փոքրաթիվ հավաքածուն, որի որոշ բեկորներ առանձնանում են 18-րդ դարի համար տիպական բարակ ու կարծր կարմրա-շագանակագույն խեցիով և դարչնագույն ներկով արված երկրաչափական զարդերով (նկ. 5):

Նկ․ 5 18-րդ դարի խեցեղենի բեկորներ:

Հատուկ ուշադրության են արժանի Ամրացված թաղամասի վերին շերտերում հայտնաբերված ռուսական խաչ-մասնատուփի փեղկն ու գոտու ճարմանդը (նկ. 6, 7):

Ավելի քան հավանական է, որ փոստային կայանը, մասնատուփը, ճարմանդը 19-րդ դարի ռուսական ներկայության վկայություններ են:

Նկ․ 6 Խաչ-մասնատուփի փեղկը:
Նկ․ 7 Գոտու ճարմանդը: