Skip to main content

Տիգրանակերտը և Փանահի ամրոցը

2021 թվականի փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվականներից մեկը տեսանյութ է պատրաստել Աղդամի շրջանի մասին: Տեսանյութում մեծ տեղ է հատկացված Արցախի Տիգրանակերտին, որը ներկայացվում է 3:25 րոպեից:

Տեսանյութում լրագրողը, կանգնելով Փանահ խանի կողմից կառուցված ամրոցի մոտ նշում է․ «Ես գտնվում եմ Շահբուլաղում՝ Փանահ խանի կողմից 1751 թվականին կառուցված ամրոցի մոտ, որը երկրորդն էր Բայաթի ամրոցից հետո: Ամրոցը գերի էր 30 տարի»:

Լրագրողը նշում է, որ թեև հայերը ամենուրեք ավերում էին, նրանք ձեռք չեն տվել ամրոցին և պատճառն այն էր, որ ամրոցը սեփականացրել էին, յուրացրել: «Նրանք հայտարարում են, որ ամրոցը հայկական է և ներկայացնում էին որպես թանգարան, հուշարձան: Այստեղ ցուցադրվում էին ադրբեջանական պատմական գտածոները, առարկաները, որոնք ներկայացվում էին որպես հայկական: Աղդամը հանձնելուց առաջ նրանք գողացել են բոլոր ցուցանմուշները, նրանք գողացել են ադրբեջանական ցուցանմուշները և տարել իրենց»:

Տեսանյութում նշվում է, որ հայ հնագետ Համլետ Պետրոսյանը պեղումներ էր կատարում ամրոցի շուրջը՝ փորձելով կեղծել այդ վայրերի, բնակավայրերի պատմությունը, ադրբեջանական պատմական հուշարձանները: «Հայ հնագետը հայկական լրատվականներին հայտնել է, որ պեղումներից գտնվել են ոսկյա զարդերի մնացորդներ, գտնվել են աշտարակներ և մի շարք այլ հուշարձաններ, որոնք արդբեջանկան ճարտարապետության են և որոնք տարվել են Հայաստան»:

Նյութի աղբյուրը https://www.youtube.com/watch?v=4gr7_N_5NUg

Տեսանյութում այն միտքն է առաջ տարվում, որ հայերը փորձել են հայկականացնել Փանահի կառուցած Շահբուլաղը և դրա համար էլ ստեղծել են Տիգրանակերտի առասպելը, հայկական Տիգրանակերտը: Դեռևս մարտ ամսին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը կազմակերպելով Ադրբեջանի բոլոր լրատվական ծառայությունների, ինչպես նաև բլոգերների և այլ շրջանակների այցը Աղդամ, այդ թվում նաև Տիգրանակերտ, իր թվիթերյան էջում գրել է. «Շահբուլաղ, Աղդամ, Տիգրանակերտի մասին կեղծ առասպալական պատմությունը վերջացել է»: Սա տարածվել է ադրբեջանական բոլոր լրատվականներով, աղբյուրը՝  https://www.youtube.com/watch?v=vj-804VI1dU

Այս միտքը հենց Տիգրանակերտ հնավայրում նկարված տեսանյութում տեղում ցուցադրելով «ապացույցները» քարոզում էր Րիզվան Հուսեյնովը։

Մեր տեղեկատվությունը

Իհարկե, Փանահի կառուցած Շահբուլաղ ամրոցը, աղբյուրներին կից կառուցված մզկիթը որևէ կապ չունեն Տիգրանակերտի հետ: Դրանք կառուցվել են 18-րդ դարի կեսերին, երբ Տիգրանակերտը վաղուց արդեն չկար, և տարածքում միայն հին քաղաքի ընդարձակ ավերակներն էին: Արցախի իշխանությունները և Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը մաքրել, ամրակայել են այդ հուշարձանները և պահպանել դրանք: Խորհրդային տարիներին Աղրբեջանի կողմից ռեստորանի վերածված ամրոցը մենք դարձրել ենք թանգարան: Տիգրանակերտի հնագիտական վկայությունները` անտիկ ամրոցն ու թաղամասերը, վաղքրիստոնեական հրապարակն ու դամբրանադաշտերը, քաղաքի այլ կառույցները, որ բացվել են պեղումներով, որևէ կապ չունեն 18-րդ դարի կառույցնեերի հետ, տարածականորեն դրանք կից չեն ոչ Փանահի ամրոցին և ոչ է մզկիթին (տե՛ս https://monumentwatch.org/monument/tigranakert/): Համլետ Պետրոսյանն ու արշավախմբի անդամները ուսումնասիրել և գրել են Տիգրանակերտի մասին: Որևէ մեկը չի կարող ցույց տալ մեր կողմից արված որևէ հրապարակում, որտեղ 18-րդ դարի կառույցները ներկայացվել են որպես հայկական: Ակնկալում ենք, որ ադրբեջանցի գոնե մի հնագետ կամ ուսյալ նախ ընկալի այս պարզ իրողությունը, ու նոր ծավալի «հայկականացման» առասպելը:

Նաև ուզում ենք հիշեցնել ագրեսիվ պետության կիսագրագետ քարոզիչներին, որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է Արցախի իշխանությունների պաշտոնական հրավերով ու թույլատրությամբ, որ ամեն տարի Արցախի կառավարության կազմում գործող հնագիտական հանձնաժողովը հատուկ թույլատրություն` բաց թերթիկ է տվել արշավախմբի ղեկավարին (տե՛ս այդ թույլատրություններից մի քանիսի լուսանկարները), որ այդ պեղումները ֆիանսավորվել են Արցախի պետական բյուջեից: Տիգրանակերտի հնագիտական թանգարանն էլ ստեղծվել և գործել է Արցախի օրինական իշխանությունների որոշմամբ և ֆինանսավորումով: Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է լիարժեք իրավական հիմքով, բարձր պրոֆեսիոնալիզմով, հետազոտության արդյունքները պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտական հանրույթին: Խոսել գաղտնի ինչ-որ ընթացքի մասին` ուղղակի ծիծաղելի է:

Նշենք նաև, որ ադրբեջանցի հնագետները, որոնք անցած դարի 60-80-ական թվականների աշխատել են այդ տարածքում, ոչ էլ տեսել են հին քաղաքի հնագիտական հետքերը:

44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչ մասին մի անգամ չէ, որ ահազանգել ենք: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունները, ես և մեր հետազոտական թիմը չէինք կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը: Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իշխանությունների իրավասության ոլորտում: Խաղաղ պայմանների դեպքում դրանք վերադարձվելու են Ստեփանակերտ և ցուցադրվելու են դրա համար ստեղծվելիք թանգարանում:

Արցախի քաղքականապես չճանաչված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Այնպես որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով:

Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական մտավարժանքը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006 թթ. Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն ավելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիաի ժամանակ և շարունակվում է ամեն օր: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով:

Մենք հետայսու էլ շարունակելու ենք Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունը, հանրահռչակումն ու ադրբեջանական վանդալիզմի բացահայտումները: Ագրեսիան, ռազմական գերակայությունը, միջազգային ատյաններին ուղղված հոխորտանքը իրավասու չեն և չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգությամբ իր ինքնությունը պահպանելու իրավունքից: