Ամրացված թաղամասը
Տիգրանակերտի ամրացված թաղամասը տեղադրված է Վանքասար լեռան հարավ-արևմտյան լանջի ներքնամասում բնականորեն ձևավորված եռանկյուն հրվանդանի վրա, Արքայական աղբյուրներին կից, նրանցից դեպի հյուսիս (նկ. 1): Այսինքն, ամրոցը զբաղեցնում է ոչ թե շրջակայքի վրա իշխող Վանքասար լեռան գագաթը, այլ նրա հարավային լանջի ներքնամասը: Այն զբաղեցնում է մոտ 3,5 հա տարածք: Մոտավոր եռանկյունաձև ամրոցի գագաթը կառույցի ամենաբարձր կետն է, իսկ հիմքն ուղղված է դեպի հարթավայր: Հրվանդանը թեև ունի բնականից առանձնացող բարձր քարափներ (ինչին էլ հետևել են պարիսպները), սակայն լեռան ստորոտում գտնվելը թուլացրել է նրա ստրատեգիական դիրքը, իսկ խիստ թեքադիր լինելը (500 մետրի վրա տեղանքի անկումը կազմում է մոտ 60 մետր)՝ պայմանավորել հսկայական լրացուցիչ ինժեներական-պաշտպանական միջոցառումներ: Կարծում ենք, որ նման «անհարմարության» շինարարները գնացել են մեկ նպատակով՝ հնարավորինս մոտ գտնվել և պաշտպանության տակ պահել քաղցրահամ աղբյուրները: Եթե նկատի ունենանք, որ Վանքասարը եզերում է Խաչենագետը՝ այն տափաստան դուրս գալու տեղում, կարելի է հավաստել, որ Տիգրանակերտի ամրոցը ոչ միայն վերահսկում էր տափաստանն ու այստեղով անցնող առևտրական ճանապարհը, այլև պաշտպանում էր գետահովտի մուտքը:
Տիգրանն իր ինքնակալության հենց սկզբից էլ համոզված էր, որ Պարթևների հետ ռազմական բախումն անխուսափելի է: Իսկ նման դեպքերում համարյա անխուսափելի էր և Պարթևների դրդմամբ հյուսիսի ցեղերի ներխուժումը: Նկատի ունենալով, որ ունենք գրավոր հիշատակություն տափաստանին հարող արացախյան նախալեռներում առնվազն երկու Տիգրանակերտերի մասին, կարելի է հավանական համարել, որ հյուսիսային ցեղերի հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով Տիգրանը նախալեռներում տեղակայել էր ամրոցներ, որոնք հսկողության տակ են պահել տափաստանը և պաշտպանության տակ առել գետահովիտների մուտքերը: Նկատի ունենալով Տիգրանակերտի հնագիտական համալիրների թվագրության ներքին շեմը, որը չի անցնում է մ.թ.ա. առաջին դարի սահմանը, ավելի քան հավանական է, որ Տիգրանն այս ծրագիրը սկսել է իրագործել Կապադովկիա կատարած արշավանքից անմիջապես հետո՝ մ.թ.ա. առաջին դարի 90-ական թվականների վերջին կամ 80-ականների սկզբին: Տիգրանակերտի ամրոցի մինչ այժմ պեղված բոլոր կառույցների հիմքերը, ներառյալ պարիսպները, աշտարակները և միջնաբերդի անտիկ կառույցները, բացառապես ժայռափոր են, շինարարական մի տեխնիկա, որ Արցախում մինչ այդ ընդհանրապես փաստված չէ, բայց լայնորեն տարածված էր Կապադովկիայում և Հայաստանի անտիկ քաղաքներում (Երվանդաշատ, Արմավիր, Արտաշատ):
Ինչպես նշեցինք, Տիգրանակերտի ամրոցը տեղադրված է եռանկյուն հրվանդանի վրա, որը հիմքում ունի Արքայական աղբյուրները, իսկ գագաթին տեղադրված է ուղղանկյուն աշտարակը, որից սկիզբ են առնում եռանկյան կողմերը կազմող հարավային և հյուսիսային պարիսպները (նկ. 2): Հարավային պարսպից հիմնականում պահպանվել են ժայռափոր հիմքերը (նկ. 3, 4): Հյուսիսային պարիսպը որոշ տեղերում պահպանվել է մինչև հինգ մետր բարձրությամբ (նկ. 5). զիգզագ պատեր, իրար հաջորդող ուղղանկյուն և կլոր աշտարակներ (նկ. 2, 6): Սրանով իսկ ունենք բացառիկ հնարավորություն՝ դիտարկելու պարիսպների կառուցման ողջ տեխնիկական հնարները:
Վանքասարի լանջն ի վեր ձգվող հարավային պարսպահիմքերի ավելի քան 450 մետր ժայռափոր հիմքերի որոշ հատվածներ դիտելի էին դեռ մինչև պեղումները: Դրանց ժապավենաձև և աստիճանատեսք կառուցվածքն ադրբեջանցի հետազոտողները ժամանակին թյուրիմացաբար համարել են դեպի Վանքասարի գագաթին գտնվող 7-րդ դարի տաճարը տանող աստիճաններ: Ժայռերի մեջ փորված նեղ ժապավենները ավելի նմանեցվել են կածան-ճանապարհի, հանգամանք, ինչը հնարավորություն չի տվել հայտնաբերել քաղաքը: Պեղումներից առաջ չէինք կարող պատկերացնել, որ պարսպահիմքերը նման կառուցվածք են ունենալու: Թվում էր ավելի բնական էր ենթադրել, որ պիտի փորվեր պարսպի լայնությանը հավասար (պարսպի լայնությունը տատանվում է 2,60-2,80 մետրի սահմաններում) կանոնավոր մի առու-հիմք, որի մեջ էլ կշարվեին առաջին շարքի կվադրերը: Իրականում ժայռի վրա ժապավենների տեսքով փորվել են եռաշարք պարսպի արտաքին և ներքին շարքերի առանձին հիմքերը (նկ. 3), որոնք լրամշակմամբ բերվել են մոտավոր հորիզոնական տեսքի, և որոնց մեջ փորվել են առաձին կվադրի համար նախատեսված բները: Այն դեպքում, երբ պարիսպների վերին շարքերն ունեն համարյա կատարյալ հորիզոնական հարթություն,. պարսպահիմքերը հայտնի չափով կրկնում են տեղանքի թեքությունը: Սա նշանակում է, որ առաջին (գուցե նաև երկրորդ և երրորդ) շարքում քարերն ունեցել են ավելի թեք ստորին մակերես և ավելի ուղագիծ վերին մակերես: Այսինքն, փոխանակ ժայռը բերեն հորիզոնական հարթության, դրան հասել են առանձին կվադրերի մշակման միջոցով, ինչն ակնհայտորեն պակաս աշխատատար պրոցես էր: Բները լցվել են կրից և կրաքարի ծլեպներից կազմված շաղախով, որի մեջ էլ ընկղմվել-ամրացվել են կվադրերը (նկ. 7): Արտաքին և ներքին ժապավենների միջև ընկած հիմքատակը միշտ չէ, որ մշակել են, այն լցվել է շաղախով և կոպտատաշ կվադրերով այն հաշվով, որ պատի բարձրության երրորդ կամ չորրորդ շարքում նոր ունենան բոլոր չորս շարքերին համահավասար մակերես: Կրաշաղախը առաջին շարքի կվադրերի ամրացման և միջկվադրային դատարկությունները լցնելուց բացի օգտագործվել է նաև հիմքի և ժայռի միջև եղած արանքը լցնելու-սվաղելու համար, որպեսզի անձրևաջրերը չլցվեն հիմքի տակ: Շաղախի նման տարաբնույթ օգտագործումը մ թ. ա. առաջին դարում տարածաշրջանում վավերացվում է առաջին անգամ: Որպես կանոն արտաքին ժապավենն ավելի լայն է, քան ներքինը, իսկ երկուսը միասին կազմում են պատի լայնության 60-70 տոկոսը: Այսպիսով, հիմքերի հետազոտությունները պարզում են մանրամասն ու խնամքով մտածված շինարվեստի օգտագործում, ինչը հնարավոր է դարձրել, որ պարիսպը հնարավորինս համապատասխանեցվի տեղանքի ուղղաձիգ և հորիզոնական անկումներին` հմտորեն համադրելով տարբեր ակոս-ժապավենները, աստիճաններն ու հարթակները: Ինչպես տեսնում ենք, պատն իր հիմքում հենվում է ոչ թե միատարր-հոծ զանգվածի, այլ երեք առանձին «ոտքերի» վրա (արտաքին և ներքին շարքերը և դրանց միջև ընկած զանգվածը): Կարծում ենք այն նաև հակասեյսմիկ դերակատարում է ունեցել՝ ցնցումները հիմքին մոտ բաժանելով բաղադրիչների:
Պարսպի արտաքին և ներքին շարքերի կվադրերն ունեն շփման մակերեսների իդեալական տաշվածք, դրսի երեսների ռուստիկ (բարձիկատեսք) մշակում և վարպետորեն արված ֆասկաներ (կվադրերի դրսի եզրերի թեք կտրվածքներ): Խոշոր կվադրերն ուղղակի դրված են իրար վրա, մանր կվադրերը լրացուցիչ իրար են միացվել «ծիծեռնակապոչ» կապերով (նկ. 8): Կվադրերի միջին չափերն են. բարձրությունը՝ 0,45-0,70 մետր, լայնությունը՝ 0.30-1,2 մետր, երկարություն՝ 0,4-1,5 մետր: Որպես կապակցող նյութ է օգտագործվել փայտը, եզակի դեպքերում էլ՝ խճախառը կրաբետոնը: Այս տեխնիկան լայնորեն տարածված էր Փոքր Ասիայում, Միջագետքում, Արարատյան դաշտում: Սակայն Արցախում հայտնաբերվում է առաջին անգամ:
Ինչքան փոքր են կվադրերը` այնքան հաճախակի են «ծիծեռնակապոչ կապերը»: Սա հիմք է տալիս ենթադրել, որ փոքր կվադրերով պատը պակաս ամուր էր և ենթակա էր լրացուցիչ ամրացման: Կարելի է նաև փաստել, որ ավելի հաճախ նման կապերով ամրացվել են արտաքին շարքերի քարերը` թերևս նույն մտահոգությամբ: Կառուցողական նման տեխնիկան որոշակի տարածում ուներ Հայաստանի հելլենիստական և ուշ անտիկ շրջանի մի քանի հնավայրերում (Արմավիր, Արտաշատ, Գառնի), Վրաստանում (Բագինեթի):
Տիգրանակերտի ամրակայման ողջ համակարգը կազմված է երեք բաղադրիչներից՝ ուղղանկյուն աշտարակ, կլոր աշտարակ և դրանք իրար կապող բեկյալ կամ զիգզագ պատ (նկ. 2, 9): Զիգզագ պատն իր հերթին բաղկացած է երկու բազուկներից և զիգզագի հատվածից. հատվածները միայն ուղղագիծ են, թեքումները՝ ուղղանկյուն կամ սուրանկյուն: Ռելիեֆից կախված զիգզագ պատն ունի տարբեր երկարություն (ամենակարճը՝ 7,0 մետր, ամենաերկարը՝ 25,5 մետր, զիգզագի հատվածը՝ 1,5 մետր – 9,8 մետր) և տարբեր ուղղություններ: Ըստ էության ի դեմս Տիգրանակերտի ամրոցի գործ ունենք տեղանքին համապատասխանեցված մի մոդելի հետ (նկ. 2), որի պարտադիր բաղադրիչներն են մեկընդմեջ իրար հաջորդող ուղղանկյուն (կողերի երկարությունը՝ 7,0-8,0 մետր) և կլոր աշտարակները (տրամ.՝ 9,0 մետր սահմաններում) և դրանք իրար միացնող անպայման մեկ զիգզագ ունեցող պարսպապատը: Պատերի տարբեր երկարություններն ու ուղղություններն ըստ էության տեխնիկական այն միջոցներն են, որոնց օգնությամբ եռանկյուն մոդելը համապատասխանեցվել է տեղանքի բնական պաշտպանական հնարավորություններին:
Կառուցողական տեխնիկայի ընդհանրական բնութագրերով (ժայռափոր հիմք, հիմնամասի իրականացում քարե բլոկներով, չոր շարվածք, պատի ամրության ապահովում բլոկների իսկ ծանրությամբ, ծիծեռնակապոչ կապերի լայն օգտագործում, կրաշաղախի օգտագործում, վերնամասի իրականացում հում աղյուսով), առանձին բաղադրիչների չափերով (պատի հաստություն, քառանկյուն աշտարակների չափեր) Տիգրանակերտի պաշտպանական համակարգը երևան է բերում մոտ զուգահեռներ մերձավորարևելյան դասական (Միլեթ, Եփեսոս, Պերգամոն, Պրիենե, Մեանդրի վրայի Մագնեզիա, Դուրա-Եվրոպոս և ուր.) և անդրկովկասյան որոշ հուշարձանների հետ:
Հատակագծման և ճարտարապետական որոշ լուծումների առումներով այն շատ մոտ է Պրիենեին (տեղանքում գերիշխող եռանկյուն միջնաբերդ, ստորոտում փռված կանոնավոր հատակագծումով թաղամասեր, զիգզագ պարիսպներ), Դուրա Եվրոպոսի մ.թ.ա. 3-2-րդ դարերի եզրագծին վերաբերող պարսպաշարքին (զիգզագ պարիսպներ), բայց հատկապես Արտաշատին (տեղանքում գերիշխող եռանկյուն միջնաբերդ, ստորոտում փռված կանոնավոր հատակագծումով թաղամասեր, զիգզագ պարիսպներ, ուղղանկյուն և կլոր աշտարակների համադրություն), իսկ շինարվեստի որոշ մանրամասներով համարյա նույնական է Արմազցիխե-Բագինեթիի համաժամանակյա պարսպաշարի հետ: Այս զուգահեռների քննությունը հնարավորություն է տալիս հավաստել, որ Տիգրանակերտը կառուցվել է ժամանակի առաջադեմ ճարտարապետական մտքի և կառուցողական տեխնիկայի լիարժեք օգտագործումով: Այս հանգամանքները Տիգրանակերտը դարձնում են մ.թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարերի էտալոնային հուշարձան, քանի որ այն թվարկած հուշարձանների համապատասխան համալիրների համեմատ շատ ավելի լավ է պահպանված։
Ամրացված թաղամասի ներքին կառուցապատման միայն որոշ մանրամասներ են դեռ հայտնի: Տեղանքի կտրուկ թեքությունը թելադրել է, որ այն կառուցապատվի դարավանդային եղանակով: Ընդ որում, որպես կանոն դարավանդների ամրապատերը դրվել են ժայռափոր հիմքերի վրա, ունեցել են միայն արտաքին երես՝ իրականցված ռուստիկ կամ կոպտամշակ կվադրերով: Բուն դարավանդ-հարթակներն իրենցից ներկայացնում են գլաքարերի շարվածքով ցանց՝ ծածկված կավե հաստ տոփանված շերտով: Առայժմ հստակորեն վավերացվել են չորս դարավանդեր, որոնցից մեկն էլ միջնաբերդն Ամրացված թաղամասից բաժանող պարսպապատն է՝ որը ձգվում է 63 մետր երկարությամբ, ամրացված է որմնահեցերով և հյուսիսային պարսպին միանալու հատվածում ունի մուտք:
Քաղաքի Ամրացված թաղամասում առկա պարսպապատերի ժայռափոր հիմքերը, դրանց հսկայական չափերը, կառուցման կանոնավորությունը, սալերի կատարյալ համաչափությունն ու նուրբ մշակումը, հելլենիստական ամենաառաջադեմ տեխնիկայով սալերն իրար միացնելը («ծիծեռնակապոչ» կապերը) անկասկածորեն վկայում են, որ դրանք կառուցվել են միասնական պլանավորումով, հմուտ և առաջադեմ ճարտարապետների ու վարպետների կողմից: Ուժի, մտքի և նյութի նման կուտակումն ու գրանդիոզ ծրագրի իրագործումը կոնկրետ մի վայրում հնարավոր էր միայն համընդհանուր, պետական մոբիլիզացիայի դեպքում, հանգամանք, ինչն ավելի է ամրապնդում համոզմունքը, որ մենք գործ ունենք թագավորական ու պետական նախաձեռնության հետ:
Ինչպես պարզել են պեղումները, վաղ միջնադարում փորձեր են արել պահել միջնաբերդի ռազմունակությունը, իսկ մոտավորապես 11-12-րդ դարերից սկսած այն կորցրել է իր ռազմական նշանակությունը: Միջնաբերդի գագաթային հատվածը 12-13-րդ դարերում վեր էր ածվել խիտ բնակեցված թաղամասի (նկ. 10, 11): Միաժամանակ կարելի է վավերացնել անտիկ մոնումենտալ շինությունների հիմքերը. ընդ-որում ժայռափոր են եղել ոչ միայն պարիսպները, այլև անտիկ բոլոր շինությունները: Մաքուր անտիկ շերտը վավերացվում է առայժմ միայն կղզյակների տեսքով` տալով մ.թ.ա. առաջին – մ.թ. առաջին դարերի գունազարդ խեցեղենի կատարյալ օրինակներ: Առանձնակի կարելի է շեշտել անտիկ կնիք-գեմմայի (նկ. 12) և սասանյան կնքադրոշմների գյուտերը: Դրանք ցուցում են, որ Տիգրանակերտն ունեցել է կարևոր առևտրա-ադմինիստրատիվ դերակատարում: