Մզկիթը
Շահբուլաղի մզկիթը գտնվում է Արքայական աղբյուրներին կից (նկ. 1): Արքայական աղբյուրները սկիզբ են առնում Վանքասար լեռան ստորոտից և թափվում Խաչենագետը:
Շահբուլաղի մզկիթի կառուցումը վերագրվում է Փանահ Ալի խանին, երբ Տիգրանակերտի ավերակների վրա վերջինս 1751-1752 թվականներին կառուցում է իր նոր նստավայր-ամրոցը: Փանահ խանը, օգտվելով պարսից Նադիր շահի սպանությամբ ստեղծված խառնակ իրավիճակից, փորձեց իր սեփական իշխանությունը հիմնել և կառուցել սեփական ամրացված նստոցը:
Սկզբում նա Բայաթ կոչվող վայրում մի ամրոց է կառուցում, որը սակայն ապահով չէր, քանի որ ամրոցին սպառնում էին շրջակա մահմեդական խաները և Արցախի հայ մելիքները: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Փանահը Տիգրանակերտի ավերակների մոտ կառուցում է Շահբուլաղի ամրոցը, որն իր իշխանության սկզբնական շրջանում նույնպես հուսալի և ապահով նստավայր չէր, քանի որ այստեղ ևս մշտապես առկա էր իր ավարառու գործունեությանն ընդդիմացող հայ մելիքների լրջագույն վտանգը։
Շահբուլաղը նկարագրող հեղինակները (Միրզա Ադիգյոզալ Բեկը, Միրզա Ջամալ Ջևանշիրը, Աբբասղուլի Բակիխանովը, Լեոն և ուրիշները)` ներկայացնելով Փանահ խանի գործունեությունը, ի թիվս այլ կառույցների հիշատակում են նաև մզկիթի կառուցումը, սակայն չեն տալիս շինության որևէ նկարագրություն: Բացառություն է կազմում ֆրանսիացի ճանապարհորդ Շանթրը: Վերջինս տալիս է մզկիթի նկարագրությունը, բայց երկբայում է նրա գործառույթի հարցում, գրելով, որ այն կամ մզկիթ է, կամ տուն: Մզկիթի շինության վրա կառուցման կամ վերանորոգման արձանագրություն չի պահպանվել:
Մզկիթը բաղկացած է աղոթասրահից և նրա առջև գտնվող եռակամար նախասրահից (նկ. 2, 3), որտեղից էլ բացվում է դեպի աղոթասրահ տանող մուտքը: Շինության հիմնական ծավալը կառուցված է կիսասրբատաշ ու կոպտատաշ մանր ու միջին քարերով, կրաշաղախով, եռակամար նախասրահի ճակատը՝ սրբատաշ քարով: Աղոթասրահը հատակագծում քառանկյուն է, լուսավորվում է դեպի նախասրահ բացված պատուհանից և կենտրոնում գտնվող երդիկից: Ճակատային պատուհանի կողքին գտնվում է մի փոքրիկ խորշ, իսկ կամարասրահի հարավային պատին բացված է կամարակապ մեծ խորշ:
Աղոթասրահը ներսից սվաղված է, պատերին կան փոքրիկ խորշեր: Սվաղված է եղել նաև արտաքին պատը: Ներսում՝ հարավային կողմում գտնվում է սրբատաշ քարերից կառուցված միհրաբը, որն անպաճույճ է և պարզ:Աղոթասրահի ծածկը քարակերտ է, գմբեթանման՝ կենտրոնում բացված երդիկով: Իսկ նախասրահի ծածկը երկթեք է: Արտաքնապես կառույցը երկթեք և կոնաձև ծավալների համադրություն է: Շահբուլաղի մզկիթը ետնամասում հենվում է ժայռի վրա:
Արքայական աղբյուրների տարածքում պեղումների ժամանակ Տիգրանակերտի արշավախմբի կողմից ստուգվեց շինության արևելյան հիմքը: Ժայռն այս հատվածում ունի ժապավենատեսք փորվածքներ՝ հար և նման Ամրացված թաղամասի պարսպահիմքերին (նկ. 4): Սա մի կարևոր վկայություն է հօգուտ այն ենթադրության, որ Տիգրան Մեծի ժամանակի կառուցապատումը ներառել է նաև աղբյուրների անմիջական շրջապատը: Եռակամար սրահը կառուցված է սրբատաշ քարերով, սյուները միակտոր քարից են և նիստավոր:
Նկատենք, որ եռակամար նախասրահներն իրենց զուգահեռներն ունեն Արցախի միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության մեջ (Մեծարանից վանք, Կոշիկ անապատ, Երից Մանկանց վանք): Այս տիպի նախասրահները դառնում են 19-րդ դարում Արցախի տարածքում՝ մասնավորապես Շուշիում կառուցված մեծ մզկիթների գլխավոր բաղադրիչներից մեկը: Մզկիթի շինությունը վերանարոգվել է, քանդված մասերը վերաշարվել են խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից: Մզկիթի շինության առջև էր գտնվում ջրավազանը, որի պատկերը երևում է 19-րդ դարում կատարված մի գրչանկարում (նկ. 5):
Այն իրենից ներկայացնում է կրաշաղախով իրականացված համարյա քառակուսի կառույց, որն ինչպես պարզվեց պեղումների ընթացքում՝ ուշմիջնադարյան ջրավազան է՝ կենտրոնում ջրային հայելու կառուցվածքով: Վերջինս իրենից ներկայացրել է ուղղաձիգ դիրքով դրված սրբատաշ քարերից բաղկացած մի քառակուսի: Սալերի վերնամասում փորված առվակի միջով ջուրը լցվել է ջրավազան՝ թափվող ջրերին տալով ուղղաձիգ հայելային մակերեսի տեսք (նկ. 6-8): Գտնված հնագիտական նյութը՝ ուշմիջնադարյան խեցեղեն, դրամներ, ուշմիջնադարյան տապաքանար, հիմք են տալիս հավանական համարել, որ ավազանը կառուցվել է 18-րդ դարում՝ մզկիթի բակում: