Skip to main content

Միջնադարյան խեցեղենը և ապակին

Միջնադարյան խեցեղենը կազմում է հնագիտական ​​գտածոների զգալի մասը և պեղումների ամենառատ նյութը։ Ուսումնասիրելով միջնադարյան քաղաքի պեղումների շերտագրությունը և վերլուծելով միջնադարյան խեցեղենի ձևաբանական առանձնահատկությունները՝ կարելի է առանձնացնել խեցեղենի հետևյալ խմբերը՝ 4-8-րդ դարերի խեցեղեն և 9-13-րդ դարերի խեցեղեն։ 4-8-րդ դարերի խեցեղենն իր հերթին բաժանվում է 2 ժամանակագրական ենթախմբի.

  1. 4-րդ դար` ուշ անտիկից վաղ միջնադարի անցման շրջան,
  2. 5-8-րդ դարեր` վաղ միջնադարի խեցեղեն:

4-րդ դ. խեցեղենը լավ տեղորոշվում և թվագրվում է Ամրացված թաղամասի միջնաբերդի պաշտպանական պարիսպների և աշտարակների ու Առաջին անտիկ թաղամասի անտիկ շերտերում: Երկու եկեղեցիներով (մեծ և փոքր) վաղ քրիստոնեական հրապարակի Կենտրոնական թաղամասում հայտնաբերված խեցեղենի հիմնական զանգվածը զարգացած միջնադարից է (9-13-րդ դարեր), սակայն գտնվել են նաև մեծ քանակությամբ վաղ միջնադարյան կղմինդրեր։

Համապատասխանաբար, 5-8-րդ դարեր, 9-13-րդ դարերի խեցեղեն անտիկ թաղամասերում չի հանդիպում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ վաղ միջնադարյան մեծ եկեղեցին կառուցվել է մոտակայքում, բայց ոչ անտիկ շերտի վրա։ 11-12-րդ դարերի խեցեղենի որոշ քանակ հանդիպում է նաև Ամրացված թաղամասում։

Անտիկ թաղամասում լավ արտահայտված են 2 մշակութային շերտեր՝ ուշ անտիկ (մ.թ.ա. 1-ին դար – 3-րդ դար) և, դատելով խեցեղենից, անցումային շրջանը` անտիկից միջնադար (4-5-րդ դարեր)։ Անցումային շրջանի խոհանոցային խեցեղենի բնորոշ նմուշներ են ուռուցիկ, ձվաձեւ իրանով մոխրագույն կճուճները։ Անոթի պսակն ավարտվում է թեթևակի դուրս հակված շուրթով։ Բռնակն ամրացված է պսակին։ Հատակը կլորավուն է կամ հարթ: Այս խմբի մեջ են մտնում նաև մոխրագույն կճուճները՝ մեկ կամ երկու փոքր կլոր բռնակներով և հարթ հատակով (նկ. 1): Այս անոթների բռնակները հարդարված են փորագիր պարզ եղևնաձև զարդով կամ շեղ գծերով, երբեմն հանդիպում են վերադիր նախշեր։ Կճուճները սովորաբար կրում են մրի հետքեր։

Նկ. 1 Մոխրագույն կճուճը, 4-5-րդ դդ.։

Մեծ եկեղեցու տարածքում գտնված 5-8-րդ դարերի խեցեղենը հիմնականում ներկայացված է մեծ քանակությամբ կղմինդրերով, որոնք ծածկում էին վաղ միջնադարյան եկեղեցիների տանիքները։ Կղմինդրերը բաց ավազագույն են և վարդագույն, հանդիպում են 2 տեսակով: Սոլենն ու կալիպտերը (տափակ և կիսագլանաձև կղմինդրերը) մի դեպքում առանձին են, մյուս դեպքում՝ միացված են իրար։ Հետաքրքրություն է ներկայացնում շրջանակի մեջ առնված վաղ քրիստոնեական խաչի պատկերը սոլենի դիմային անկյուններում (նկ. 2): Ամենայն հավանականությամբ, այն տանիքի եզրագոտու ճակատային կղմինդր է:

Նկ. 2 Կղմինդր-ճակտոն, 5-6-րդ դդ.։

Հետաքրքիր վաղմիջնադարյան նյութ է հայտնաբերվել մեծ եկեղեցու մոտ բացված հետախուզական պեղումների ժամանակ: Այստեղ 1,95 մետր խորության վրա հայտնաբերվել են վաղ միջնադարի սենյակների պատեր, իսկ 3,0 մետր խորության վրա՝ վաղմիջնադարյան խեցեղենի բեկորներ, որոնց մեջ գտնվել են բռնակների բեկորներ` կորության վրա քերծված հայերեն «Մ» տառով: Ենթադրաբար դրանք թվագրվում են 7-րդ դարով, քանի որ նմանատիպ տառեր (վարպետի նշաններ) կան 7-րդ դարի Վանքասար լեռան վրա գտնվող եկեղեցու քարերի վրա։ Վաղմիջնադարյան խեցեղենի հիմնական մասը մոխրագույն, բաց դեղնավուն կամ բաց շագանակագույն է, բայց 5-8-րդ դարերի առանձին սափորներ և կճուճները բնորոշ կարմիր, մուգ շագանակագույն կամ մուգ բալագույն են:

Ըստ իր տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրերի՝ սկսած 9-րդ դարից, միջնադարյան խեցեղենն ավանդաբար բաժանվում է 2 խոշոր խմբերի՝ հասարակ  (հաճախ կարմիր խեցի ունեցող) և ջնարակած։

Ըստ կիրառման` խեցեղենը բաժանվում է հետևյալ տեսակների՝ տարաներ` ներառում է տարբեր չափերի կարասներ, խոհանոցային` կաթսաներ, սափորներ, կաթնամաններ, խնոցիներ, տարբեր կճուճներ, սեղանի սպասք` սափորներ, թասեր, ափսեներ, սկուտեղներ, աղամաններ (նկ. 3), հատուկ` կափարիչներ, ճրագներ, ձվաձև անոթներ: Այս բոլոր տեսակները ներկայացված են Տիգրանակերտի միջնադարյան խեցեղենում։

Նկ. 3 Ջնարակած «աղաման», 12-13-րդ դդ.:

Միջնադարյան քաղաքում ամենատարածված կենցաղային իրերից մեկը կարասն էր: Սրանք մեծ և միջին տարայի անոթներ են՝ բռնակներով կամ առանց բռնակների, սորուն մթերքներ և հեղուկներ տեղափոխելու և պահելու համար: Տիգրանակերտում գտնվել են բազմաթիվ բեկորներ և մի քանի ամբողջական միջնադարյան կարասներ։ 12-13-րդ դարերով թվագրվող ամբողջական կարաս է վավերացվել է 12-րդ դարով թվագրվող հատակի մակարդակին (նկ. 4)։ Այն նախատեսված էր հացահատիկի պահպանման համար։ Մեծ եկեղեցու տարածքում հայտնաբերվել են նաև այսպես կոչված «տոնական» կարասի բեկորներ (նկ. 5)։  Այն լավ տրամատավորված կարաս է` լայն վզով և հարթ շուրթով, որը դրված է ուռուցիկ իրանի վրա: Կարասն իրանի վերնամասում ունի 2 բռնակ և հարուստ դեկորատիվ հարդարանք։ Միջին չափերի անոթները ներառում են խնոցիները և մեծ սափորները (նկ. 6)։ Տիգրանակերտի բազմաթիվ սափորներն ունեն պսակների տարբեր ձևեր՝ կլոր, երկարավուն ծորակով, կենդանակերպ։

Նկ. 4 Կարաս, 12-13-րդ դդ.:

Կլոր պսակով 11-13-րդ դարերի փոքր սափորներին բնորոշ է անգոբի ուղղահայաց լայն կարմիր գոտիներով զարդանախշումը։ Այս ավանդույթի արմատները գալիս են Տիգրանակերտի անտիկ խեցեղենից։ Միջնադարյան գունազարդումը կարմիր անգոբով հիմնականում հանդիպում է երկայնական կարմիր գոտիների տեսքով (նկ. 7), որոնք հարդարում են սափորները։ Բայց գունազարդված են նաև թասերի, կճուճների և կափարիչների եզրերը:

Նկ. 5 Այսպես կոչված «տոնական» կարաս, 12-13-րդ դդ.:
Նկ. 6  Սափոր, 11-12-րդ դդ.:
Նկ. 7 Սափոր` կարմիր անգոբե գոտիներով, 11-12-րդ դդ.:

Միջնադարյան շերտի պեղումների ժամանակ գտնված կավե կաթսաների բեկորների քանակն ու բազմազանությունը վկայում է այն մասին, որ դարեր շարունակ դրանք ծառայել են որպես հիմնական խոհանոցային սպասք սննդի ջերմային մշակման համար (նկ. 8)։

Նկ. 8 Կաթնաման, 10-11-րդ դդ.:

Հայաստանի միջնադարյան խեցեղենի յուրահատուկ խումբ է կազմում ջնարակած խեցեղենը, որը հանդիսանում է մշակութային այնպիսի ֆենոմենի մի մաս, ինչպիսին է Արևելքի միջնադարյան ջնարակած խեցեղենը: Հայաստանի ջնարակած խեցեղենում արտացոլված են մշակույթի այս ճյուղի զարգացման գրեթե բոլոր փուլերը, ուստի այն լավ կողմնորոշիչ է հնագիտական ​​շերտերի պարբերականացման համար։ Ըստ տեխնոլոգիական բնութագրերի՝ այն բաժանվում է 9-10-րդ դարերի, 11-րդ դարի և 12-13-րդ դարերի Խեցեղենի:

9-10-րդ դարերի ջնարակած թասերի և ափսեների բնորոշ հարդարանքը հասարակ խեցու վրա մուգ շագանակագույնով (մանգանի օքսիդ) ջնարակի տակ արված գունազարդումն է, որի շնորհիվ նախշերը դեղնադարչնագույն են։ Առանձին խումբ է կազմում 9-րդ դարի վաղմիջնադարյան ջնարակած խեցեղենը՝ վառ դեղին և կանաչ նախշերը (նկ. 9)։

Նկ. 9 Ջնարակած խեցեղենի բեկորներ, 9-րդ դ.:

 10-11-րդ դարերում լայնորեն կիրառվում էր հասարակ խեցու վրա սպիտակ անգոբով գունազարդումը ջնարակի տակ, որն այնուհետև պատվում էր կանաչ, շագանակագույն կամ դեղին թափանցիկ ջնարակով: Խեցեղենի այս խմբին են պատկանում Տիգրանակերտում գտնված գրեթե ամբողջությամբ պահպանված 2 ափսեները՝ պարուրաձև և շրջանաձև զարդանախշերով, որոնք արված են սպիտակ անգոբով` հասարակ խեցու վրա՝ թափանցիկ կանաչ ջնարակի տակ (նկ. 10)։  

Նկ. 10 Ջնարակած ափսե, 10-11-րդ դդ.:

11-րդ դարից հարդարման մեջ սպիտակ անգոբն օգտագործվում է որպես այլ գույների ետնախորք, ինչը մեծապես աշխուժացնում է ջնարակած խեցեղենի ողջ ներկապնակը: Այս ժամանակաշրջանի հիմնական տեխնիկական խնդիրն էր ստանալ բաց, սպիտակ երանգով սպասք, որը նման կլիներ թանկարժեք չինական օրինակներին։ Նախշազարդման համար օգտագործվել է 5 գույն: Դրանցից 4-ը մետաղի օքսիդներ են. մանուշակագույն (մանգան), դեղին (օխրա), կանաչ (քրոմ) և սև (մանգան և երկաթ): 5-րդ գույնը անգոբի սպիտակ ետնախորքն է (նկ. 11)։

Նկ. 11 Ջնարակած ափսե, 11-12-րդ դդ.:

12-13-րդ դարերի ջնարակած ափսեները ներառում են սպիտակ ետնախորքով ու երկրաչափական նախշերով օրինակները` բուսական զարդանախշերով շրջապատված կենդանիների կամ թռչունների (նկ. 12) պատկերներով (սովորաբար այգային կամ որսի տեսարաններ):

Նկ. 12 Ջնարակած ափսեի բեկոր՝ թռչունի պատկերով 12-13-րդ դդ.:

Նման խեցեղենի բեկորները շատ չեն։ Պահպանվել է ափսեի մի բեկոր, որի վրայի կռահվում է «եղնիկի» պատկերը այգու մեջ, և մեկ այլ ափսեի բեկոր ներկայացնում է արծվի կամ սիրամարգի՝ «դրախտային այգում» (նկ. 13):

Տիգրանակերտի միջնադարյան ապակու հավաքածուն բաղկացած է ավելի քան մեկուկես հազար միավորից։ Միջնադարյան ապակի հայտնաբերվել է Կենտրոնական թաղամասի 5-7-րդ, 9-11-րդ, 12-13-րդ դարերի մշակութային շերտերի պեղումների ժամանակ, ինչպես նաև Միջնաբերդում, որտեղ միջնադարյան մշակութային շերտ կա։ Ըստ գործառույթների՝ ապակե առարկաները կարելի է բաժանել 2 խմբի՝ զարդեր (ապարանջաններ, ուլունքներ) և անոթներ, որոնցից կարելի է առանձնացնել ղամպարնեըը (ճրագները)։ Ցավոք, չկան ամբողջական պահպանված անոթներ, իսկ շատ բեկորներ շատ աննշան են, ինչը անհնար է դարձնում այդ անոթների ձևն ու նշանակությունը որոշելը։ Ապարանջանների բեկորները բազմաթիվ են։ Դրանք տարբերվում են ներքին տրամագծի չափերով, արտադրության տեխնիկայով, ապակու գույնով և թելի լայնակի կտրվածքով։

Նկ. 13 Ջնարակած ափսե, արծիվը կամ սիրամարգը՝ «դրախտային այգում» 12-13-րդ դդ.:
Նկ. 14 Բազմագույն ապարանջաններ, 9-13-րդ դդ.:

Ապարանջանները մեծ մասամբ միագույն են, բայց կան նաև բազմագույն բեկորներ (նկ. 14)։ Միագույն ապարանջանները պատրաստված են սև, կապույտ, կանաչ և հազվադեպ դեղին թափանցիկ ապակուց:

Ապակե անոթների բեկորները բազմաթիվ են: Մեծ մասը կազմում են միատարր հաստ կանաչ ապակու բեկորները: Սրանք հիմնականում ղամպարների հատակի բեկորներ են (նկ. 15)։ Նման ղամպարները դրվել են եկեղեցու լուսավորության համար նախատեսված ջահերի օղակաձև մետաղական տակդիրի մեջ։

Նկ. 15․ Ապակյա ղամպարների բեկորներ, 12-13- րդ դդ.: