Skip to main content

Միջնադարյան գործիքները և զենքերը

Տիգրանակերտի պեղումներից գտնված հնագիտական գտածոների մեջ զգալի թիվ են կազմում միջնադարյան մետաղե տարաբնույթ իրերը, որոնք հիմնականում հայտնաբերվել են Կենտրոնական թաղամասի պեղումներից: Առանձին օրինակներ էլ ծագում են Ամրացված թաղամասի վերին շերտերից: Մետաղե գտածոների գերակշիռ մասը պատրաստված են երկաթից, որոշակի թիվ են կազմում պղնձե և բրոնզե առարկաները:

Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի բնակելի-տնտեսական համալիրների պեղումներից գտնված երկաթե առարկաների մեջ առաջին հերթին աչքի են ընկնում չորս երկաթե խոփերը, որոնք կազմում են Հայաստանում պեղումներից գտնված վարող գործիքների ամենամեծ խումբը: Պեղումներից գտնված չորս օրինակներն էլ արորների խոփեր են (դրանք վերաբերում են 10-11 և 12-13-րդ դարերին), որոնք պատրաստված են եղել տափաստանային՝ համեմատաբար փուխր հողում աշխատելու համար (նկ. 1, 2):

Նկ․ 1 Արորի խոփ, 9-10-րդ դարեր:
Նկ․ 2 Արորի խոփ, 9-10-րդ դարեր:

Տիգրանակերտի պեղումներից գտնված երկաթե առարկաների մեջ մեծ թիվ են կազմում մանգաղները: Սրանցից մեկը չափերով փոքր է, ունի ընդգծված կորություն, պոչուկավոր է՝ փայտե կամ ոսկրե բռնակի մեջ ամրացնելու համար: Երկաթե առարկաների մեջ պետք է առանձնացնել երկու թաթակիշները: Սրանք օգոտագործվում էին խմորը կտրտելու, տաշտը խմոր անելուց հետո քերելու, ավելի երկարները՝ հացը թոնրից հանելու համար (նկ. 3):  Տիգրանակերտի պեղումներից գտնված ցաքատները նախատեսված են եղել վայրի թփերը հատելու և այգեգործական աշխատանքների համար (նկ. 4):  

Նկ․ 3 Երկաթե թաթակիշ, 10-11-րդ դարեր:
Նկ․ 4 Ցաքատ,  11-12-րդ դարեր:

Երկաթե առարկաների մեջ զգալի թիվ են կազմում դանակները և սրանց տարբեր բեկորները:  Ամբողջական դանակներից մի քանիսի վրա պահպանվել են պոչուկները (նկ. 5): Չի բացառվում, որ դանակների մի մասն եղել են դաշույններ:

Երկաթե առարկաների մեջ մեծ թիվ են կազմում եզների, ավանակների, ձիերի պայտերը (նկ. 6): Երկաթե առարկաների մեջ շատ են գամերը, որոնցից կարճ պոչուկներովը և լայն գլխարկներովը հիմնականում օգտագործվել են անասունները պայտելու համար (նկ. 7): Մեծ թիվ են կազմում նաև այլ նպատակների համար կիրառվող մեխերը և գամերը, որոնք տարբերվում են իրենց չափերով և գլխիկներով:

Հետաքրքիր են Կենտրոնական թաղամասի պեղումներից գտնված երկաթե տարբեր չափերի ձողերը և դրանց առանձին հատվածները, որոնք միջնադարյան տնտեսության մեջ բազմաբնույթ կիրառություն են ունեցել: Դատելով որոշ ձողերի երկարությունից, հաստությունից, վերին հատվածում անցքի առկայությունից՝ ամբողջական ձողերի մի մասը տարատեսակ ծակող գործիքների մասեր են, որոնք օգտագործվել են կաշվե իրերի պատրաստման, ինչպես նաև զինագործության մեջ:

Նկ․ 5 Դանակ, 12-13-րդ դարեր:
Նկ․ 6 Պայտեր և գամ, 12-13-րդ դարեր:
Նկ․ 7 Գամեր, 12-13-րդ դարեր:

Քարե գործիքներ

Պեղումներից հայտնաբերվել են մեծ ու փոքր չափերի բազմաթիվ սրաքարեր:  Սրանցից խոշորները նախատեսված են եղել մանգաղ, գերանդի սրելու համար: Փոքրերն օգտագործվել են ավելի փոքր գործիքներ՝ դանակներ, փոքր մանգաղներ, դաշույններ սրելու համար: Դրանք բավականին մաշված են, ինչը երկարատև օգտագործման արդյունք է: Սրաքարերը պատրաստված են տեղական տաբեր տեսակի կարծր քարերից: Դրանց մեծ մասը մի ծայրում փոքր-ինչ օվաձև է, հակառակ ծայրն  ավելի նեղ է և ունի գոտուց կախելու համար արված անցք (նկ. 8):

Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի բնակելի-տնտեսական համալիրների պեղումներից գտնվել են մեծ քանակությամբ տարբեր ձևի, չափերի ու մեծության սուր քարեր, որոնց մի մասը չի բացառվում, որ ամրացվել են կամին:

Տիգրանակերտի պեղումներից գտնվել են հացահատիկի մշակման համար նախատեսված քարե գործիքներ: Հատկապես շատ են տարբեր չափերի և ձևերի աղորիքները, գտնվել են նաև երկանքի քարեր (նկ. 9):

Նկ․ 8 Սրաքար։

Բնակելի-տնտեսական համալիրների պեղումներից գտնվել են բազմաթիվ սանդեր, որոնք նախատեսված էին հացահատիկ և տարբեր ընդեղեններ մանրելու համար: Սրանք պատրաստված են բազալտից կամ կրաքարից: Գրեթե բոլոր սանդերի հատակն երկարատև օգտագործումից մաշվել է, հազվադեպ էլ ծակվել:

Նկ․ 9 Երկանքի վերին սալը,  11-12-րդ դարեր:

Իրերի մեջ որոշակի քանակություն են կազմում ծանրոց-կախիկները: Դրանք պատրաստված են քարից և չթրծված կավից: Սովորաբար նման ծանրոց-կախիկներն օգտագործվել են ջուլհակի ուղղահայաց հաստոցի վրա: Գտնվել են նաև կավագործ-բրուտի քարե կոկիչներ, որոնց օգնությամբ հղկում էին կավե անոթների մակերեսը, ինչի շնորհիվ դրանք ստանում էին փայլ և հղկվածք:

Զենքեր

Պեղումներից հայտնաբերված զենքերի հավաքածուն բավականին համեստ է: Առանձնանում է համարյա ամբողջապես պահպանված երկաթե թուրը (նկ. 10): Թուրը միաձույլ է, միասայր, իսկ հակառակ կողմը բութ է՝ թրին տալով անհրաժեշտ ամրություն: Չի բացառվում, որ պեղումներից գտնված երկար դանակների մի մասն եղել է դաշույն:

Նկ․ 10 Երկաթե միասայր թուր, 17-18-րդ դարեր:

Զենքերի մեջ առանձնանում է Կենտրոնական թաղամասի պեղումներից գտնված նիզակի ամբողջական ծայրակալը (նկ. 11), որը վերաբերում է 5-7-րդ դարերին: Այն տափակ է, տերևաձև, կենտրոնական ընդգծված գլանաձև առանցքով: Կոթառը մոտ երեք անգամ երկար է խոցասայրից, ինչը վկայում է, որ ծայրակալն ամրացվել է խիստ երկար պոչի: Չի բացառվում, որ նման նիզակներն օգտագործել են հեծյալ ռազմիկները, ինչպես տեսնում ենք Արցախի 12-13-րդ դարերի խաչքարերի քանդակներում (նկ. 12):

Երկաթե առարկաների մեջ առանձնանում է ձիու սանձի լկամը, որի ծայրին առկա է անցք՝ ձիասարքի մյուս հատվածներին միացնելու համար: 

Տիգրանակերտի միջնադարյան շերտերում գտնվել են նաև նետասլաքներ, որոնք ըստ սլաքի, արտաքին ձևի և կտրվածքի բաժանվում են մի քանի խմբերի (նկ. 13):

Նկ․ 11 Նիզակի ծայրակալ, 5-7-րդ դարեր
Նկ․ 12 Հեծյալ ռազմիկ, 12-13-րդ դարեր, խաչքարային պատկերաքանդակ, Պառավաձոր:
Նկ․ 13 Բրգաձև պոչուկավոր նետասլաք, 10-11-րդ դարեր:

Տիգրանակերտի պեղումներից գտնված առարկաների մեջ որոշակի թիվ են կազմում նաև փոքր և միջին չափերի գլաքարե ռմբաքարերը (նկ. 14), որոնք գլխավորապես գտնվել են Կենտրոնական թաղամասից: Տարբեր չափերի ռմբաքարերի կուտակումներ ունենք նաև Տիգրանակերտի Ամրացված թաղամասում: Ենթադրելի է, որ փոքր քարերից որոշները եղել են պարսատիկի քարեր:

Նկ․ 14 Ռմբաքարեր, 9-12-րդ դարեր: