Skip to main content

Անտիկ դամբարանադաշտը

Անտիկ դամբարանադաշտը տեղադրված է հարթավայրում` բուն քաղաքից մոտ մեկ ու կես կմ հյուսիս-արևելք: Պեղումներով այստեղ հայտնաբերվել և ուսումնասիրվել են մեկ քարարկղային և վեց կարասային թաղումներ (նկ. 1):  Մեկ կարասային թաղում էլ պեղվել է Ամրոցի հյուսիսային պարսպի պեղումների ժամանակ՝ ամրոցի ներսում, պարսպապատից ոչ հեռու: Թաղումները միասնական ուղղվածություն չունեն, հորիզոնական դիրքով դրված կարասները տարբեր շեղումներով ուղղված են հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կամ հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք: Առավել ուշագրավ են առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ թաղումները:

Նկ․ 1 Անտիկ դամբարանադաշտի ընդհանուր տեսքը 2018 թ. պեղումների ժամանակ:

Առաջին թաղումը բաղկացած էր հանգուցյալին ներառող կարասից և նրա հատակին դրսից հպված ծորակավոր անոթից (նկ. 2): Հայտնաբերվել են հանգուցյալի գանգի և կողոսկրերի և ձեռքի ոսկորների շատ վատ պահպանված մնացորդներ: Ատամների վրա և կողոսկրերի հատվածում գտնվել են երկու դրամներ: Դրամները շատ լավ պահպանված պարթևական արծաթյա դրախմաներ են (նկ. 1) և պատկանում են Պարթևական արքաներ Միհրդատ երրորդին (մ.թ.ա. 57-54 թթ.) ու Որոդ երկրորդին (մ.թ.ա. 57-38 թթ.):  Գտածոների մեջ են ոսկյա ֆոլգայով պատված ուլունքները (նկ. 3) և ապակե գեմմաներով երկաթյա երեք մատանիները: Այս թաղման շրջակայքում պատահականորեն գտնվել է նաև գունազարդ տափաշիշ (նկ. 4):

Նկ․ 2 Առաջին թաղման մանրամասները, 2010 թ.:
Նկ․ 4 Առաջին թաղման տարածքում գտնված տափաշիշը:
Նկ․ 3 Ուլունքաշար առաջին թաղումից:

Չորրորդ թաղումը հայտնաբերվել է տարածքի արտաքին մակերեսից 0,30 մետր խորության մեջ, ոչ մեծ անոթում, տեղակայված հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք (նկ. 5):  Ննջեցյալը տեղադրված էր գլխով դեպի անոթի հատակը։ Մյուս ոսկրային մնացորդները շատ վատ էին պահպանված: Կարասը անմխիթար վիճակում էր՝ շատ մակերեսային թաղված լինելու և մեր օրերում ծանր տեխնիկայի գործունեության հետևանքով: Այն պատրաստված է բաց դեղնավուն վատ թրծված, փխրուն խեցուց: Աղակալված առանձին բեկորների վրա հազիվ նշմարվում էին նկարազարդման հետքեր: Անոթի ներսում, ոսկորների բեկորների հետ խառնված, հայտնաբերվեցին սարդիոնե 13 ուլունք և օղի տեսքով երկու փոքրիկ ականջօղ: Կարասը մաքրելուց և վերականգնելուց հետո (չափերը՝ 0,80×0,60 մետր) պարզ դարձավ, որ այն երկու մեծ բռնակներով, լայն բերանով և տափակ դուրս ձգված շուրթով, ամֆորանման անոթ է (նկ. 6): Բռնակների և շուրթի մակերեսները ներկված են կարմիր գույնով, վզի և իրանի սկզբնամասի միացումը ընդգծված է երկու կարմիր գծերով և մատնասեղմումով զարդարված ուռուցիկ գոտիով: Անոթի իրանը վերևից մինչև միջնամասը նկարազարդված է նույնատիպ երկու կարմիր գոտիներով, որոնցից վերինում պատկերված է՝ «եղնիկի որսի» տեսարան: Տեսարանը ծավալվում է լայնասաղարթ ծառի շուրջը: Նիզակներով և նետ-աղեղով զինված հեծյալ և հետիոտն որսորդները շների ուղեկցությամբ հետապնդում են եղնիկներին:

Նկ․ 5 Չորրորդ թաղումը:
Նկ․ 6 Չորրորդ թաղման կարասը:

Եղնիկների ներառմամբ ծիսական շքերթի տեսարան է պատկերված Մարտակերտում 2013 թվականին հայտնաբերված, անտիկ թաղումով կարասներից մեկի մակերեսին (նկ. 7): Եղջերուի պատկերով հորինվածքի մի մաս է պահպանվել Մարտակերտի և մի այլ կարասի վրա: Այսպիսով, Տիգրանակերտի և շրջակա տարածքից հայտնաբերվել են թաղման երեք պատկերազարդ անոթ՝ պատրաստված բարակ, վատ թրծված խեցուց: Գուցե գործ ունենք թաղման համար հատուկ անոթներ պատրաստելու երևույթի հետ:

Նկ․ 7 Մարտակերտից գտնված կարասը:

Հինգերորդ թաղումը բացվեց հողի մակերեսից 0,60 մետր խորության մեջ, հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք դիրքորոշմամբ, նախորդ թաղմանը զուգահեռ (նկ. 8): Անոթը տարածաշրջանում տնտեսության և թաղման ծեսում օգտագործվող միջին չափի, բաց նարնջագույն կարաս է (0,92×0,83 մետր)։ Կարասի հյուսիս-արևելք ուղղված շուրթը փակված էր տափակ քարով: Կմախքը վատ էր պահպանված, ծնոտի մի հատվածի ատամներից դատելով` ննջեցյալը ըստ երևույթին հասուն տարիքի է եղել։ Գտածոները ներառում են պարթևական դրախմա (հավանական է Որոդես Բ-ի), ապակե մածուկից պատրաստված ուլունքներ (54 հատ), բրոնզե մատանիների բեկորներ (4 հատ): Մատանիներից երկուսն ունեցել են մածուկե ակ, բայց միայն մեկի վրա է տեսանելի է կուպիդոնի (թևավոր հրեշտակի) պատկերը: Կարասի հատակամերձ մասին ուղղահայաց դիրքով հենված, բացվեց երկկանթանի գնդաձև իրանով անոթ։ Այս գնդաձև անոթները հելլենիստական դարաշրջանի տարանցիկ առևտրի ժամանակ առատորեն գործածվող տափաշշերի ձևափոխված տեսակն են, երևան են գալիս ուշ անտիկ ժամանակաշրջանում և թվագրվում մ. թ. 2-3-րդ դարերով:

Վեցերորդ թաղումը (նկ. 9) կատարված էր 1,20-1,50 մետր խորության մեջ իջեցված նարնջագույն կավից պատրաստված, անկանթ կարասի մեջ (1,60×0,95 մետր)։ Կարասը կողմնորոշված էր հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, բերանը փակված էր մի այլ կարասի իրանով։ Կարասի ստորին մասին, նախորդի նմանությամբ, հենված էր օյնոխոյատիպ սափոր: Կարասում կատարվել է, ըստ երևույթին, ընտանեկան թաղում՝ երկու կմախք՝ ծալված վերջույթներով։ Վերին կմախքի կրծքին հայտնաբերվեց մանյակ՝ կազմված ապակե, գունավոր մածուկե և սարդիոնե ուլունքներից, գիշերաքարի և բրոնզե զանգակաձև կախիկներից (նկ. 10): Ստորին ննջեցյալի ազդրի մոտ գտնվեց փոքր դաշույնի շեղբ՝ դաստակի բեկորներ հետ և ապակե գեմմա երկու հրեշտակների պատկերով:

Նկ․ 8 Հինգերորդ թաղումը:
Նկ․ 9 Վեցերորդ թաղումը:
Նկ․ 10 Վեցերորդ թաղման զարդերի հավաքածուն:

Կմախքների մատերին կային երեք ձվաձև (շեղանկյուն) վահանիկով բրոնզե մատանիներ: Չորրորդ երկաթե մատանու կլոր վահանիկը ընդելուզված էր թիավար առագաստանավի (գալերա) պատկեր կրող մածուկե ակով (նկ. 11):

Նկ․ 11 Գալերայի պատկերով գեմման:

Թաղման գույքով փոքր ինչ առանձնանում է Ամրացված թաղամասում պեղված կարասային թաղումը (նկ. 12), ուր զույգ խեցանոթներից և ուլունքներից զատ գտնվեցին տեգի, բրոնզե հայելու, մկրատի բեկորներ, ոսկյա մահիկաձև զարդակախիկներ:

Կարասային թաղումները մ.թ.ա. վերջին և մ.թ. առաջին դարերում թաղման տարածված ձևերից էին ընդարձակ մի տարածաշրջանում: Առկա հետազոտություններով թաղմանն այդ ծեսը ոնց-որ շատ ավելի բնորոշ է Անդրկովկասին, ընդորում տաբեր տարածքներում՝ որոշակի առանձնահատկություններով: Կարելի է հավաստել, որ այն Արցախում և Ուտիքում բացարձակապես գերակշռող թաղման ձևն էր, և Տիգրանակերտի դեռևս փոքրաթիվ գյուտերն էլ կարծեք հաստատում են այդ միտումը: Բոլոր դեպքերում, Տիգրանակերտի անտիկ յոթ  թաղումներից վեցը կարասային են և միայն մեկը՝ քարարկղային:

Արևելյան դամբարանադաշտում հայտնաբերվել և պեղվել է նաև քարարկղային մեկ դամբարան (նկ. 13): Այն մոտավորապես հյուսիս-հարավ կողմնորոշում ունեցող, հյուսիսային մուտքով, խոշոր չափերի կառույց է (խցի ներքին չափերն են մոտ՝ 2,75 մետր x 3,0 մետր, խորությունը՝ 1,85 մետր), որի պատերը շարված են երեք շարք երկայնական դրված խոշոր կոպտատաշ քարերով, իսկ խցին որպես հատակ է ծառայել կավային հիմնահողը: Դամբարանում հայտնաբերվեցին յոթ կմախքներ: Ինչպես ցույց տվեցին պեղումները, այստեղ իրականացվել է կրկնաթաղում` հին աճյունները խցի հարավային մասում կուտակելու միջոցով: Հանգուցյալներին ուղեկցող գույքը բրոնզե մահիկաձև մեդալիոնից (նկ. 14), չորս պարթևական  դրամներից,  բրոնզե նուրբ, տերևաձև կախիկից, լարանման իրից, թռչնի պատկերով բաց կաթնագույն ապակե գեմմայից: Խեցեղեն առարկաները երկուսն են` հորիզոնական ամրացված մեկ բռնակով, ամբողջական գունազարդ սափորը և բեկորատված գունազարդ անտիկ թասը: Դատելով գտածոներից թաղումները կատարվել են մ.թ.ա. առաջին-մ.թ. առաջին դարերում:

 Արցախի և Ուտիքի տարածքներում պեղումների միջոցին և պատահական հայտնաբերված անտիկ դամբարանների թաղման կառույցները ներկայանում են ձևերի բազմազանությամբ (սալարկղ, քարարկղ, ձվաձև շարվածքով խուց, հիմնահողային, կարասային և այլ), բայց մ.թ.ա. առաջին դարի վերջին և մ.թ. առաջին դարերում գերակշռող են դառնում կարասային թաղումները: Նախկին և նորագույն պեղումների արդյունքների ամփոփմամբ կարելի է հավաստել, որ Արցախում և Ուտիքում փաստագրվել են ավելի քան 20 դամբարանադաշտեր, որտեղ բացարձակապես գերակշռող են կարասային թաղումները: Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի և ամրոցի ներսում, պեղված, դեռևս փոքրաթիվ խումբ կազմող, այս վեց կարասային և մեկ քարարկղային թաղումների քանակային հարաբերակցությունը կարծես գալիս է հաստատելու այս դիտարկումը: Ընդորում տարբեր տարածքներում՝ կարասային թաղումների ծեսի և գաղափարական հենքի մեջ հանդես են գալիս որոշակի տեղային առանձնահատկություններ:

Նկ․ 12 Ամրացված թաղամասի թաղումը:
Նկ․ 13 Քարարկղային թաղումը:
Նկ․ 14 Մեդալիոն՝ գտնված քարարկղային թաղումում: