Skip to main content

Անտիկ խեցեղենը

Արցախի Տիգրանակերտի պեղումները երևան են բերել ուշ հելլենիստական և ուշ անտիկ շրջանի (մ.թ.ա. 1-ին-մ.թ. 3-րդ դարեր) հնագիտական մի շարք համալիրներ, որոնց շար­քում ուրույն տեղ է զբա­ղեցնում խեցեղենը, որն ավելի քան մեկ ու կես տասնամյակ տևած պեղումների ամենաառատ հնագիտական նյութն է: Անտիկ խեցեղենն իր տեսակներով ու ձևերով աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ՝ տարբեր չափերի կարասներ, կճուճներ, միականթ, երկկանթ և ծորակավոր սափորներ, տափաշշեր, ձձումներ, պուլիկներ, տաշտեր, ըմպանակներ, կիսագնդաձև ու կիսաձվաձև գավաթներ, սկուտեղներ, պնակներ, ձկնամաններ, ճրագներ և այլն: Ըստ կիրառական նշանակության դրանք բաժանվում են շինարարական, մթերքի պահպանման և վերամշակման, խոհանոցային, սպասքի, առևտրաարշավային, ծիսապաշտամունքային խմբերի: Դրանք իրենց հերթին՝ ըստ ձևա­բանական հատկանիշների, բաժանվում են տեսակների, տիպերի և տարբերակների:

Կարասները նախատեսված էին գինի, հացահատիկ և այլ սորուն մթերքներ պահեստավորելու համար: Հարուստ դեկորատիվ հարդարանք կրող գունազարդ կարասները որպես կանոն ծառայել են հանդիսությունների ժամանակ խմիչքներ մատուցելուն: Կենցաղում օգտագործվող կարասները հաճախ կիրառվել են Հայաստանում և նրա հարակից երկրներում տարածում գտած թաղման ծեսում, այսպես կոչված կարասային թաղումներում՝ իբրև թաղման անոթներ:

Նկ․ 1 Գունազարդ կարաս, Տիգրանակերտ, Արևելյան դամբարանադաշտ, 2018 թ.։

Նման շքեղ գունազարդված բռնակավոր կարաս 2018 թվականին պեղվել է Տիգրանակերտի արևելյան դամբարանադաշտում (նկ. 1):  Կարասի բռնակների և շուրթի մակերեսները ներկված են կարմիր, վզի և իրանի միացումը ընդգծված է երկու կարմիր գծերով և մատնասեղմումով զարդարված ուռուցիկ գոտիով: Անոթի պսակից մինչև իրանի ամենալայն մասը նկարազարդված է մի քանի գոտիներով: Դրանցից վերինները ծածկված են զարդանկարային գոտիներով, միջինը՝ ֆիգուրատիվ հորինվածքով, իսկ ստորինը՝ կամարաշարով: Ամենալայն գոտում պատկերված է եղնիկների որսի տեսարան: Տեսարանը ծավալվում է սփռված ճյուղերով ծառի երկու կողմերում. նիզակներով, նետ ու աղեղով զինված հետիոտն և հեծյալ որսորդները շների ուղեկցությամբ հետապնդում են եղնիկներին:

Մեկ այլ, ավելի փոքր չափերի գունազարդ կարաս գտնվել է 2013 թվականին Մարտակերտում: Մինչև վիզն ամբողջացած անոթի բաց դեղնադարչնագույն ուռուցիկ իրանը զարդարված է միմյանց հաջորդող երկու զարդագոտիներով, որոնցից առաջինը ներկայացնում է մարդկանց և եղջերուների ռիթմիկ հերթագայություն (նկ. 2): Ինը կենդանիներից բաղկացած շարքի վերջում երկար, մինչև սրունքները հասնող հագուստով երկու մարդկային ֆիգուր է պատկերված (քրմե՞ր): Վերջիններիս հագուստի փեշերը կտրտ­ված են, դրանց տակից երևում են պերսոնաժների մերկ ոտքերը: Դրանից ցած, հաջորդ գոտին կազմված է կարմիր գույնով կատարված, միմյանց ներգծված, գագաթները վեր ուղղված եռանկյունիներից, որոնք կարծես լեռնային լանդշաֆտ են պատկերում, որն է՛լ ավելի խորհրդավորություն է հաղորդում ծիսական երթի տեսարանին:

Նկ․ 2 Գունազարդ կարաս, Մարտակերտ, 2013 թ.։

Անտիկ խեցեղենի մեջ մեծ խումբ են կազմում սեղանի սպասք հանդիսացող սափորները: Դրանք ունեն հարթ նստուկ, ստորին մասում գնդաձև, վերնամասում՝ ուռուցիկ իրան, երկար վզով բարձր պսակ: Սափորները պատ­րաստված են մանրահատիկ, լավ հունցած, թրծումից բաց դեղնաշագանակագույն դարձած կավից: Արտաքինը լավ հարթեցված և փայլեցված է և որպես կանոն գունազարդված: Առանձին խումբ են կազմում ուռուցիկ իրանով, կարճ վզով, երեքնուկաձև շուրթով, մի ծայրով՝ շուրթին, մյուսով` ուսին ամրացրած, աղեղնաձև կանթով անոթներ են:

Տիգրանակերտի պեղումներով և տարածաշրջանից (Հադրութի շրջանի Վարանդա և Մարտակերտ) պատահական հայտնաբեր­ված ծորակավոր սափորները ձևաբանական և չափագրական տվյալներով գրեթե նույնական են: Դրանք հարթ նստուկով, գնդաձև (թույլ արտահայտված բիկոնիկ) իրանով, դեպի շուրթն աստիճանաբար նեղացող վզով, դուրս հակված թմբիկավոր շուրթով, ծորակով և ծորակի հակառակ կողմում ամրացված մի կանթով անոթներ են (նկ. 3): Սափորների մակերեսը լավ կոկած է, փայլեցրած և գունազարդած: Կարմիր ներկով է հարդարված շեփորաձև շուրթի եզրը, իսկ ծորակն ու կտրվածքում օվալաձև բռնակը ձևավորված են շեղ և հատվող գծիկներով: Ամենայն հավանականությամբ ծորակավոր սափորները կիրառվել են խմիչք մատուցելու համար, որը փաստվում է այս անոթների գեղարվեստական բարձր որակով և շքեղ գեղազարդմամբ:

Կճուճներն ունեն ձևերի մի քանի հիմնական ընդհանրություն` լայն և հարթ նստուկ, դեպի վեր լայնացող պատեր, ուռուցիկ իրան, կարճ, ներճկված վիզ և դուրս հակված թմբիկավոր կամ ուղիղ շուրթով լայն բերան: Սպասքի մեջ օգտագործվող կճուճները պատրաստված են մանրահատիկ մաքուր, երբեմն էլ ավազախառն կավից և հիմնականում լավ մշակված են: Արտաքին մակերեսը պատած է կարմրաշագանակագույն, դեղնաշագանակա­գույն, վարդագույն շփոթով և մանրակրկիտ փայլեցրած են: Անոթների մի մասի շուրթերը ներկված են կարմիր գծիկներով կամ ծածկված են հոծ քսած ներկով, իսկ արտաքին մակերեսը գունազարդված է կամ փորագրազարդ: Կճուճները ներկայանում են անկանթ (նկ. 4) և երկկանթ տարբերակներով:

Սպասքի մեջ օգտագործվող երկկանթ կճուճի ամբողջացող լավագույն օրինակը հարթ հատակով, քիչ բիկոնիկ իրանով, կարճ վզով լայնաշուրթ անոթ է, որի կանթերը շուրթից իջնելով հանգչում են իրանի լայն հատվածում: Բաց կարմրավարդագույն արտաքի­նով ողջ անոթը, ներառյալ կանթերը, հարդարված է մուգ, տաք կարմիր ներկով արված զարդամոտիվներով: Սպասքի այս խմբի մեջ կարելի է ներառել Անտիկ առաջին թաղամասից հայտնաբերված մուգ մոխրագույն, լավ փայլեցված մակերես ունեցող երկկանթ կճուճը, որի կանթերն անոթի շուրթից իջնում են ուսին, ունեն կենտրոնով անցնող ներճկում, իսկ շուրթի վրա՝ վերադիր գնդիկ-կոճակներ:

Տիգրանակերտյան թասերը հարթ նստուկով, հատակից դեպի վեր լայնացող կողերով բաց անոթներ են, որոնք բազմաքանակությամբ հանդերձ ունեն կայուն ձևակազմություն՝ հիմնականում տարբերվելով պսակի ձևով: Ըստ պսակի ձևի դրանք հիմնականում լինում են դուրս և ներս հակված շուրթով:

Նկ․ 3 Ծորակավոր սափոր, Տիգրանակերտ, Արևելյան դամբարանադաշտ 2010 թ.։

Այս շարքում ամենատարածվածը դուրս հակված շուրթով թասերն են, որոնց փոքր-ինչ թմբիկավոր շուրթերը միանում են անոթի կողին կամ ուղիղ կամ մատնաչափ ներճկումով, սահուն կամ սուր եզրով՝ առաջացնելով մի քանի տարբերակ: Տիգրանակերտից հայտնաբերված թասերը մեծամասամբ պատրաստված են որակյալ և լավ հունցած կավից, թրծված են հավասարաչափ: Թասերի շուրթերը հարդարված են բաց հիմ­նաներկի վրա կարմի­րի տարբեր երանգների շեղ գծիկներով, ներքին մակերեսը երբեմն զարդարված է կարմրա­վար­դա­գույն ներկով արված, զուգահեռ մի քանի համակենտրոն շրջանա­գծե­րով:

Տափաշշերը խիստ յուրահատուկ` սկավառակաձև, հաճախ երկու կողմից ուռուցիկ, երբեմն էլ մի կողմից ուռուցիկ, մյուս կողմից հարթ կտրած իրանով, բոլորակ շուրթով ավարտվող կարճ վզով, նեղ կողերի վրա ամրացրած երկու փոքրիկ կանթերով անոթներ են: Դրանք պատրաստ­ված են լավ հունցած, կրային մանրահատ խառնուրդ պարունակող կավից: Արտաքին մակերեսը պատված է դեղնաշագանակագույն և վարդագույն քսուքներով, խնամքով կոկված է և փայլեցրած: Տափաշշերի ուռուցիկ կողմը զարդանախշված է մուգ դարչնագույն, կարմիրի տարբեր երանգներով ներկած համակենտրոն գոտիներով, իսկ անոթի կենտրոնում սովորաբար պատկերված է լինում խաչ, կենտրոնից հեռացող ճառագայթներ կամ բուսական զարդանախշ: Այս առևտրարշավային անոթներն անտիկ շրջանում նախատեսված են եղել մթերք (խմիչք, յուղեր) տեղափոխելու հա­մար:

Անտիկ խեցեղենի գեղարվեստական հարդարանքը

Տիգրանակերտի անտիկ խեցեղենը, ձևերի բազմազանությունից զատ, աչքի է ընկնում հարդարման հնարների, զարդամոտիվների, հորինվածքների հարստությամբ՝ ներկայանալով շքեղ գունազարդ, սև և մոխրագույն, փայլեցված, դրոշմազարդ և փորագիր զարդերով հարդարված տեսակներով:

Դրանց շարքում իր առատությամբ աչքի է ընկնում գունազարդ տեսականին: Խեցանոթների նկարազարդումն իրականացվել է հիմնականում միագույն ներկերով, թեև հանդիպում են նաև սև և կարմիր գույնով իրականացված երկգույն օրինակներ: Օգտագործվող ներկապնակը բազմազան է և ներկայանում է օխրայի տար­բեր երանգներով` վարդագույնից մինչև կարմիր, բաց շագանակագույնից մինչև հագեցած մուգը և հազվադեպ սև գույնը: Զարդամոտիվի տեղադրումը անոթի մակերեսին թելադրված է գլխավորապես անոթի ձևով: Փակ անոթների դեպքում այն զետեղված է հիմնականում վերին հատվածի` շուրթի, վզի, կանթերի և իրանի ամենալայն հատվածի վրա: Տափաշշերի դեպքում զարդը զբաղեցնում է անոթի ուռուցիկ կողմը (փորիկը): Բաց անոթների դեպքում (թասեր, ըմպանակներ, գավաթներ, պնակներ և սկուտեղներ) նկարազարդված է անոթների՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին մակերեսը: Այսպիսով առկա է անմիջական կապ անոթի ձևի և զարդապատկերի միջև:

Զարդամոտիվներն ու պատկերները բազմազան են՝ երկրաչափական, բուսական, և ֆիգուրատիվ:

Տիգրանակերտի վարպետների կողմից սիրված և լայն կիրառում ունեցող երկրաչափական զարդապատկերներից են անոթը գոտևորող հորիզոնական հոծ գծերը, դեպի աջ կամ ձախ ուղղված փոքր անկյունները, ցանցկեն գոտիները, ներգծված եռանկյունները, հոծ եռանկյունիները, ուղղահայաց և հորիզոնական ալեձև գծերը, շղթաները, պարույրները և այլն:

Խեցանոթների գեղարվեստական հարդարանքում բուսական զարդաձևերն ավելի քիչ են հանդիպում և ներկայացված են գլխավորապես եղևնաձև և հասկ հիշեցնող զարդամոտիվներով: Ֆիգուրատիվ պատկերները հիմնականում հանդիպում են որսի տեսարաններում և ծիսական թեմաներով հորինվածքներում:

Նկ․ 4 Անկանթ գունազարդ կճուճ, Մարտակերտ։

Տիգրանակերտի անտիկ խեցեղենի մեջ թեև փոքրաքանակ, բայց յուրահատուկ խումբ են կազմում դրոշմազարդման եղանակով հարդարված անոթները: Դրոշմազարդ խեցեղենի բացառիկ օրինակներ են Ամրացված և Անտիկ թաղամասերի պեղումներով հայտնա­բերված ներքուստ ողկուզակիր գոտիներով հարդարված թասերի երեք տասնյակից ավելի բեկորները: Այս անոթների կոնաձև, սուր գագաթով դեպի ներքև ուղղված, կլոր գնդիկներով լցված դրոշմազարդ պատկերներն ամենայն հավանականությամբ խաղողի ողկույզ են պատկերում:

Ողկույզներով դրոշմվել են բացառապես բաց անոթները, որոնք նախատեսված են եղել հեղուկ/գինի ըմպելու համար: Խաղողի ողկույզներ կրող գավաթներն ու թասերն այն բանի վկայությունն են, որ Տիգրանա­կեր­տում անտիկ ժամանակաշրջանում զարգացած է եղել գինեգործությունը:

Հայաստանյան անտիկ հուշարձաններում, բացի Տիգրանակերտից, ողկուզակիր անոթներ դեռևս չեն վավերացվել: Այս փաստը, ինչպես նաև տիգրանակերտյան անոթների արդեն մատնանշված բազմազանությունը թույլ են տալիս հավանական համարել, որ վերոհիշյալ սևափայլ ոզկուզակիր անոթները տիգրանա­կերտ­յան արտադրության արգասիք են:

Արցախի Տիգրանակերտի անտիկ խեցեղենի ձևաբանական և գեղարվեստական հարդարանքի բազմազանությունը, դրա առանձնահատուկ կեր­պարը, որը հենց բնութագրական է Կուր գետի աջափնյակի համար, հնարավորություն է տալիս խոսելու Տիգրանակերտի մշակութային ֆենոմենի մասին: Այն մեկ անգամ ևս հաստատում է, որ քաղաքն անտիկ շրջանում եղել է Արցախ-Ուտիքի առևտրաարհեստավորական և մշակութային խոշոր կենտրոնը և մշակութային արժեքների փոխանցողը դեպի հյուսիս և արևելք: