Skip to main content

Դրամները

Տիգրանակերտի հնագիտական հետազոտության կարևոր արդյունքներից մեկն էլ դրամներն են, որոնք վերաբերում են մ.թ.ա. առաջին դարից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակներին: Դրանք կարևոր աղբյուր են ինչպես հնագիտական շերտերն ու գտածոները թվագրելու համար, այնպես էլ քաղաքի ապրանքային տնտեսության նկարագիրն ու առևտրա-մշակութային կապերը վերհանելու համար:

Հելլենիստական ժամանակաշրջանի դրամները

Պեղումների ընթացքում հայտնաբերվել է 7 հելլենիստական դրամ, որոնք բոլորն էլ մ.թ.ա. 1-ին դարում թողարկված պարթևական արծաթե դրախմաներ են։ Դրամները գտնվել են դամբարանների պեղումներից 2010, 2016 և 2017 թվականներին։ Քաղաքից դեպի հյուսիս-արևելք մեկ ու կես կիլոմետր հեռավորությամբ ի հայտ եկած ուշ հելլենիստական դամբարանադաշտում արշավախմբի կողմից բացվել են հինգ կարասային թաղումներ, ևս մեկ կարասային թաղում՝ ամրոցի տարածքում։ Յոթ դրամներից երեքը հայտնաբերվել են դամբարանադաշտում պեղված կարասներից երկուսի մեջ։ Մյուս չորս դրամները գտնվել են նույն դամբարանադաշտում կարասների հարևանությամբ տեղադրված քարարկղային դամբարանում։ Անտիկ թաղումների դրամական գյուտերը կարևոր նշանակություն ունեն Տիգրանակերտի հիմնադրման ժամանակը հստակեցնելու գործում: Թաղումներում վավերացված գունազարդ խեցեղենը նույնական լինելով հատկապես Ամրացված թաղամասում հայտնաբերված գունազարդ խեցեղենի հարյուրավոր օրինակների հետ, հստակորեն ցուցում է մ.թ.ա. 1-ին դարի առաջին կեսը, ինչը լիովին համապատասխանում է Արցախում և Ուտիքում Տիգրան II-ի կողմից համանուն քաղաքների հիմնադրման քաղաքական հանգամանքներին՝ այն է մ.թ.ա. 80-70-ական թվականներ:

Թիվ երկրորդ կարասի երկու դրամներից մեկը հայտնաբերվել է հանգուցյալի բերանում, մյուսը՝ կողոսկրերի արանքում (նկ․ 1)։ Կարասի մեջ գտնվել են նաև ոսկե փայլաթիթեղով պատված ապակե ուլունքաշար, բրոնզե հայելի, երկաթե մատանիներ, իսկ դրսի կողմից, կարասի հատակին հենված վիճակում՝ գունազարդ սափոր։

Նկ. 1 Երկրորդ կարասային թաղում, 2010 թ.:

Քարարկղային դամբարանի մեջ չորս դրամներ հայտնաբերվել են սկզբնապես թաղված չորս հանգուցյալների ոսկորների կույտի մեջ և նույն դամբարանում ավելի ուշ թաղված երկու հանգուցյալներից մեկի գանգի տակ (նկ․ 2)։ Դամբարանում եղել են նաև բրոնզե կիսալուսնաձև մեդալիոն, լավ պահպանված գունազարդ սափոր և մեկ այլ գունազարդ սափորի բեկորներ։

Նկ. 2 Քարարկղային թաղում, 2016 թ.:

Թիվ հինգերորդ կարասում հանգուցյալի կմախքի շատ վատ պահպանվածության պատճառով դրամի տեղադրությունն անորոշ է (նկ․ 3)։ Կարասում եղել են նաև ապակե մածուկից պատրաստված ուլունքներ, բրոնզե և երկաթե մատանիների բեկորներ։

Նկ. 3 Հինգերորդ կարասային թաղում, 2017 թ.:

Դրամներից վաղագույնը պարթևական անհայտ արքայի թողարկում է. և թվագրվում է մ.թ.ա. 80-70-ական թվականներով (նկ. 4.1)։ Այն գտնվել է Որոդ II-ի (մ.թ.ա. 57-34 թթ.)  երեք դրախմաների հետ նույն դամբարանում։ Ըստ ՀՊԹ հավաքածուի տվյալների, նրա դրախմաներից կան Սառնակունքի գանձում, Սիսիանի իշխանական դամբարանում, և մեկ դրամ էլ հայտնաբերվել է Ծաղկաձորում։

Միհրդատ III-ի (մ.թ.ա. 57-54 թթ.) դրախման  նույնպես գտնվել է Որոդ II-ի դրախմայի հետ միասին՝ երկրորդ կարասային թաղման մեջ (նկ. 4․2)։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի մեջ, Միհրդատ III-ի երեք դրամ ծագում են Սառնակունքի գանձից։

Պեղումներով հայտնաբերված մնացած հինգ դրախմաները  Որոդ II արքայի տարբեր թողարկումներ են (նկ. 4․3-7)։ Հարավային Կովկասում մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերի դրամական գտածոներում պարթև երկու մեծանուն արքաների՝ Միհրդատ II-ի  (մ.թ.ա. 123-88 թթ.) և, հատկապես, Որոդ II-ի  (մ.թ.ա. 57-38 թթ.) դրախմաները բացարձակ մեծամասնություն են կազմում։ Միհրդատ II-ի մահվանից հետո, տարածաշրջանում գերիշխանության հասնելու համար պարթևների հետ հաջողությամբ մրցակցում էր Հայոց արքա Տիգրան II-ը (մ.թ.ա. 95-55 թթ.), իսկ նրա որդին՝ Արտավազդ II-ը (մ.թ.ա. 55-34 թթ.), հռոմեացիներին հաղթած պարթև արքա Որոդ II-ի դաշնակիցն էր։ ՀՊԹ հավաքածուն պարունակում է Որոդ II-ի 157 դրախմա։ Դրանցից 11-ը Սառնակունքի գանձից են, իսկ 22-ը Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից։

Նկ․ 4 Տիգրանակերտի պեղումներով հայտնաբերված դրամներ։

Տիգրանակերտի դամբարաներում հայտնաբերված դրամներից երեքը Եկբատանի, երկուսը՝ Ռագա-Արսակիայի, և մեկական դրամ Միհրդատկերտի ու Սուզայի թողարկումներ են։ Յոթ դրամներից առաջին վեցը թողարկվել են մեր տարածաշրջանին ամենամոտ գտնվող ու նաև ամենաառատ արտադրանք տվող դրամահատարաններում։ Բնական է, որ այդ քաղաքներում թողարկված դրամները գերակշռում են ոչ միայն Արցախի Տիգրանակերտում, այլև ողջ Հարավային Կովկասում։

Կարող ենք նկատել, որ դրամներ պարունակող երեք թաղումներում էլ ներկա են Որոդ II-ի դրախմաները, որոնք ժամանակագրորեն ամենաուշն են տվյալ դամբարանային համալիրում։ Այս հանգամանքը և թաղումներում Որոդ II-ին հաջորդած Հրահատ IV (մ.թ.ա. 37-2 թթ.) արքայի դրամների բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ վերոնշյալ թաղումները մ.թ.ա. 50-ականների վերջից մինչև 30-ականների առաջին կեսն ընկած ժամանակահատվածով թվագրելու համար։

Հարավային Կովկասում հայտնաբերված դրամական գանձերը և մեկուսի գտածոները  վկայում են, որ մ.թ.ա. 2-րդ վերջին տասնամյակներից մինչև մ.թ.ա. 1-ին դարի վերջին երրորդն ընկած ժամանակահատվածում Հայաստանի, Իբերիայի և Աղվանքի դրամական տնտեսության մեջ տարբեր երկրներից այստեղ հասած դրամական զանգվածում պարթևական դրախմաները գերակշռել են։ Մ.թ.ա. 1-ին դարի վերջին տասնամյակներից, բայց ավելի շատ մ.թ. 1-ին դարից սկսած Հայաստանում պարթև արքաների դրամները գրեթե դադարում են որևէ դեր խաղալ՝ իրենց տեղը զիջելով Հռոմեական կայսրության տարբեր վայրերում, մասնավորապես արևելյան դրամահատարաններում թողարկված ոսկե, արծաթե և պղնձե դրամներին։ Իսկ Իբերիայում և Աղվանքում, հատկապես առաջինում, հռոմեական դրամների նշանակալի աճին զուգընթաց, մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսից սկսած և առավելապես 2-րդ դարում, լայն տարածում են գտնում այսպես կոչված գոտարզյան տիպի պարթևական դրախմաները (Դրամագիտության մեջ ավանդաբար կիրառվող այս պայմանական անվան տակ նկատի են առնվում Արտավան II-ի (10-38 թթ.), Գոտարզ II-ի (40-51 թթ.) և Արտավան III-ի (80-90 թթ.) դրախմաները և մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսում և 2-րդ դարում սրանց նմանությամբ պատրաստված այլ արծաթե դրամները, որոնք Հայաստանում հազվագյուտ են։

Տիգրանակերտյան դամբարաններում դրամների առկայությունը և պեղված դամբարանների քանակի համեմատ դրանց բավական մեծ թիվը վկայում են զարգացած դրամական տնտեսություն ունեցող քաղաքի մասին։ Համեմատության համար արժե հիշատակել Տիգրանակերտից դեպի արևելք, մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Գալաթեփեում հայտնաբերված, 26 հեկտար տարածք զբաղեցնող անտիկ քաղաքատեղին, որի դամբարանադաշտում պեղվել են 3 հիմնահողային և 14 կարասային թաղումներ։ Ոչ մի դամբարանում դրամ չի հայտնաբերվել։

Հարավային Կովկասում դամբարանները հելլենիստական, հռոմեական և տեղական դրամական թողարկումների հիմնական «մատակարարներից են» և վերջին տասնամյակներում կատարված պեղումների շնորհիվ դրանց քանակը պետք է զգալիորեն ավելացած լինի ողջ տարածաշրջանում։ Համալիր մի ուսումնասիրություն՝ հարավկովկասյան դամբարանային նյութերի ընդգրկմամբ, կարող էր հեռանկարային լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, էթնիկ փոխհարաբերությունների ուսումնասիրության տեսանկյունից։

Միջնադարյան դրամներ

Տիգրանակերտը, գտնվելով Աղվանքի մայրաքաղաք Պարտավի հարևանությամբ, զբաղեցնելով սահմանային դիրք Իրանի և Ալանաց դռների (Դերբենդ) միջև, պահպանել է իր ռազմավարական և տնտեսական նշանակությունը նաև միջնադարում՝ 6-13-րդ դարերում: Տիգրանակերտը սասանյան տիրապետության տակ գտնվող սահմանային նշանակություն ունեցող կետ է եղել, ինչով էլ կարելի է բացատրել այստեղ վաղ միջնադարյան դրամների սակաթիվ լինելը՝ երկու սասանյան և մեկ բյուզանդական դրամ։ Պատմական այդ ժամանակաշրջանում քաղաքները մեծ թիվ չէին կազմում և ապրանքային շուկան բավարար զարգացած չէր։

Սասանյան արքա Կավադ I-ի (488-496, 499-531 թթ.) պղնձե դրամը խիստ մաշված է, սակայն այն, ինչ նշմարվում է պատկերագրությունից, ինչպես նաև՝ պղնձե դրամի համար հատաձույլի այսպիսի անսովոր բարակությունը թույլ են տալիս եզրակացնել, որ այն ընդօրինակություն է (նկ. 5.8)։ Կավադի երկրորդ անգամ իշխանության գալուց հետո տանուտիրական Հայաստանը նորից դառնում է մարզպանություն և կառավարվում է պարսիկ մարզպանների կողմից: Նրա օրոք վերանում են նաև Վրաց և Աղվանից թագավորությունները: Իբն ալ-Ասիրը գրում է «Ապա Կավատը…. Առանում կառուցեց Բայլական քաղաքը և Պարտավը (Բարդա), որն ամբողջ սահմանային գոտու (գլխավոր) քաղաքն է….» ….»։ Կավադ I-ի` 35-րդ տարով են թվագրվում ARM (Հայաստան) և ARAN (Աղվանք) դրամահատարանների հիշատակությամբ առաջին թողարկումները: Պղնձե “դրամի” եզրագոտուն հինգ անցք է արված։ Այն հավանաբար օգտագործվել է որպես հագուստի զարդ։

Տիգրանակերտում հայտնաբերված մյուս սասանյան դրամն արծաթից է։ Այն խիստ մաշված վիճակում է, սակայն նշմարվող որոշ մանրամասներից կարելի դատել, որ այն ուշ սասանյան թողարկում է, ամենայն հավանականությամբ՝ Խոսրով II-ի (590-628 թթ.; նկ. 5.9)։

Տիգրանակերտի կենտրոնական թաղամասում, մեծ եկեղեցուն մոտ, գտնվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի պղնձե դրամ՝ 20 նումիա անվանական արժեքի (նկ. 5.10)։ Այն հատվել է Կարթագենում, կայսեր իշխանության 12-րդ տարում (538 թ․)։ Բյուզանդական դրամի այստեղ գտնվելն ավելի շուտ կարող է լինել Հուստինիանոս կայսեր և Կավադ արքայի օրոք տեղի ունեցած պարսկա-բյուզանդական պատերազմների, քան առևտրատնտեսական կապերի արդյունք։

Տիգրանակերտից առ այսօր հայտնի չէ Արաբական խալիֆայության որևէ դրամ, չնայած այն փաստին, որ այդտեղից ոչ հեռու գտնվել է Աղվանքի կենտրոն Պարտավ/Բարդա քաղաքը, որտեղ արաբները հատել են մեծ թվով արծաթե և պղնձե դրամներ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջնադարյան խոշոր բնակավայրերի պեղումներով գտնված դրամների էական մասը, որպես կանոն, պղնձե թողարկումներ են լինում, ինչը քաղաքի՝ որպես առևտրի և արհեստների կենտրոնի բնորոշ հատկանիշն է։ Այդ է վկայում նաև Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի պեղումների ընթացքում հայտնաբերված դրամական գտածոների կազմը: Դրանք Ելտկուզյան (կամ Իլդեգիզյան) կառավարիչների թողարկած պղնձե դրամներ են։ Դրամներից երկուսը այդ հարստության հիմնադիր՝ աթաբեկ Շամս ադ-Դին Ելտկուզի (1136-1175 թթ.) թողարկումներ են (նկ. 5.11-12)։ Վերջինիս նստավայրը Թարթառ գետի ափին գտնվող Պարտավ/Բարդա քաղաքն էր։ Մնացած 12 դրամները աթաբեկ Նուսրաթ ադ-Դին Աբու Բաքրի (1191-1211 թթ.) պղնձե թողարկումներ են (նկ. 5.13-22 և նկ․ 6.23-25)։ Ջահան Փահլևանի մահից հետո Ելտկուզյանների տարածքը բաժանվեց նրա որդիների միջև, որոնցից Աբու Բաքրին բաժին ընկավ Աղվանքը և հարակից մի քանի տարածքներ։ Նրա հիմնական նստավայրն էր Տիգրանակերտից ոչ հեռո գտնվող Գանձակը։ Հավաբար այս հանգամանքով կարելի է բացատրել արցախյան քաղաքում Աբու Բաքրի դրամների այսպիսի առատությունը։ Ուշագրավ է այն, որ ելտկուզյան 14 դրամներից 13-ը հայտնաբերվել են կենտրոնական թաղամասում՝ եկեղեցու շրջակայքում՝ 0-ից մինչև 3.5 մետր խորություններից։

Պեղումներից հայտնաբերված՝ այս ժամանակաշրջանի միակ արծաթե դրամը Ռումի սուլթան Կայ Քոբադ իբն Կայ Խոսրովի (1219-1236 թթ․) դիրհեմն է (նկ. 6.26)։

Սելջուկյաններից հետո նկատվում է դրամաշրջանառության երկարատև ընդհատում։ Հետաքրքիր է, որ չեն հայտնաբերվել մոնղոլական 13-16-րդ դարերի դրամներ.  փաստ, որը համապատասխանում է հնագիտական հետազոտության այն եզրակացությանը, որ Տիգրանակերտում հնագիտական միջնադարյան գտածոների թվագրման վերին սահմանը 13-րդ դարի առաջին կեսն է:

Նկ․ 5 Տիգրանակերտի պեղումներով հայտնաբերված դրամներ։
Նկ․ 6 Տիգրանակերտի պեղումներով հայտնաբերված դրամներ։

Նոր ժամանակների դրամներ

Դրամների հաջորդ խումբն արդեն վերաբերում է 18-րդ դարին և ներկայացված է Գյանջայում հատված՝ Գյանջայի խանության մեկ արծաթե (նկ. 6.27) և Փանահաբադում հատված՝ Ղարաբաղի խանության երեք պղնձե թողարկումներով։ Դրամները հայտնաբերվել են հնավայրի տարբեր հատվածներում։

Քաղաքի պարսպապատ տարածքից արևելք, սարի ստորոտում բխող աղբյուրի շրջակայքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի Ռուսական կայսրության պղնձե դրամներ (նկ. 6.31-33)։