Skip to main content

Հայերեն արձանագրություններով սկավառակը

Տիգրանակերտի հնագիտական գտածոների շարքում առանձնակի նշանակություն ունի 2008 թվականի հուլիսի 19-ին Վաղքրիստոնեական հրապարակի մեծ եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերված կավե փոքրիկ սկավառակը (տրամագիծը 7,5-7,8 սմ, հաստությունը` 0,5-1,0 սմ): Նրա մի երեսին փորագրված է շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչ (նկ. 1), մյուս երեսին` մորթենու գլխարկ կրող, բեխ-մորուքով տղամարդու դիմապատկեր (նկ. 2): Սկավառակի վրա փորագրված հայերեն արձանագրություններն արդեն իսկ կարևոր վկայություն են եկեղեցու, քաղաքի և ավելի ընդարձակ` Խաչենագետի ներքնահովտի վաղմիջնադարյան հայկական ինքնության: Այս գյուտի երկրորդ կարևորությունը զուտ հնագիտական-մշակութային է և կապվում է գտածոյի եզակիության և նրա գործառույթի հետ:

Նկ․ 1 Սկավառակի դիմերեսը:
Նկ․ 2 Սկավառակի դարձերեսը:

Սկավառակը գտնվել է եկեղեցու սալահատակի մակարդակից` հյուսիսային առաջին մուտքից մոտ երկու մետր դեպի արևմուտք, հյուսիսային պատի տակ` երկու մասի բաժանված: Ջարդվածքը հին է, ինչը ենթադրել է տալիս, որ այն սալահատակի վրա է ընկել որոշակի բարձրությունից: Արդյունքում բաժանվել է երկու մասի և կորցրել մի փոքրիկ բեկոր: Հավանական է, որ այն ի սկզբանե դրված է եղել պատի մեջ, գուցե հատուկ խոռոչում կամ պատրհանում (քանի որ սրբատաշ, իրար քիպ հպած սալերով շարված պատերում ճեղքվածքների առկայությունը բացառվում է): Ի վերջո այն ընկել է հրդեհի մեջ, որի հետևանքով տեղ-տեղ մրապատ է դարձել:

Սկավառակը պատրաստվել է լավ մաղված, խառնուրդներ չպարունակող բարձրորակ սպիտակավուն կավից (կաոլինից) և թրծումից հետո ստացել է սպիտակա-դեղնավուն երանգ: Դեռ թաց վիճակում նրա մի եզրի վրա շաղափել են երկու միջանցիկ անցքեր (պահպանվել է միայն մեկը, երկրորդը հավանաբար գտնվել է կորսված բեկորի վրա), որոնք, կապվում են նրա գործառույթի հետ: Սկավառակն ապա հղկվել է, պատվել նույն կավից պատրաստված անգոբով, փայլեցվել: Եզրերը հարթեցվել են սուր դանականման գործիքի օգնությամբ: Փորագրություններն արվել են թաց կավի վրա` հավանական է, մետաղյա գրիչների օգնությամբ: Ընդ որում, դատելով փորագիր առանձին բաղադրիչներից, օգտագործվել են երկու տարբեր գործիքներ: Դրանցից մեկն ունեցել է կտրող սայր, իսկ մյուսը` բարակ կլորացող ծայր: Սայրի օգնությամբ ստացվել է խաչային հորինվածքը (որն իրականացված է կտրվածքում եռանկյունի տարաչափ ակոսներով), կլորացող ծայրով փորագրվել են դիմապատկերն ու գրությունները: Փորագրությունից հետո սկավառակը թրծվել է, ինչի արդյունքում այն դեֆորմացվել է` դիմապատկեր կրող երեսը ստացել է ուռուցիկություն, խաչազարդ երեսն` ընդհակառակը, դարձել է գոգավոր:

Սկավառակի ուռուցիկ երեսի վրա (նկ. 3ա) փորագրված է տղամարդու կիսանդրի` աջ ուսը, ձգված վիզը, ուղղանայվածք (in face) երկարավուն դեմքը: Գլուխն ու ճակատը փակում է կարճ աղեղներից կազմված հորիզոնական ալիքներով հարդարված (ենթադրում ենք մորթյա, գուցե ոչխարենի) գլխարկը: Աչքերը ձվածիր են, քիթը` կարճ ու կանոնավոր, բեխերը միջին երկարության, մորուքը կարճ: Փորագրությունը սխեմատիկ է, և դժվար է դրա տակ ակնհայտ անհատական գծեր տեսնել: Այլ բան է, որ գլխարկը, բեխերն ու մորուքը կարող են որոշակի ստատուս ցուցել:

Հակառակ` գոգավոր երեսին (նկ. 3բ) փորագրված է խաչը շրջանի մեջ դասական հորինվածքը, որը վաղքրիստոնեական պատկերագրության ամենատարածված թեմաներից է: Հայկական հուշարձաններում այն մեծ տարածում ունի հատկապես 5-6-րդ դարերում: Նման հորինվածքներով քարե սկավառակների մասեր են գտնվել հենց Տիգրանակերտի նույն եկեղեցու պեղումներից, դրանք քանդակված են նաև Տիգրանակերտի մերձակայքում` Խաչենագետի ափին գտնվող ժայռափոր-պաշտամունքային համալիրում:

Նկ․ 3 Սկավառակի գրչանկարը:

Մի երեսին դիմապատկեր (որպես կանոն` կիսադեմ), իսկ մյուսին դավանանքի խորհրդանշան տեղադրելը շատ տարածված մի երևույթ էր անտիկ, բյուզանդական, սասանյան և հետագա բազմաթիվ այլ դրամական համակարգերում: Ուստի մենք մեծ հավանականությամբ կարող ենք ենթադրել, որ մեր սկավառակը որպես ընդհանրական նախօրինակ կարող էր ունենալ որևէ դրամ: Իսկ եթե նկատի ենք ունենում դիմապատկերի ակնհայտ սասանյան ոճը, ապա նույնիսկ կարելի է հավանական համարել, որ այն ազդված է հենց սասանյան դրամներից (անշուշտ բացառյալ խաչի կոնկրետ պատկերագրությունն ու հայերեն գրությունները):

Սկավառակը երկու կողմերի վրա էլ ունի հայերեն արձանագրություններ: Գրությունները համառոտ են, տառերի քանակը՝ սահմանափակ: Այսուհանդերձ ընդհանուր պատկերացում տառատեսակների մասին կազմել կարելի է: Գրությունները փորագրված են բոլորաձև (կամ բոլորգիծ) երկաթագիր տառերով: Տառերը համաչափ չեն, ոչ միշտ է պահպանված դասական համամասնությունը: Դրանք փորագրվել են առանց տողերի նախնական ուրվագծման, թաց կավի վրա, որի դեպքում նման շեղումներից տեխնիկապես պիտի որ դժվար լիներ խուսափել: Տառերի վայելչագրական հատկանիշները նման են 5-7-րդ դարերի մի շարք արձանագրությունների (Տեկոր, Երուսաղեմ, Արուճ, Մաստարա, Մրեն, Զվարթնոց): Մեր արձանագրության հնությանը չեն հակասում նաև պատվագրերը, որոնց առաջին օրինակները հայտնի են ամենաուշն արդեն 6-րդ դարից (օրինակ, Երուսաղեմի մոզաիկաներում):

Հայերեն տառերի որոշ նմուշներ են պահպանվել Վանքասարի գագաթին 7-րդ դարում կառուցված փոքր կենտրոնագմբեթ եկեղեցու քարերին փորագրված վարպետների նշանների շարքում (Գ, Զ, Թ, Ճ, Մ, Ո), սակայն դրանք անխտիր իրականացված են ուղղագիծ երկաթագրով: Նշելի են նաև Խաչենագետի ափին գտնվող ժայռափոր համալիրի հայերեն գրությունները` այս անգամ փորագրված բոլորգրով: Ցավոք մեր արձանագրությունների գրատեսակների հետ համեմատելի չէ և Գյավուրկալայի հայտնի արձանագրությունը, որը թեև իրականացված է բոլորաձև երկաթագրով, սակայն խիստ ձգված տառաձևերն ու կապգրությունների առատությունը ցուցում են լիովին այլ ոճ ու ժամանակ: Այս թվարկումներից կարելի է նաև եզրակացնել, որ Խաչենագետի ներքնահովիտը բավականին հարուստ է հայերեն վաղ արձանագրություններով:

Սկավառակի խաչազարդ երեսին` խաչի վերին ուղղաձիգ և ձախ հորիզոնական թևերի միջև փորագրված է «ԱՅ», որն «Աստուծոյ» բառի հապավումն է:

Հիմնական արձանագրությունը փորագրված է դիմապատկերով երեսին՝ դեմքի երկու կողմերում: Ձախ կողմում փորագրված է երեք, իսկ աջում` երկու տող: Եթե առաջին երկու տողերի տառերը (թե՛ ձախ և թե՛ աջ կողմում) փորագրված են ակոսով, ապա երրորդ տողի տառերն արված են մազագծով և հետագայում հավելվածի տպավորություն են թողնում:

Արձանագրությունը կարելի է կարդալ երկու տարբերակներով: Առաջին դեպքում մենք կունենանք «ԵՍ/ ՎԱՉ[Է]/ ԾԱՌԱՅ Տ[ԵԱՌ]Ն/ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ», երկրորդ դեպքում` «ԵՍ/ ՎԱՉ[ԱԳԱՆ]/ ԾԱՌԱՅ Տ[ԵԱՌ]Ն/ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ»: Եթե նկատի ունենանք, որ վերջին` «Ա[ՍՏՈՒԾՈ]Յ» բառն ամենայն հավանականությամբ հետագայի հավելում է, ապա արձանագրությունն ունեցել է «ԵՍ/ ՎԱՉ[Է]/ ԾԱՌԱՅ Տ[ԵԱՌ]Ն¦»կամ «ԵՍ/ ՎԱՉ[ԱԳԱՆ]/ ԾԱՌԱՅ Տ[ԵԱՌ]Ն» նախնական տեսքը:

Այժմ մի քանի խոսք սկավառակի հնարավոր կիրառության մասին: Սկզբում, երբ չէինք նկատել սկավառակի ստորոտում (սկավառակի ներքնամասը նրա այն դիրքում, երբ դիմապատկերն ուղղաձիգ է, իսկ արձանագրություններն ունեն հորիզոնական ընթեռնելի դիրք) արված միջանցիկ անցքը, հնարավոր էինք համարում, որ այն հավատացյալների կողմից եկեղեցուն մատուցված մի ընծա է` հիշատակային գրություններով: Մի երևույթ, որ լայնորեն տարածված էր վաղ քրիստոնեության ժամանակ: Սակայն նախօրոք արված կանոնավոր անցքն ավելի հավանական է դարձնում մի այլ ենթադրություն. սկավառակն այդ անցքով (գուցեև երկու անցքերով, որոնցից միայն մեկն է պահպանվել) անցկացրած թելի միջոցով կապվել է մի ինչ-որ իրի (օրինակ` փաթույթի, տուփի և այլն)` այսինքն այն կնքադրոշմի դեր է կատարել: Սկավառակն այդ անցքով չէր կարող կախվել որևէ ելուստից և ոչ էլ կարող էր կախվել վզից, քանի որ այդ դեպքում թե՛ դիմապատկերը և թե՛ արձանագրությունները դիտողի համար գլխիվայր դիրքում կհայտնվեին: Թվում է այս ենթադրության հետ լիովին համահունչ է և սկավառակի` կավից պատրաստված և թրծված լինելու հանգամանքը:

Նորից անդրադառնալով արձանագրության Վաչէ կամ Վաչագան անձնանվանը, նկատենք, որ երկու անձնանուններն էլ բավականին հայտնի են Կաղանկատվացու պատմությունից և մասամբ էլ վաղմիջնադարյան հայկական այլ աղբյուրներից: Հայտնի են առնվազն երկու Վաչե և չորս Վաչագան: Վաչագան Քաջ Արշակունին և նրան հաջորդած Վաչե առաջինը շատ ավելի առասպելական, քան իրական անձնավորություններ են: Որևէ տեղեկություն, բացի անունից, հայտնի չէ նաև Վաչագան երկրորդի մասին (նա Կաղանկատվացու մոտ հիշվում է Յաւչագան անունով): Առավել հանրահայտ են ենթադրաբար հինգերորդ դարի վաթսունական թվականներին գործած Քաջն Վաչե և հինգերորդ դարի վերջերին ու վեցերորդ դարի սկզբներին թագավորած Վաչագան Բարեպաշտ արքաները, որոնցից երկրորդն առաջինի եղբորորդին էր: Նրանց մասին Կաղանկատվացու մոտ տեղ գտած ընդարձակ պատմություններն ունեցել են տարաբնույթ մեկնություններ, ընդհուպ մինչև նրանց պատմական անձ լինելու վերաբերյալ կասկածները: Մեր դեպքում ուշագրավ է, որ պատմիչը երկուսին էլ ներկայացնում է ավելի շատ որպես ողորմած քրիստոնյաներ, քան աշխարհիկ տիրակալներ: Չորրորդ Վաչագանը, որի մասին միայն մի հիշատակություն է պահպանվել, գործել է ութերորդ դարում: Պատմիչը նրան հիշում է արաբների` դեպի Խազիրք 714 թվականին կատարած արշավանքի կապակցությամբ, որպես «զԵռանշահիկն զՎաչագան ի Պատրիկեան Աղուանից իշխան զքաջ կորովի աջողակ աղեղնաւորն»:

Գտածոյի հայտնաբերման հնագիտական միջավայրը (այն գտնվել է 5-6-րդ դարերում կառուցված եկեղեցու սալահատակի վրա, սրահի միջնամասում, հյուսիսային պատին կից), խաչի պատկերագրությունը և արձանագրությունների տառաձևերը հիմք են տալիս սկավառակը թվագրել ամենավաղը 5-րդ դարի վերջերով և ամենաուշը` 7-րդ դարի սկզբներով:

Ըստ Կաղանկատվացու Պատմության մեջ տեղ գտած լեգենդար զրույցների, եթե Վաչե երկրորդը հրաժարվել է թագավորությունից, ավետարան վերցրել և վանք մտել, ապա Վաչագան Բարեպաշտը զբաղվել է սրբերի մասունքները հավաքելով և եկեղեցական ժողովներ գումարելով, որոնցից ամենահայտնին Աղվենի հռչակավոր ժողովն էր: Այսինքն` Վաչագան Բարեպաշտի կյանքում բազմաթիվ են եղել իրավիճակները, երբ արքայական «դրոշմակնիքով» կարող էին վավերացվել եկեղեցական փաստաթղթեր կամ մասնատուփեր: Եվ հենց նման դեպքերում էր, որ արքան կարող էր հանդես գալ ոչ թե աշխարհիկ, այլ եկեղեցական «տիտղոսաշարքով»:

Տիգրանակերտի այս գտածոն փաստորեն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է, և լավագույն փաստարկն է Խաչենագետի ներքնահովտի վաղքրիստոնեական-հայկական դիմագծի, որը պատմական մի շարք այլ սկզբնաղբյուրների տվյալներով ուրվագծվում էր և մինչև այս գյուտը: