Skip to main content

Անտիկ թաղամասերը

Արցախի Տիգրանակերտի բուն քաղաքային թաղամասերը զբաղեցրել են Վանքասարի ստորոտում, հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգվող հարթավայրային տարածքները:

Անտիկ քաղաքի թաղամասերի ուսումնասիրութունն իրականացվել է 2012-2015 և 2019-2020 թվականներին, քաղաքային տարածքի հարավային մասում, իրարից 114 մետր հեռավորությամբ գտնվող տեղամասերի պեղումների միջոցով: Տեղամասերը պայմանականորեն անվանվել են Անտիկ առաջին թաղամաս և Անտիկ երկրորդ թաղամաս (նկ. 1):

Անտիկ առաջին թաղամաս: 2010 թվականին այստեղ պատահականորեն հայտնաբերված միջնադարյան քարարկղային դամբարանի պեղումները պարզեցին, որ թաղումը կատարվել է անտիկ մշակութային շերտի մեջ: Պեղումների համար ընտրվեց այդ դամբարանից արևմուտք սփռված տարածքը, ուր պեղվեց 700 քառ. մետր մակերեսով մի հատված: Արդյունքում 1,25 մետր խորության վրա բացվել է բնակելի-տնտեսական ընդարձակ մի համալիր, որն ունի կառուցողական և ժամանակագրական երեք շրջան՝ հնագիտական շերտերի հաջորդական կանոնավոր պատկերով: Վերին՝ վաղմիջնադարյան մշակութային շերտը (մ.թ. 4-րդ դարի երկրորդ կես – 7-րդ դար) ներկայանում է առանձին քարե հողախառը շարվածքներով, որոնք ամբողջական սենյակների պատկեր չեն կազմում: Դրանք ուղեկցվում են թոնիրներով ու խեցեղենով: Շարվածքների հիմքերը դրվել են միջին շերտի` ուշ անտիկ (մ.թ. 2-րդ դարի երկրորդ կես – 4-րդ դարի առաջին կես) պատերի կամ դրանք ծածկող հում աղյուսների թափվածքների վրա: Ուշ անտիկ պատերը իրենց հերթին բարձրացվել են թաղամասի ստորին` ուշ հելլենիստական (մ.թ.ա 1-ին դարի սկիզբ – մ.թ. 2-րդ դարի առաջին կես) սենյակների պատերի վրա (նկ. 2):

Նկ. 1 Անտիկ պեղված թաղամասերի օդալուսանկարը, 2020 թ.։                                                                               
Նկ. 2  Առաջին թաղամասի համայնապատկերը արևմուտքից և հատակագիծը, 2015 թ.:

Այս շերտում բացվել է հյուսիս-հարավ ձգվող առանցքային մի պատ (երկ.՝ 25,50 մետր, լայն.՝ 0,90-1,10 մետր) որի երկու կողմերում սփռված տարածքները կառուցապատվել են բավական մեծ չափերի քառանկյուն շինությունների խմբերով, կազմելով բնակելի–տնտեսական ընդարձակ մի համալիր (նկ. 3): 12 սենյակից կազմված համալիրն ունի պարզ և ռացիոնալ հատակագծային սխեմա: Այն օգտագործվել է ուշ անտիկ դարաշրջանում ևս ենթարկվելով որոշակի վերակառուցումների: Մեծ սենյակների տարածքները վերաբաժանելով՝ ստեղծել են նոր ավելի փոքրերը, փոխելով նաև դրանց գործառնական նշանակությունը:

Նկ. 3  Առաջին թաղամասի հարավ-հյուսիս ձգվող առանցքային պատը և դրան կից 9-րդ սենյակը, 2013 թ.:       

Անտիկ երկրորդ թաղամասի տարածքի ընտրությունը պայմանավորված էր այստեղով անցնող առվի կտրվածքում դիտվող հետքերի առկայությամբ: 2018-2020 թվականներին տարածքը հետախուզվել է և պեղվել նրա 300 քառ. մետր մի հատվածը (նկ. 4): Հիմնական կառույցները բացվել են 1,50-1,65 մետր խորության վրա: Շերտագրական պատկերն այստեղ շատ մոտ է առաջին թաղմասում բացահայտվածին: Վերին շերտում բացվել են փոքր ու միջին չափերի ճեղքած քարերով ու հողաշաղախով կառուցված շարվածքներ, որոնցով ուրվագծվել են մի քանի սենյակների անկյուններ և պատերի հատվածներ իրենց վաղ միջնադարյան խեցեղենի ամբողջական և բեկորատված նմուշների ուղեկցությամբ: Միջին շերտում (0,40–0,80 մետր խորության վրա) վավերացվել են 10 շինությունների մնացորդներ, որոնք ուղեկցվող նյութական մշակույթի տվյալներով վերաբերում են, ուշ անտիկ՝ դարաշրջանին (մ.թ. 2-րդ դարի երկրորդ կես – 4-րդ դարի առաջին կես): Ստորին՝ երրորդ մինչև հիմնահող հասնող շերտում, բացվել են երեսները հարթեցված քարերով, ուղղաձիգ շարված, ավելի լայն պատերով սենյակներ: Դրանք տեղադրված են ողջ պեղատարածքով` արևելք-արևմուտք ձգվող, կենտրոնական առանցք հանդիսացող պատի երկու կողմերում, ներկայացնում են կանոնավոր հատակագծային ցանց (նկ. 5-7):

Նկ. 4  Երկրորդ թաղամասի  համայնապատկերը հարավ-արևելքից և հատակագիծը 2020թ․:                                                                                  
Նկ. 5 Երկրորդ թաղամասի արևմուտքում բացված ուշ անտիկ մեծ սրահը, 2020 թ.:
Նկ. 6   Երկրորդ թաղամասի արևելյան թևում երկու անտիկ շրջանների պատերի շերտագրական  փոխհարաբերությունը, 2020 թ.։
Նկ. 7 Երկրորդ թաղամասի արևելք-արևմուտք ձգվող առանցքային պատը, 2020 թ.:

Երկու թաղամասերի պեղումներով վավերացրած ճարտարապետական, շինարարական և հնագիտական վկայությունների համալիր հետազոտությունը բացահայտել է, որ դրանք հելլենիստական Տիգրանակերտի քաղաքային տարածքի հարավային թևի հատվածներն են, որ կառուցվել են ճարտարապետական միասնական մտահղացմամբ: Կառուցապատումն իրականացվել մեծ չափերի քառանկյուն շինությունների խմբերով, որոնք տեղադրվել են հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք ձգվող առանցքային պատերի խաչաձևումից առաջացած սեկցիաների մեջ, ստեղծելով բնակելի–տնտեսական համալիրներ: Ուշ անտիկ դարաշրջանում, պահպանելով այս հիմնական հատակագծային սխեման, կատարել են որոշակի վերակառուցումներ, մեծ սենյակները վերաբաժանելով և նոր ավելի փոքրերը ստեղծելով: Ըստ երևույթին այն կապված է եղել քաղաքային բնակչության աճի հետ:

Քաղաքային կառույցների շինարարական տեխնիկայի տվյալները փաստում են, որ, տեղանքի կավահիմնահողի մեջ իջեցված սենյակների քարե հիմքերը և պատերի ստորին շարքերը իրականացվել են կավաքարային միջնալիցքով և քարե երկերես տեխնիկայով, իսկ վերնամասերը` հում աղյուսով: Սենյակները հաղորդակցվել են խոշոր, հարթերես քարերով ձևավորած կողապատեր և սալարկած շեմեր ունեցող մուտքերով: Սենյակներում փաստագրվել են կավաշաղախով ծեփած, տեղ–տեղ կրափոշով սպիտակեցման հետքեր կրող պատերի հատվածներ և ընտիր տոփանված, տնտեսական հատվածներում սալարկված հատակներ: Հատակների վրա իրարից որոշակի հեռավորության վրա պահպանված քառակող սալերը և խարիսխների բեկորները հուշում են փայտյա սյունաշար ունեցող սենյակների և փայտամած առաստաղների գոյության մասին: Առաջին թաղամասի արևմտյան կողմում բացված, խոշոր քարերով կոկիկ շարված հաստաբեստ պատերով ձևավորած կենտրոնական մուտքը, բացվելով երկարուկ միջանցք-անցուղու մեջ (երկ.՝ 6,50 մետր, լայն.՝ 2,00 մետր) ապահովել է հաղորդակցությունը համալիրի հյուսիսային և հարավային թևերի միջև (նկ. 8):

Նկ. 8  Առաջին թաղամասի արևմտյան թևում բացված կենտրոնական մուտքը և միջանցքը, 2014 թ.:

Պեղումների ընձեռած նյութերը լույս են սփռում նաև բնակավայրի բնակիչների կենցաղի, զբաղմունքների և տնտեսական գործունեության վրա: Սենյակներում պատերին կից, հատակի մակարդակից մի փոքր վեր ստեղծած հարթակների վրա կազմակերպած օջախ–կրակարանները, հիմնակավի մեջ իջեցված թոնիրները փաստում են սնունդի պատրաստման և բնակարանները ջերմությամբ ապահովելու միջոցների մասին, իսկ Անտիկ երկրորդ թաղամասի սենյակներից մեկում բացված, հում աղյուսներով կառուցված բուխարի–վառարանը խոսում է Արցախի Տիգրանակերտում հելլենիստական օյկումենի քաղաքակրթական այդ ձեռքբերման առկայության մասին: Համարյա բոլոր սենյակների որոշակի հատվածների սալարկված մակերեսներին ամրացված մարմարացող կրաքարե սանդերի, սանդկոթերի, դրանց հարևանությամբ տեղադրված աղորիքների ստորին ու վերին քարերի, տրորիչների առկայությունը խոսում են երկրագործական մթերքների մշակման ինտենսիվության մասին: Տնտեսական սենյակների հատակների մեջ իջեցրած տարաչափ կարասների, կճուճների, տաշտերի բեկորները, հսկայական աղորիքներն ու հնաբուսական նյութերի անալիզների տվյալները ներկայացնում են հելլենիստական քաղաքի զարգացման հիմքը հանդիսացող երկրագործա-այգեգործական տնտեսության, իսկ ձձումները, քամիչները, տարբեր չափերի կճուճները անասնապահական մթերքների մշակության զարգացման բարձր մակարդակը (նկ. 9):

Քաղաքում զարգացող արհեստների ապացույցներ են սենյակներում հայտնաբերված մետաղագործությունը ներկայացնող երկաթե զենքերն ու գործիքները (կոփածո կեռ դաշույններ, դանակներ, մկրատներ, սրածայր գործիքներ), բրոնզե նետասլաքները, մարմնի խնամքի և հարդարման միջոցները (հերուն, շքաքորոց, ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր, բրոնզե հայելիներ, մազխիլներ և այլն, նկ. 10):

Մանածագործությանը ծառայող, տարբեր նրբության թելեր մանելու թեշիկի տարաչափ գլխիկները, կարպետներ, գորգեր և այլ տեսակի գործվածքեղեն ստեղծող ջուլհակագործի հաստոցի կոնաձև, բրգաձև և բլիթաձև կավե ծանրոցների կույտերն ու կտուտիչները հանդիպում են մեծ քանակությամբ, ներկայացնելով այդ արհեստի գրաված տեղը քաղաքային տնտեսության մեջ (նկ. 11):

Նկ. 9   Թաղամասերի  պեղումների միջոցին հայտնաբերված խեցեղենի նմուշներ։
Նկ. 10   Մետաղագործության և քարագործության նյութեր:   
Նկ. 11   Ջուլհակագործության և ոսկորի մշակության հետ կապված գտածոներ:

Պեղումներով գտնվել են ոսկրե զանազան իրեր՝ դանակների բռնակներ, տարբեր չափերի երկսայր կտրիչ-քերիչներ, զարդաքորոցների, ճարմանդների մանր կոճակներ (նկ. 11): Քարագործությունը` ներկայանում է քարի մշակման երեք եղանակով ստեղծված տեսականիով. ա) կոպտատաշ, հարթատաշ և եզրատաշ մակերեսներով քարեր, որոնք կիրառվել են հելլենիստական շրջանի պատերի, սյուների, խարիսխների, հատակների սալահատակների ստեղծման համար, բ) քարի գեղարվեստական մշակմամբ ստեղծված մանր առարկաներ՝ օձաքարե անոթի հատակամաս, մարմարյա անոթի շուրթի բեկոր, կրաքարե խարիսխ-մանրակերտ, գավազանի քարե գլխիկ, քարե թասեր բեկորներ (նկ. 10), գ) քարե գործիքներ. կոկիչներ, հղկիչներ, սրոցաքարեր (նկ. 10), սանդեր, աղորիքների քարեր, դռան կրունկներ, ռմբաքարեր և այլն: Հայտնաբերված ապակեգործական արտադրանքը թեև շատ առատ չէ, բայց ներկայանում է երկու ժամանակաշրջանների ապակագործական արտադրանքի փայլուն նմուշներով: Եզակի է կիսագնդաձև իրանով, շուրթը ներս հակված գավաթի մասը: Այն ստացվել է կաղապարում, բաց կանաչավուն երանգի ապակե մասսայից, հաստապատ է և ընտիր փայլեցրած (նկ. 12): Հնագիտական գտածոների մեջ բացարձակ մեծամասնություն կազմող խեցեղենը  (սպասք, խոհանոցային և տնտեսական խեցեղեն) և հատկապես հելլենիստական գունազարդ օրինակները տեսականու շքեղությամբ և սևափայլ ընտրանու ձևերի առատությամբ ու բացառիկությամբ ներկայացնում են այդ արհեստի ծաղկման գագաթնակետը տարածաշրջանում (նկ. 9):

Նկ. 12   Ապակյա թասի բեկոր:

Տարբեր երկրներից կենցաղի և պաշտամունքի ներմուծված առարկաները (սև լաքապատ լեկիֆի, մատնեքավոր իրանով ամֆորաների, ունգվենտարիումների, անտիկ ջնարակապատ անոթների, թրծակավային արձանիկների, խնկարկման անոթի, թրծակավային արձանիկների բեկորներ նկ. 13) փաստ­արկներ են ընձեռում պնդելու, որ թաղամասերում ապրող բնակիչները վարել են քաղաքային կենցաղ, զբաղվել են ոչ միայն երկրագործական, անասնապահական մթերքների մշակությամբ, արհեստագործությամբ, այլև վարել են աշխույժ առևտրական և մշակութային հարաբերություններ թե հայրենական, թե հարևան տարածաշրջանների հելլենիստական քաղաքային կենտրոնների հետ:

Նկ. 13 Ներմուծված իրեր:

 Հետագա դարերում հարավային թաղամասի հետազոտված այս հատվածները վեր են ածվել դամբանադաշտի, որտեղ կատարված ուշ թաղումները մեծ վնաս են հասցրել բնակավայրի այս թևի շինությունների և մշակութային շերտերի ամբողջականությանը: Արշավախմբի հնեամարդաբան Պոլ Բեյլիի այդ թաղումների մարդաբանական տվյալների բազմաչափ ուսումնասիրությունը պարզել է, որ թաղումները վերաբերում են 12–13-ին դարերին, ինչը համահունչ է հնագիտական ուսումնասիրությունների տվյալներին, քանի որ այդ դարաշրջանի շերտ, իրեն բնորոշ կառույցներով, խեցեղենով, հատկապես միջնադարյան ջնարակ տեսականու առկայությամբ, անտիկ թաղամասերում չի փաստագրվել, ինչը հաստատապես առկա է Ամրացված և Կենտրոնական թաղամասերում: Բնակավայրի այս թևում, կյանքն, ըստ երևույթին, դադարել է 6-7-րդ դարերում:

Նկ. 14 Ներմուծված իրեր: