Skip to main content

Պեղումները

Տիգրանակերտի 2006-2020 թվականների պեղումներով (նկ. 1) բացվել են քաղաքի անտիկ Ամրացված թաղամասի Միջնաբերդի վերին հատվածը, Միջնաբերդը թաղամասից բաժանող 83 մետր երկարություն ունեցող պարիսպ-հենապատը, նույն թաղամասի հարավային պարիսպների մոտ 450 մետր ձգվող ժայռափոր հիմքերը, հյուսիսային պարիսպների մինչև 5 մետր բարձրություն ունեցող և մոտ 345 մետր ձգվող հատվածը, հարավ-արևելյան պարսպի մոտ 40 մետր հատվածը, Անտիկ առաջին թաղամասը, Ժայռափոր հնձանը, Արքայական աղբյուրներին կից ջրավազանը, Կենտրոնական թաղամասի վաղքրիստոնեական հրապարակը` զույգ եկեղեցիներով, խաչակիր մոնումենտալ կոթողի մնացորդներով և վաղքրիստո­նեական տապանաբակով հանդերձ: Մասնակիորեն պեղվել են անտիկ կարասային դամբարանադաշտերից մեկը (Արևելյան դամբարանադաշտ), 19-րդ դարում կառուցված Փոստային կայանի մնացորդները, Երկրորդ անտիկ թաղամասը: Ցիցսարի գագաթին պեղվել է վաղքրիստոնեական դամբարան-մասունքարանը և մատուռը: Քաղաքի հիմնական համալիրները հասկանալու համար հատկապես կարևոր էին Ամրացված թաղամասի, անտիկ թաղամասերի, արևելյան դամբարանադաշտի և Վաղքրիստոնեական հրապարակի պեղումները:

Նկ․ 1 Տիգրանակերտի և շրջակայքի հուշարձանները և հնագիտական հետազոտության ենթարկված համալիրները.
1. Ամրացված թաղամասը, 2. Վաղքրիստոնեական թաղամասը, 3. Առաջին անտիկ թաղամասը, 4. Վաղքրիստոնեական դամբարանադաշտը, 5. Արևելյան անտիկ դամբարանադաշտը, 6. Ժայռափոր հնձանը, 7. Արքայական աղբյուրները, 8. 18-րդ դարի մզկիթն ու ջրավազանը, 9. Անտիկ երկրորդ թաղամասը, 10. Ցիցսարի սրբարանները:

Տիգրանակերտի ինքնության պարզաբանման համար` սկսած հետախուզական առաջին իսկ քայլերից, առանձնակի կարևորություն ստացան Վանքասարի լանջի հարավային եզրն ի վեր ձգվող պարսպահիմքերի ավելի քան 450 մետր ժայռափոր հետքերը: Դրանց հստակ դիտելի աստիճանատեսք հատվածներն ադրբեջանցի հետազոտողները ժամանակին թյուրիմացաբար համարել են դեպի Վանքասարի գագաթին գտնվող 7-րդ դարի տաճարը տանող աստիճաններ, հանգամանք, ինչը հնարավորություն չի տվել հայտնաբերել քաղաքը: Պեղումները (նկ. 2) հնարավորություն տվեցին մանրամասնորեն պարզել, որ նախ ընտրվել են ժայռեզրի բնականորեն առավել անառիկ հատվածները, նախագծվել են ապագա պատն այնպես, որ այն բաղկացած լինի իրար հաջորդող կլոր (տեղանքի հետ կապված՝ երբեմն կիսակլոր) և ուղղանկյուն աշտարակներով և դրանք իրար կապող զիգզագ պատով: Հիմքերը հարթեցվել են, նախ գծել և փորվել են պարսպապատի արտաքին և ներքին ժապավենատեսք հատվածները, պատրաստվել են առաջին շարքի կվադրերի համար բներ:  Ապա բները լցրել են կրաշաղախով ու դրա մեջ ընկղմել կվադրերը:  Արտաքին և ներքին շարքերի միջև ընկած միջակայքը լցրել են կոպտատաշ ավելի փոքր քարերով, դրանց արանքները՝ կրաշաղախով:
Հյուսիսային պարսպատի պեղումները (նկ. 3) ցույց տվեցին, որ այն հիմնականում պահպանվել է կվադրերի մինչև վեց հորիզոնական շարքերով հանդերձ: Պեղումները հնարավորություն տվեցին պարզել կվադրերի մշակման և շարվածքի իրականացման տեխնիկական սկզբունքները (ռուստիկ կամ բարձիկատեսք կվադրեր, եզրային ֆասկաներ, ծիծեռնակապոչ կապեր, աշտարակներն ու զիգզագ պատերն իրար հպելու տեխնիկան), սեյսմիկ միջոցառումները (շարքի բարձրացում դեպի ծայրերը, պոլիգոնալ շարվածք), պարսպի և ժայռեղեն հիմքի միացման եզրերի լցոնում կրաշաղախով:

Նկ․ 2 Հարավային պարսպի պեղումները, 2007 թ.
Նկ․ 3 Հյուսիսային պարսպի պեղումները, 2007 թ.

Անտիկ երկու թաղամասերի պեղումները (նկ. 4) երևան բերեցին ուղիղ հատակագծումով կանոնավոր բազմասեկցիոն բնակելի-տնտեսական համալիրներ, հաճախ տոփանված հատակներով, արհեստագործական ու հացամթերքների մշակման հարմարանքներով:

Պեղումներով բացվել է նաև միջնաբերդի դարավանդը պահող ամրապատի մի հատվածը, ինչպես նաև վաղմիջնադարյան մի պատ, որը նստած է «ծիծեռնակապոչ» պատի վրա, պարիսպներին կից կառուցված կացարանների հետքերը` թոնիրներով հանդերձ: Փաստորեն վաղ միջնադարում փորձեր են արել պահել միջնաբերդի ռազմունակությունը, իսկ մոտավորապես 11-12-րդ դարերից սկսած այն կորցրել է իր ռազմական նշանակությունը: Միջնաբերդի գագաթային մասում իրականացված պեղումները ցույց են տալիս, որ 12-13-րդ դարերում այս հատվածը վեր էր ածվել խիտ բնակեցված թաղամասի: Միաժամանակ կարելի է վավերացնել անտիկ մոնումենտալ շինությունների հիմքերը: Ընդ-որում արդեն կարելի է փաստել, որ ժայռափոր են եղել ոչ միայն պարիսպները, այլ անտիկ բոլոր շինությունները:

Անտիկ արևելյան դամբարանդաշտի պեղումները (նկ. 5) ուշագրավ էին հատկապես կարասային թաղումների ֆենոմենը պարզելու համար: Դրանք հնարավորւթյուն տվեցին վերականգնել թաղման ծեսը, գույքի տեսականին, հայտնաբերել եզակի պատկերագրական մոտիվներով գունազարդված խեցեղեն անոթներ:

Նկ․ 4 Անտիկ երկրորդ թաղամասի պեղումները, 2018 թ.
Նկ․ 5 Անտիկ արևելյան դամբարանադաշտի պեղումները, 2018 թ.

Հնագիտական հետազոտության առաջին իսկ քայլերից սկսած  արշավախումբը հատուկ ուշադրություն էր դարձնում նաև քաղաքի միջնադարյան հետքերին: 2005 թվականի տեղանքի հետազոտությամբ արդեն հստակ էր, որ միջնադարյան մշակույթի նյութական հետքերն առատորեն դիտելի են ուշմիջնադարյան ամրոցից դեպի հարավ-արևելք ձգվող մոտ յոթ հա զբաղեցնող, շրջապատից 4-6 մետր բարձրությամբ առանձնացող տափարակում: Ակնհայտ էր, որ գործ ունենք դարերի մշակութային գործունեության հետևանքով առաջացած արհեստական բարձունքի հետ: Պայմանականորեն մեր կողմից Կենտրոնական անվանված (քանի որ այն Ամրացված թաղամասի, վաղքրիստոնեական գերեզմանոցի, անտիկ թաղամասերի և ուշմիջնադարյան ամրոցի համեմատ միջակա դիրք է գրավում՝ ասեք շրջապատված է նրանցով) այս թաղամասի ողջ տարածքում նկատելի էին քարաշեն կառույցների, ճարտարապետական զանազան բեկորների, թոնիրների, հորերի, հարյուրների հասնող հասարակ և ջնարակապատ խեցեղենի կտորտանքներ: 2006-2020 թվականների պեղումների (նկ. 6) արդյունքում բացվել են ոչ միայն եկեղեցական տարբեր կառույցներն ու կոթողների մնացորդները, այլև դրանց հաջորդած 9-11 և 12-13-րդ դարերի բնակելի-տնտեսական համալիրները, երկրագործական տնտեսությանը վերաբերող մի շարք գործիքներ, դրամներ, զարդեր, հասարակ և ջնարակապատ խեցեղենի և ապակու հազարավոր նմուշներ:

Նկ․ 6 Վաղքրիստոնեական հրապարակի պեղումները, 2008 թ.