Քաղաքի կառուցվածքը
Տիգրանակերտը հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր էր, որը հիմնադրվելով մ. թ. ա. առաջին դարում՝ հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը:
Բուն անտիկ քաղաքը զբաղեցրել է ավելի քան 70 հա տարածք: Այն բաղկացած է եղել Վանքասար լեռան լանջն ի վար` արհեստական դարավանդների տեսքով փռված, հզոր պարիսպներով շրջափակված ընդարձակ Ամրացված թաղամասից (նկ. 1), լեռան ստորոտում բխող հորդառատ աղբյուրներից և նրա շուրջը ստեղծված պուրակից (նկ. 2), հարթավայրում փռված չորս քաղաքային թաղամասերից (նկ. 3), գերեզմանոցներից, և ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններից, որոնք ոռոգվել են Խաչենագետից հանված ջրանցքով (նկ. 4): Ըստ էության քաղաքի կոնկրետ տեղի ընտրության գործում կարևոր դեր է խաղացել և աղբյուրների առկայությունը, որոնց շնորհիվ լուծվել է և քաղաքը խմելու ջրով ապահովելու խնդիրը:
Քաղաքի անմիջապես կողքով` մոտավորապես լեռների և տափաստանի սահմանագծով անցնում էր Սյունիք-Վիրք առևտրական ճանապարհը:
Անտիկ Տիգրանակերտը կառուցապատվել է հելլենիստական քաղաքաշինական առաջադեմ սկզբունքներին համաձայն (միասնական հատակագծում, տեղանքի եռանկյուն կառուցապատում, պարիսպների հարմարեցում տեղանքին ուղղանկյուն անցումների օգնությամբ, զիգզագ պարիսպներ, քառանկյուն և կլոր հզոր աշտարակների օգտագործում, ամրությունների հիմնում բացառապես ժայռափոր հիմքերի վրա, արհեստական դարավանդների ստեղծում) և առաջադեմ շինարվեստով (ռուստիկ մշակում և կանոնավոր ֆասկաներ ունեցող կվադրերի չոր շարվածք, «ծիծեռնակապոչ» կապեր, տարաբնույթ կրաշաղախների հավելյալ օգտագործում): Բոլոր կառույցներն իրականացվել են տեղական սպիտակ կրաքարով, ինչը քաղաքին տվել է սպիտակ արտաքին` այն տեսանելի դարձնելով հեռվից (նկ. 5):
Վաղքրիստոնեական (5-7-րդ դարեր) Տիգրանակերտն աչքի է ընկնում համաքրիստոնեական մի քանի ուշագրավ դրսևորումներով: Դա նախ և առաջ՝ լանդշաֆտի քրիստոնեական վերաձևավորումն էր՝ սրբազան դոմինանտների ստեղծումով տիգրանակերտյան գոգավորությունը պսակող երկու սարերի գագաթներին, Խաչենագետի մերձափնյա ուղղաձիգ ժայռում տեղադրված անտիկ թաղման կառույցը քրիստոնեական մենաստանի վերածելով և քաղաքի Կենտրոնական թաղամասում վաղքրիստոնեական հրապարակի ստեղծումով (նկ. 6), ինչը հնարավոր է դարձնում վաղքրիստոնեական Տիգրանակերտը համադրել Վաղարշապատի և Երուսաղեմի քրիստոնեական սրբազան լանդշաֆտների հետ:
Արաբական նվաճումներից ի վեր քաղաքը կորցնում է իր պաշտպանական գործառույթը, Ամրացված թաղամասի միջնաբերդը վեր է ածվում բնակելի թաղամասի, Վաղքրիստոնեական հրապարակը ավերվում է, բայց քաղաքն իր արհեստագործական-առևտրական գործառույթով ու ընդարձակ երկրագործական տնտեսությամբ շարունակում է գոյատևել մինչև 13-րդ դարի վերջերը:
18-րդ դարի կեսերին Արքայական աղբյուրներին կից, քաղաքի ավերակների վրա ամրոց և մզկիթ է կառուցում Արցախի հայ մելիքությունների կատաղի թշնամի Փանահը: